Ֆրանսիական Կապ դ՚Ագդ քաղաքում անցկացվող արագ շախմատի մրցաշարի առաջին փուլն ավարտվեց: Դրա արդյունքներով երկու ենթախմբերի չորս լավագույն շախմատիստներն իրավունք ստացան պայքարը շարունակելու 2-րդ փուլում, որն անցկացվելու է նոկաուտ համակարգով:
Ցավոք, ֆրանսիահայ Տիգրան Ղարամյանին չհաջողվեց B ենթախմբում տեղ զբաղեցնել առաջատար քառյակում: 6-րդ տուրում Տիգրանը սեւերով զիջեց Յանիկ Պելետիեին, իսկ ավարտական պարտիան Վասիլի Իվանչուկի հետ ավարտեց ոչ-ոքի: Այսպիսով, Ղարամյանը 7 հնարավորից վաստակեց 3 միավոր եւ B ենթախմբում գրավեց 5-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց Վասիլի Իվանչուկը (5,5 միավոր), որը 6-րդ տուրում հաղթել էր Տատյանա Կոսինցեւային: Նույնքան միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց վիետնամցի Լե Կուանգ Լյեմը, որը նախ հաշտություն կնքեց Չժու Չենի հետ, ապա հաղթեց Կատերինա Լահնոյին: Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաեւ 4-ական միավոր վաստակած Յանիկ Պելետիեն եւ Յոն Լյուդվիգ Համերը:
A ենթախմբում լավագույն արդյունքը ցույց տվեց ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, որը վաստակեց 6,5 միավոր: Նրա հաղթարշավը 6-րդ տուրում հաջողվեց կասեցնել չինացի Բու Քսյանջիինՙ ոչ-ոքի ավարտելով պարտիան: Իսկ 7-րդ տուրում Նակամուրան իր 6-րդ հաղթանակը տոնեց Նադեժդա Կոսինցեւայի հետ մրցախաղում:
5,5 միավորով 2-րդ տեղը գրավեց Բու Քսյանջին, որը 7-րդ տուրում հաշտություն կնքեց Ռոման Էդուարդի հետ: Պայքարը կշարունակեն նաեւ վիետնամցի Նգուեն Նգոկ Չուոնգ Շոնը (4 միավոր) եւ հունգարուհի Հուդիթ Պոլգարը (3,5):
Եվ այսպես, որոշվեցին քառորդ եզրափակիչի զույգերը: Այս փուլում այսօր A ենթախմբի հաղթող Հիկարու Նակամուրան կմրցի B ենթախմբում 4-րդ տեղը գրաված Յոն Լյուդվիգ Համերի հետ: A ենթախմբում 2-րդը ճանաչված Բու Քսյանջիի մրցակիցը կլինի B ենթախմբում 3-րդ տեղը գրաված Յանիկ Պելետիեն:
Նույն սկզբունքով հոկտեմբերի 29-ին զույգեր կկազմեն Նգուեն Նգոկ Չուոնգ Շոնը եւ Լե Կուանգ Լյեմը, Հուդիթ Պոլգարն ու Վասիլի Իվանչուկը: Այս փուլում մրցակիցները միմյանց հետ 2 անգամ կհանդիպեն: Հավասար արդյունքի դեպքում կանցկացվի լրացուցիչ մրցախաղ: