ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Աստրախանյան եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի բարձրաձայնած չափավոր լավատեսությունն առ այն, որ ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթաժողովին Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնեցված ինչ-որ որոշման հանգել, եւ բուն` Աստրախանում ընդունված գերիների փոխանակման մասին համատեղ հայտարարությունը մեկնաբանելիս Հայաստանի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մեծ ոգեւորություն չդրսեւորեցին: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը դեռ առավոտյան մամուլի ասուլիսում աստրախանյան հանդիպումն օգտակար էր գնահատել, «եթե Ադրբեջանը ցուցաբերի կառուցողական մոտեցում, այլ ոչ թե նախկինի նման բանակցային սեղանից գնալով խեղաթյուրի իրականությունը»: Իսկ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին ԼՂ խնդրում ընդհանուր սկզբունքների շուրջը համաձայնություն ձեռք բերելն, ըստ Շարմազանովի, կախված է ոչ միայն Ադրբեջանի կառուցողականությունից ու խոստումները կատարելու հետեւողականությունից, այլեւ ԼՂ դիրքորոշումից, «քանի որ առանց ԼՂՀ-ի հնարավոր չէ հասնել ինչ-որ հիմնարար համաձայնության. «Ադրբեջանը պետք է ապացուցի, որ ինքը պատրաստ է այդ հիմնարար սկզբունքների շուրջը աշխատել, այլ ոչ թե միայն խոսել», սեպեց նա: Բոլոր դեպքերում, ըստ Շարմազանովի, ավելի լավ են բարդ բանակցությունները, քան պատերազմը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի ակնկալիքը Աստրախանում երեք նախագահների հանդիպումներից չի արդարացել` չեն արծարծվել ԼՂ հակամարտության հիմնարար մոտեցումները` կարգավիճակ, անվտանգության երաշխիք եւ այլն:
Համատեղ հայտարարության վերաբերյալ էլ նկատեց, թե երբ տարբեր հարցերի, ասենք` գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանին առաջարկում են պայմանավորվել` այնտեղ միանգամից խուսափում են: Պարզ է դառնում, որ նրանց ավելի պետք է միայն իրենց քաղաքականությունը քարոզելը, իսկ դիրքերի մոտեցմանը բերող որեւէ քայլից նրանք խուսափում են: Ռուստամյանը չի սպասում, որ հարցերի լուծումներն արագ կստանանք այդ աստրախանյան համատեղ հայտարարությունից հետո, որովհետեւ այն ըստ էության ինչ-որ առումով նաեւ Մայնդորֆյան հռչակագրի շարունակությունն է. «Բայց Մայնդորֆից հետո մենք տեսանք` ինչպես Ադրբեջանը հրաժարվեց սկզբունքներից, մասնավորապես` ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքից, որն ամենակարեւորն էր Մայնդորֆում: Այնպես որ ես համոզված չեմ, որ այդ փաստաթղթերը կդառնան գործող փաստաթղթեր, եւ վաղը մենք ականատեսը չենք լինի ողբերգական հերթական պատահարիՙ սահմանում: Ամեն մի հանդիպման ժամանակ մենք մի զոհ տալիս ենք, այդ բոլորն իհարկե պիտի լուրջ քննարկման առարկա դառնան»:
Աստանայում կողմերի դիրքերն, ըստ Ռուստամյանի, կարող են մերձենալ միայն կարգավիճակի եւ անվտանգության հարցերի առաջնահերթ լուծման անհրաժեշտությունը ֆիքսելու եւ արձանագրելու պարագայում, որոնց վերաբերյալ նա առանձնապես դիրքորոշման փոփոխություն չի նկատում: Մասնավորապես Ադրբեջանի պահվածքը խիստ ապակառուցողական է` նրանք անընդհատ խոսում են տարածքներից, փաթեթի մեջ լուծումը չեն ուզում ընդունել, ամեն կերպ փորձում են փաթեթով լուծումը վերածել փուլայինի` առաջին կետում էլ դնել իրենց շահերի տեսակետից անհրաժեշտ լուծումը: Եթե Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը պետք է զիջի` բնականաբար չարաչար սխալվում է, որոովհետեւ «էս էն հարցը չէ, որ որեւէ իշխանություն էդ մանդատն ունենա` գնա ու զիջի էն հայեցակարգից, որը մեր ժողովուրդն ընդունել է երկու հանրաքվեներով. «Հրապարակված սկզբունքներից ոչ մեկը մեզ դույզն-ինչ չի մոտեցնում երկու հանրաքվեներով ժողովրդի արտահայտած կամքին` Արցախի խնդրի վերաբերյալ: Ինչ ակնկալիք: Մենք գնում ենք բանակցելու, նախ ասելով, որ Հայաստանը չի կարող փոխարինել Ղարաբաղին հենց այդ` կարգավիճակի, անվտանգության, տարածքների, փախստականների հարցերով»:
ԱԺ եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը կարեւոր համարեց նման հումանիտար հարցի վերաբերյալ գրավոր պայմանավորվածության ձեռքբերումը, ինչպիսին գերիների փոխանակումն է: Չնայած` նախկինում ձեռքբերված նմանատիպ բազմաթիվ պայմանավորվածությունների բազմիցս խախտումն Ադրբեջանի քաղաքական էլիտայի եւ այդ երկրի նախագահի կողմից այդ պայմանավորվածությունը իրացնելու հույս չի տալիս. «Ես ընդամենը կարող եմ հիշեցնել 2008-ի նոյեմբերի 2-ին Մայնդորֆում ստորագրված հռչակագիրը, որտեղ հստակ արձանագրված է ուժի սպառնալիքի չկիրառման մասին, բայց սեփական ստորագրությունը դնելու հաջորդ օրվանից առ այսօր Ադրբեջանի նախագահն ու քաղաքական էլիտան օրական մի քանի անգամ Հայաստանին սպառնում են պատերազմով, հենց երկու օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենք 90 տոկոսով ավելացնում են Ադրբեջանի ռազմական բյուջեն` աչի տակ ունենալով Ղարաբաղի խնդրի ռազմական ճանապարհով լուծումը, բայց, այսուհանդերձ, կարեւոր է, որ հրապարակային նման պայմանավորվածություն է ձեռք բերվում, եւ այն խախտողը հերթական անգամ միջազգային հանրությանն ի տես կդնի իր քաղաքական նկարագիրը»: Ն. Զոհրաբյանը մի փոքր լավատես չէ` հանդեպ Մեդվեդեւի հայտարարությունը, թե Աստանայում հնարավոր է հիմնարար սկզբունքերի շուրջը պայմանավորվածությունների ձեռքբերում, որովհետեւ լրագրողներին տված մեկնաբանության մեջ նույն Մեդվեդեըւ նշել է` հիմնարար սկզբունքների շուրջը դեռ պայմանավորվածություններ ձեռք չեն բերված. «Եթե լինի համատեղ հայտարարություն-հռչակագիր, ապա թերեւս դա կլինի Աքվիլայում նախագահների հայտարարության համատեքստում, ավելին ենթադրելի չէ, քանի որ կարեւորագույն հարցերի շուրջը պայմանավորվածություններ ձեռք բերված չեն, եւ Ադրբեջանը շարունակում է պնդել Ղարաբաղի ավտոնոմիայի վերաբերյալ` Ադրբեջանի ենթակայության ներքո, ինչն անընդունելի է»:
Ըստ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի` աստրախանյան հայտարարությունն անպայման հետեւանք պետք է ունենա` գործողությունների անցնելու առումով: Ժամանակ է պետք մի փոքր դրա համար. բոլոր դեպքերում Հայաստանն իր քայլերը` առաջարկներն արել է, հիմա հերթն Ադրբեջանինն է. «Ադրբեջանի գործնական քայլերը դեռ մենք չենք տեսել. «Կարծում եմ` գերիների փոխանակության վերաբերյալ երկուստեք շահավետ պայմանավորվածություն է` վերջապես գործընթաց պետք է սկսվի: Իսկ Աստանայում էլ հնարավոր է այնպիսի հանդիպում լինի, որի արդյունքում էլի ինչ-որ բան քաղենք: Գուցե մի թուղթ էլ այնտեղ դրվի սեղանին` առաջ չընկնենք, մինչ այդ երկրի նախագահն էլ երեւի այս մասին կխոսի»: