«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2010-10-27 | #197, 2010-10-28 | #198, 2010-10-29


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՔՅՈԼՆՈՒՄ

Այսօրՙ հոկտեմբերի 29-ին, ժամը 19.30-ին Քյոլնի Դոմֆորումում Արեն Էմիրզեի (Էմիրզյան) համերգով կմեկնարկեն ամենամյա դարձած հայ մշակույթի օրերը, որն ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ վերնագիր ունիՙ «Հայ արվեստն ու մշակույթն այսօր»: Մինչ նոյեմբերի 26-ը ձգվող մշակութային օրերը խոստանում են բազմածալ ու հետաքրքրական հանդիպումների շղթա, ուր հայոց լեզվին նվիրված Հասմիկ Հակոբյանի դասընթաց- նախագծից զատ ցուցադրվելու է 2009-ին Մերլին Սոլակհանի եւ Մանֆրեդ Բլանկի «Մոխիր եւ փյունիկ»ՙ Լեփսիուսի 150-ամյակին նվիրված 95-րոպեանոց վավերագրական ֆիլմըՙ բեմադրիչների եւ Լեփսիուսի արխիվի տնօրեն Հերման Գոլցի մեկնաբանությամբ:

Նոյեմբերի 14-ին նացիոնալ-սոցիալիզմի վավերագրության կենտրոնումՙ EL-DE Հաուսում անցկացվելիք «Հայոց ցեղասպանությունը օրինա՞կ էր Երրորդ ռայխի համար» վերնագրված զրույցը դժվար թե կայանաՙ կազմակերպիչների հույսը, թե միջոցառումը վարող գրող Դողան Աքհանլին մինչ այդ թուրքական բանտից ազատ կարձակվի, դեռեւս սին ցանկություն է մնում: ( «Ազգը» ԳԴՀ քաղաքացիություն ունեցող քյոլնաբնակ գրողի օգոստոսյան բանտարկության մասին իրազեկել է ժամանակին - Ան. Հ.):

Մշակույթի օրերի շրջանակներում հանդիպում կլինի նաեւ ARCO հրատարակչության տնօրեն Քրիստոֆ Հաաքերի հետ:Նրա ելույթի թեման էՙ Հայաստանի գրականությունը եւ գրականություն Հայաստանի մասին: Գրական երեկոն կլրացվի Արտակ Ոսկանյանի վոկալով, Ներսես Օհանյանի (ֆլեյտա), Արայիկ Հայրապետյանի (դաշնամուր) կատարումներով: Մշակույթի օրերի շրջանակներում հանդես կգա Քյոլնի Կոմիտաս երգչախումբը:

Մշակույթի օրերի կազմակերպիչներն, ինչպես ամեն տարի, գերմանահայոց առաջնորդարանի մշակույթի հանձնախումբն ու Քյոլնի կաթոլիկական ուսումնական կենտրոնն են: Մշակույթի հանձնախմբի ակտիվ անդամներից Սենդի Զուրիքօղլու Էրդողանն ասում է, թե շատ փոքր բյուջեով են կազմակերպում օրերը, իրենց համար շատ կարեւոր է, որ ամենամյա հաղորդակցությունը չխաթարվի: «Ակօսին» աշխատակցող Սենդին դժգոհում էՙ օրվա մեջ քաղաքականությունն այնքան շատ է, որ կարիք կա բժշկվելուՙ լավագույն դեղամիջոցը մշակույթն է, նաեւ շեշտում է, թե սա հրաշալի առիթ է հայ մշակույթը գերմանացիներին ներկայացնելու: Հաջորդ տարի մշակույթի օրերը Հայաստանի անկախության 20-ամյակին ենք նվիրելու, ասում է նաՙ հավատալով, թե կազմակերպչական հարցերում առավել շատ հոգատար ձեռքեր կհայտնվեն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4