«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2010-10-27 | #197, 2010-10-28 | #198, 2010-10-29


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՕՐ

Աշունը փոխում է կյանքի գույները: Եվ լավ է, որ տարվա ամենագունառատ եղանակին է հռչակվում նկարչության օրը: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հոկտեմբերի 24-ը հայտարարում է Համահայկական նկարչական օր: Հիմնադրամը արդեն 3-րդ տարին է, բնապահպանական թեմաներով նկարչական մրցույթներ է կազմակերպում: Քաղաքային միջավայրում դրանց անցկացման լավագույն վայրերը այգիներն են: Նախորդ երկուսը կազմակերպվեցին Անգլիական այգում, այս տարվանըՙ Սիրահարների, վերջինիս առավելությունը պայմանավորված էր ե՛ւ կազմակերպվածության մակարդակով, ե՛ւ գեղարվեստական հարդարանքով աչքի ընկնող այգու մակերեսի առանձին հատվածների գոյությամբ: Այգին նկարչական մեծ սրահի էր վերածվել, բացօթյա «ցուցասրահները» գրավիչ էին դառնում ստեղծագործական ընթացքի անմիջականությամբ: Երեխաների գույները բազմապատկել էին աշնանային այգու երանգապնակը:

Պատմելով կամ նկարագրելով դժվար է փոխանցել այն գեղեցկությունը, իրոք, հրաշալի գունեղ մթնոլորտը, որ տիրում էր Սիրահարների այգում: Այդ օրը մրցույթին մասնակցում էին չորս տարիքային խմբերՙ ընդգրկելով 5-30 տարեկան մասնակիցների: Ամենուրեք երեխաներ, պատանիներ, երիտասարդներՙ նկարակալների առաջ, մի մասը նստած ուղղակի խոտերին, անմիջական, անկեղծ: Արտակարգ հաճելի էր հետեւել նրանց կենտրոնացված, սեւեռված հայացքներին, վրձնի շարժումներին: Մինաս Ավետիսյանի անվ. նկարչական դպրոցի 4-րդ կուրսի ուսանող Ղարիբ Համբարձումյանը զուգահեռ սովորում է նաեւ քոլեջումՙ մասնակցելով հաշվապահական դասընթացների: Ասում էՙ դրանով պիտի դրամ վաստակի, որ կարողանա իր սիրած գործովՙ նկարչությամբ զբաղվել: Նրա բնանկար աշխատանքը միանգամայն տարբեր է մյուսներից, ակնհայտ է նկարչական ձիրքը: Երեւանի թիվ 5 արհեստագործական դպրոցի շրջանավարտ է Սեւակ Սահակյանը, ոսկերչությամբ է զբաղվում, նկարում է ձախ ձեռքով, վարժ: Նրա մատիտանկար գրաֆիկական աշխատանքը սիմվոլների միջոցով է արտահայտում բնապահպանական իր վերաբերմունքը. մարդկայինըՙ դիմակի տակ, ներքեւում վաղնջական շրջանի մշակույթի նշան-ժայռապատկերներ, հավերժության նշանըՙ բնության ատրիբուտներով: Մարգարիտա Սիմոնյանը «Արեգնազան» կրթահամալիրի 7-րդ դասարանում է սովորում, նկարում է շատ կլանված, սյուժետիկ կառույց է ստեղծել. ահա նավթագործարանները, որոնցից դեպի ծով հոսող նավթը ոչնչացնում է կենդանական աշխարհը, ձկները մեռնում են, իսկ վերեւում Աստված զայրանում է հրեշտակների վրա, թե ինչո՞ւ մարդը իր ստեղծած աշխարհը ոչնչացնում է: Աննա Մադաթյանը Երեւանի թիվ 78 դպրոցից է, 9 տարեկան, գույնի ակտիվ ընկալում ունի, պատկերային զգացողություն, կենդանիներ է նկարում: Այսպես, յուրաքանչյուրը մի աշխարհ, մի գույն, մի նկար: Ամենակարեւորըՙ բնությանը արվեստի միջոցով հադորդ լինելու այսպիսի ընթացքը անհնար էՙ մարդու ներաշխարհի վրա իր ազդեցությունը չթողնի, բնության հանդեպ խնամքի ու գուրգուրանքի սեր չարթնացնի:

Այգու ամեն հատված օգտագործված էր, գունազարդված. տպավորիչ էին քանդակագործ Հռիփսիմե Սիմոնյանի «Հայուհի» քանդակի, Արեւորդիներիՙ բոլորիս ծանոթ, սիրելի «քանդակների»ՙ հայկական մուֆլոնի ու բեզոարյան այծի շրջակա միջավայրերը, մետրոյիՙ այգու մուտքի դիմացի հատվածում տեղադրված տիկնիկային թատրոնի դեկորացիան եւ ներկայացումը եւ, իհարկե, կենտրոնական մասի բեմահարթակից միջոցառման ողջ ընթացքում հնչած համերգային աշխույժ ծրագիրըՙ Երեւանի տարբեր դպրոցների երգի ու պարի խմբակների սաների կատարմամբ:

Միջոցառման ընթացքում նաեւ ելույթային խոսքեր հնչեցին: Նկարչական համահայկական օրվա խորհուրդը եւ մրցութային ծրագրերը ներկայացրեց հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպանըՙ ներկայացուցիչը մի երկրի, որտեղ բնապահպանական խնդիրները պետական ու հասարակական ուշադրության կենտրոնում են, տպավորված էր բնապահպանական միջոցառման երեւանյան նման դրսեւորմամբ եւ հատկապես մասնակիցների բազմաքանակությամբ:

Նկարչական մրցույթի համահայկական բնույթը պայմանավորված է հայաստանցիների ու արցախցիների հետ սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավմամբ այս ծրագրին: Սփյուռքահայ հաղթողներին սպասվում է անակնկալՙ այցելություն Հայաստան եւ մասնակցություն «Արեւորդի» էկոակումբների ամառային դասընթացներին:

Մրցույթը սկսվել է սեպտեմբերից եւ շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 30-ը: Մասնակիցներն իրենց նկարները տեղադրում են www.paintingday.sunchild.org կայքում, որտեղ ընթանում է on-line քվեարկություն, հաղթողները որոշվելու են ըստ կայքում ստացված իրենց միավորների, ինչպես նաեւՙ նկարչական մրցույթի ժյուրիի գնահատականների: Սփյուռքի մասնակիցների համար քվեարկություն կատարվում է Paypal համակարգի միջոցով:

Համահայկական նկարչական մրցույթի գլխավոր աջակիցը «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունն է: Սիրահարների այգու հոկտեմբերի 24-ի միջոցառման հովանավորըՙ Երեւանի քաղաքապետարանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4