Այս մասին երեկ Ստեփանակերտում հայտարարել են Եվրոպայի խորհրդի պատգամավորներ Միշել Ռիվազին եւ Դամիեն Աբադը , որոնք ճանաչողական այցով ԼՂՀ մայրաքաղաք էին ժամանել` ունենալով Եվրոպայի հայ դատի անդամների հրավերը:
ԵԽ անդամներն օրվա ընթացքում հասցրել են մի քանի հանդիպումներ ունենալ: Մասնավորապես, նրանք կարճ ժամանակով ներկա են եղել խորհրդարանի հերթական լիագումար նիստին, հանդիպումներ ունեցել ԱԺ նախագահի ու պատգամավորների հետ, իսկ օրվա վերջին հյուրերին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Տեղի է ունեցել նաեւ հանդիպում ԼՂՀ փախստականների միության ներկայացուցիչների հետ, ԵԽ պատգամավորները ծանոթացել են փախստականներին հուզող խնդիրներին: Միշել Ռիվազիի խոսքով, Եվրոմիությունում քաջածանոթ են ադրբեջանցի փախստականների խնդիրներին, որովհետեւ վերջիններս դիմել են համապատասխան ատյաններ, իսկ ահա հայ փախստականների մասին բնավ տեղյակ չեն: Եթե հայերը եւս դիմեն, խոստացել է ֆրանսիացի պատգամավորը, իրենք անպայման կմիջամտեն, պարզապես անհրաժեշտ է այդ գործընթացն սկսել:
Ստեփանակերտյան հանդիպումները նպաստել են ծանոթանալու Արցախի իրական հնարավորութուններին, տեղեկացրել են ԵԽ անդամները:
Տիկին Ռիվազին մասնավորաբար նշել է, որ կոնկրետ ծրագրեր կան նախատեսված, որոնցում Ղարաբաղը նույնպես կընդգրկվի: Նրա համոզմամբՙ Եվրոպայի խորհրդի նախագահը պետք է հանդիպի ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ: Գործընկերուհուն հավելելովՙ Դամիեն Աբադն ասել է, որ կրթական, տնտեսական եւ այլ ոլորտներում Եվրոմիությունը կարող է լայն օժանդակություն ցուցաբերել Արցախին: Նրա կարծիքով, իբրեւ հայ ժողովրդին բարեկամ երկիր` Ֆրանսիան հատկապես պետք է համակողմանի օգնություն ցույց տա: Ինչ մնում է հակամարտության կարգավորմանը, ապա խաղաղ լուծումը բխում է ԵՄ սկզբունքներից, եւ այս առումով, ինչպես միշտ, իրենք ղարաբաղյան կարգավորման խաղաղ լուծման կողմնակից են:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ