Աստրախանում հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները հերթական եռակողմ հանդիպումն էին անցկացնում, թերեւս հերթական քննարկումներում հերթական հարցեր բարձրացնելով: Աստրախան ժամանած Ալիեւ կրտսերն այդ նույն օրը մասնակցեց նաեւ իր հոր, ադրբեջանցիների հոր, ընդհանրապես Ադրբեջանի հոր` Հեյդար Ալիեւի հերթական հուշարձանի բացման արարողությանը:
Երբ աշխարհի տարբեր ծայրերում, առիթ-անառիթ կանգնեցնում են ադրբեջանական հոր` Հեյդար Ալիեւի արձանը, այն էլ որեւէ պարագայում չխախտվող կանոնի համաձայն ադրբեջանական փողերով, անկասկած է մի բան, որ Ալիեւ կրտսերը, Ադրբեջանի բնակչությունն էլ այդ պատճառով, ունեն Ալիեւ ավագի բարդույթ:
Ադրբեջանի նախագահը, փաստորեն, եթե որեւէ այցելության դեպքում հոր արձանը չի տեսնում, անհանգստություն կամ անհարմարություն է զգում, քանի որ նրա այցելությունների գերակշիռ մասը սկսվում կամ ավարտվում է հոր արձանի բացմամբ:
Ուկրաինա այցելությունն էլ, որ երեկ կատարեց Ալիեւ կրտսերը, բնավ էլ բացառությունների ոլորտից չէր: Հերթական անգամ հերթական մի վայրում բացվեց «Ադրբեջանի համազգային հերոս Հեյդար Ալիեւի» անվան հրապարակ, որի օգտին քվեարկել էր Կիեւի խորհրդի պատգամավորների 1/4-ը: Այսպիսի որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել Ուկրաինայի նախարարների կաբինետի համապատասխան հանձնարարականն ու ուկրաինական արտգործնախարարության նամակը:
Այս ամենը, թեկուզ ուկրաինական «ընկերության» այդ յուրօրինակ դրսեւորումն ակամա հիշեցնում է խորհրդային տարիները, երբ յուրաքանչյուր քիչ թե շատ կշիռ ունեցողի կամ այդպիսին ունենալու հավակնություն ունեցողի կողքին որեւէ մի տեղ` սեղանին, պատին, աթոռին պետք է լիներ «մեծն» Լենինի նկարը կամ կիսանդրին: Ձեւապաշտության բովանդակազուրկ այս ցուցամոլությունը, հետաքրքրական է, թե մինչեւ ի՞նչ աստիճան կարող է մի երկրի բնակչության մեջ մեծացնել արդեն իսկ առկա բարդույթը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ