Նոյեմբերի 9-ին Եվրոմիությունը կհրապարակի Թուրքիայի առնչությամբ զեկույցը: Ըստ թուրքական լրատվամիջոցների ոչ պաշտոնական տեղեկությունների, փաստաթղթում վերջերս անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն գնահատվել է որպես դրական քայլ այն դեպքում, երբ մարդու իրավունքների եւ մամուլի ու խոսքի ազատության առումով Թուրքիայի հասցեին նշանակալի քննադատություն կա զեկույցում:
Սահմանադրական փոփոխություններն ու անցկացված հանրաքվեն, ըստ տարբեր աղբյուրների, զեկույցում դրական են ներկայացվել Եվրոմիություն-Թուրքիա բանակցությունների համատեքստում: Ըստ այդմ, նոր սահմանադրությունը Թուրքիան կարող է դարձնել առավել ժողովրդավարական երկիր:
Դեռեւս չհրապարակված զեկույցից արվող մեջբերումների համաձայն, Թուրքիան ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, լավ տնտեսական ցուցանիշներ արձանագրում: Այս հանգամանքը, ըստ ԵՄ զեկույցի, կարող է հետագայում էլ մեծ դերակատարություն ունենալ, եթե զարգացվի որպես լրացուցիչ տարր Եվրոմիության հետ համագործակցության համատեքստում: Եվրոհանձնաժողովը, որը եւ ներկայացնելու է զեկույցը, ըստ նախնական տեղեկությունների, գտնում է, որ Թուրքիան պետք է բարեփոխումներ իրականացնի նաեւ մարդու իրավունքների եւ խոսքի ու մամուլի ազատության հարցերում:
Ա. Հ.