Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հաղթարշավն է շարունակում վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոնն ու այս տարվա փոխչեմպիոնն առայժմ հիանալի է հանդես գալիս եւ լավ հնարավորություն ունի նվաճելու նաեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
7-րդ տուրում Սամվելը նոր հաղթանակ տոնեց իրեն հետապնդող ՖԻԴԵ-ի վարպետ Անգել Արիբաս Լոպեսի նկատմամբ ու վաստակեց 6,5 միավոր: Մրցաշարի ավարտից 4 տուր առաջ հայ շախմատիստը մեկ միավորով առաջ է անցել մոտակա մրցակիցներ Սթիվեն Զիերկից, Ստեֆան Մազուրից եւ Տալ Բարոնից: Զիերկը ոչ-ոքի խաղաց Ալվար Ալոնսոյի հետ, Բարոնը հաղթեց Սետուրամանին, Մազուրն էլ պարտության մատնեց Յիլմազին: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակից Գրիգոր Դիլանյանը հաշտություն կնքեց Քրիստիան Կրուզի հետ: Դիլանյանը 4,5 միավորով 25-րդ տեղում է:
Սամվել Տեր-Սահակյանից հետո հայ շախմատիստներից 2-րդ արդյունքն ունի մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուել Պետրոսյանը: Նա հաշտություն կնքեց Քեմիլ Ալի Մարանդիի հետ եւ 5,5 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Առաջատարն ամերիկացի Կայդեն Տրոֆն է, որն ունի 6,5 միավոր: Նա հաղթեց Կրժիշտոֆ Դուդային: Առաջատարից կես միավորով է հետ մնում թուրք Վահապ Սանալը, որը հաղթեց Դիպթայան Ղոշին: Տարիքային այս խմբում հանդես եկող Միքայել Մկրտչյանը, Գոռ Ալեքսանյանը եւ Հրանտ Ալեքսանյանը վաստակել են 4-ական միավոր: 3,5 միավոր ունի Կարեն Կարապետյանը:
Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը 5 միավորով 10-րդ տեղում է: 7-րդ տուրում նա հաղթեց Մարչելո Վիլալբային: Առաջատարը 6,5 միավոր վաստակած լեհ շախմատիստ Քամիլ Դրագունն է: Նրան կես միավոր է զիջում իր հայրենակից Մարչին Կրժիժանովսկին:
Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Տիգրան Հարությունյանը 4,5 միավորով 21-րդ տեղում է: 7-րդ տուրում նա անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով Կիրիլ Ալեքսեենկոյին: Տարիքային այս խմբում պարզապես գերազանց ելույթ է ունենում լիտվացի Թոմաս Լաուրուսասը, որը հաղթել է բոլոր 7 պարտիաներում: Նա արդեն 1,5 միավորով առաջ է անցել իր մոտակա հետապնդողներից:
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն Սուսաննա Գաբոյանը եւ Մարիա Գեւորգյանը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր: Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Սուսաննան պարտվեց Ֆիլիզ Օսմանոդիային: Տուրն անհաջող էր նաեւ Մարիայի համար, որը պարտություն կրեց Մարիա Լեկսից: