Անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Այս մասին Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպման առնչությամբ, ըստ ԱԳՆ հաղորդագրության, նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :
Ըստ Նալբանդյանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Աստրախանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանրամասները: «Առաջինը վերահաստատեցին Մայնդորֆում 2008 թ. նոյեմբերի 2ին ընդունված հռչակագրի դրույթները: Երկրորդը ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ», նշել է նախարարը: Նրա փոխանցմամբ, որպես երրորդ կետ նշվում է պայմանավորվածության ձեռքբերումըՙ «փոխանակել ռազմագերիներին եւ վերադարձնել դիակները, եւ այս պայմանավորվածությամբ առաջնորդվել նաեւ ապագայում»:
Նախագահները նաեւ, ըստ Նալբանդյանի, հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, փորձել պայմանավորվածության գալ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջը մինչեւ դեկտեմբերի սկզբին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿի գագաթաժողովը:
«Սա Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ յոթերորդ հանդիպումն էր վերջին երկու տարվա ընթացքում: Կարծում եմ, որ այս հանդիպումը, ինչպես եւ նախորդները, օգտակար էր եւ կարեւոր», գնահատել է Հայաստանի արտգործնախարարը:
Ադրբեջանական կողմն, իր հերթին, Աստրախանում փաստաթղթի ստորագրումը գնահատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման դրական արդյունք: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը այս հայտարարությանն, ադրբեջանական կողմին հատուկ տրամաբանությամբ, ավելացրել է, թե այդ կերպ հույս կա վերադարձնելու «ազգային հերոս Իբրահիմովի դին»:
Հստակ է, որ անգամ ամենապարզ շարադրանքը յուրաքանչյուրն ընկալում է շատ յուրովի, ուր մնաց տարբեր իրադարձություններում իրենց հանցագործ եւ ոճրագործ կեցվածքով «աչքի ընկածներին» «հերոս» պիտակելը: Սակայն Ադրբեջանի դեպքում հանցագործներին ազգային հերոս ներկայացնելը բնավ էլ նորություն չէ, անգամ եթե այդ հանցագործին դատում են այլ երկրի` հաստատապես առավել արդարամիտ դատարանում, քան կարելի է գտնել Ադրբեջանում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ