Կամ հնդիկ բիզնեսմենի հայաստանյան կյանքը
... Մոտ մեկ տարի առաջ Armenia Marriott հյուրանոցում տեղի ունեցած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ, երբ լուսանկարչիս հետ բազմազգ հանրության միջով ճանապարհ էինք հարթում, պատահականորեն հրեցի մի մարդու, եւ այնքան էի շտապում , որ ներողություն էլ չխնդրեցի նույնիսկ, փոխարենը «տուժածը» ասաց. «Կներես, ախպեր-ջան»: Թվում է թե, ո՛չ մի զարմանալի բան չկա` քաղաքավարի մի մարդ էր: Սակայն իսկապես զարմացա, քանի որ դա ասողը ...թխամորթ էր, այն էլ` երկնագույն աչքերով երիտասարդ մի տղամարդ: Պարզվեց, որ նա հնդիկ է, Երեւանի միակ հնդկական «Կարմա» ռեստորանի սեփականատեր Դանեշ Նարայանանը: Հնչում է համարյա հայերեն, այդպես չէ՞.... Ի դեպ, հայերը նրան այդպես էլ անվանում են` «Դանիել»: ... «Կարմա» ռեստորանն այդ օրը եւս, օտարերկրյա դեսպանությունների, տարբեր կազմակերպությունների եւ անհատների հետ միասին մասնակցում էր բարեգործական միջոցառմանը, որի նպատակն էր օգնել կարիքավոր հայ երեխաներին եւ կանանց:
Անցնելով առաջ նշենք, որ քանի որ այս հրապարակման հերոսը երբեք չի սիրել որեւէ գովազդ, ապա շատ քչերը գիտեն, որ մշտապես ապրելով եւ աշխատելով Հայաստանում 1997-ից, Դանեշը կազմակերպել է դրամահավաքներ Հայաստանում ապրող հնդիկների շրջանում` հօգուտ մեր մանկատների:
Դանեշ Նարայանանը ծնվել է 43 տարի առաջ Հնդկաստանի Քաննանոր ծովափնյա գեղատեսիլ քաղաքում` Կերալա նահանգում, որը ժողովրդի մեջ վայելում է «Աստծո երկիր» անվանումը: Դանեշը ստացել է բակալավրի աստիճան` ֆիզիկայի, քիմիայի եւ մաթեմաթիկայի գծով:
Հետագայում շարունակեց կրթությունը արտերկրում «Մենեջմենթ եւ բիզնես-կառավարում» մասնագիտությամբ, ինչը թույլ տվեց նրան դառնալ առաջատար միջազգային ընկերություններից մեկի ամենաերիտասարդ մենեջերը:
1989-ին նա այցելեց Դուբայ` ընկերներին եւ ազգականներին տեսակցելու, եւ այդտեղ որոշեց մնալ եւ աշխատել Դուբայում: Այդ տարիներին էր, որ Դանեշը ճանապարհորդեց Մերձավոր Արեւելքով, Աֆրիկայով, Ռուսաստանով եւ ԱՊՀ-ով մեկ, առաջին անգամ այցելելով Հայաստան 1995-ին:
1993. Դանեշ-Հայաստան գործակցության սկիզբ
1993-ին Երեւան-Դուբայ առաջին չվերթից ի վեր հայաստանցիները սկսեցին այցելել Դուբայ, նրանք օթեւանում էին հիմնականում քաղաքի կենտրոնում գտնվող եւ մի հայաստանցու կողմից կառավարվող «Թայլոս» հյուրանոցում, որի մենեջերը հնդիկ էր:
Եվ քանի որ Դանեշը հաճախ էր այցելում իր հայրենակցին` հյուրանոցի մենեջերին, ապա ինքնաբերաբար կապեր հաստատվեցին իր եւ հայերի միջեւ, որոնք հաճախ էին դիմում իրեն այս կամ այն ապրանքները ճարելու խնդրանքով:
Շուտով հայերից մեկը Դանեշին առաջարկեց Հայաստան ներմուծել տարբեր ապրանքներ, փաստարկելով , որ մեր երկիրը լրիվ մի նոր եւ խոստումնալից շուկա է: «Լավ»,- ասաց Դանեշ Նարայանանը, ով այդ ժամանակ հորեղբորը պատկանող եւ Դուբայում տարբեր բնագավառներում աշխատող խոշորագույն եւ հնագույն Unitac Group Dubai ընկերության ընդհանուր առեւտրի բաժանմունքի գլխավոր տնօրենն էր: Այսպիսով նրանք` հայաստանցին եւ հնդիկը սկսեցին Հայաստան ներմուծել բառացիորեն ամեն ինչ. ալյուր, սուրճ, մարտկոցներ, էլեկտրոնիկա, անվադողեր եւ այլն:
Սկզբի համար Դանեշը ներդրեց 10 հազար դոլար, եւ բավականին արագ ամսական շրջանառության ծավալները հասան մինչեւ կես միլիոն դոլարի: Գործընկերոջ հրավերով Դանեշն առաջին անգամ այցելեց Հայաստան 1995-ի ձմռանը: Նա պատմում է. «Երբ կեսգիշերին ինքնաթիռը վայրէջք կատարեց Երեւանի օդանավակայանում` կատարյալ մթության մեջ, մտքիս մեջ ինքս ինձ հարցրեցի, թե այս ո՞ւր եմ եկել, եւ մի որոշ ժամանակ անց միայն հասկացա, որ երկիրը նոր է ապաքինվում պատերազմից հետո, շրջափակման մեջ է եւ այլն... Սակայն երբ հաջորդ օրը առավոտյան արթնանալով նայեցի հյուրանոցի համարի պատուհանից դուրս, նկատեցի Հայաստան երկրի գեղեցկությունը, եւ անմիջապես սիրահարվեցի դրան...
Իմ սերն առ Հայաստան պայմանավորված է հինավուրց եկեղեցիներով, հիասքանչ բնությամբ, հիանալի կլիմայով, մեծն Արարատով, որը, իմ խորին համոզմամբ, հայերին է պատկանում, եւ, իհարկե, դրա սքանչելի, բարեկամասեր եւ կենսախինդ ժողովրդով: Եվ հենց այս սերն է, որ ստիպում էր ինձ նորից ու նորից գալ Հայաստան, մինչեւ որ 1997-ին որոշեցի վերջնականապես տեղափոխվել այստեղ»:
Հայաստան այցելություններից մեկի ընթացքում Դանեշին ուղեկցեց հորեղբայրը` Մադրասում գտնվող հագուստ արտադրող խոշորագույն ընկերության սեփականատերը: Շրջելով Հայաստանի տարբեր կարի ձեռնարկություններով, հորեղբայրը եւ զարմիկը որոշեցին հագուստի արտադրություն հիմնել Հայաստանում...
1997. հնդիկ Դանեշ Նարայանանի հայաստանյան կյանքի սկիզբ
... Շուտով «Գարուն» (Երեւան), «Բազում» եւ «Գլորիա» (երկուսն էլ` Վանաձոր) ընկերությունների հիմքի վրա ստեղծվեց կանանց հագուստի արտադրություն, որը մշտական աշխատանքով ապահովեց մոտ յոթ հարյուր հոգու: Հատկանշական է, որ բնավ ոչ դյուրին պայմաններում գտնվող Հայաստանում արտադրվում էր հագուստ բացառապես ամերիկյան հայտնի բրենդների պատվերով` JC Penny, Miss Erika, Dress Barn:
Կտորը եւ հումքը բերվում էին Հնդկաստանից, Ինդոնեզիայից ու Դուբայից:
Խոսելով այդ տարիների մասին, Դանեշը պատմում է. «Հավատացնում եմ, որ այդ գործը Հայաստանում այն տարիներին սկսելը շատ դժվար բան էր, քանի որ ՀՀ-ն ցամաքային երկիր է, այն էլ` կրկնակի շրջափակման մեջ, ուստի բեռների տարանցման հետ կապված ժամանակի զգալի կորստի պատճառով շատ դժվար էր համոզել արտերկրի պատվիրատուներին աշխատել մեզ հետ: Սակայն մենք վճռականորեն էինք տրամադրված, եւ վերջ ի վերջո կարողացանք համոզել պատվիրատուներին: Սկսեցինք ընդամենը մի երկու հարյուր հազար կտորից, սակայն շուտով գարուն/ամառ ամիսների համար ձմեռվա ընթացքում արտադրում էինք արդեն մոտ 1 մլն կտոր կանացի հագուստեղեն: Ամեն ինչ լավ էր մինչեւ 2001թ., երբ ԱՄՆ-ն աֆրիկյան մի քանի երկրների հետ պայմանագիր ստորագրեց, ըստ որի դրանց տրվում էր այսպես կոչված duty-free (մաքսային տուրքից զերծ) եւ ինչը որ «ամենասարսափելին» էր` quota-free կարգավիճակ: Այսինքն, այլեւս իրենք կարող էին ներմուծել ԱՄՆ այնքան տեքստիլային ապրանք, որքան ի վիճակի էին:
Եվ սա, իհարկե, «խփեց» Հայաստանի թեթեւ արդյունաբերությանը: Դանեշի խոսքերով, «մի գիշերվա մեջ մեր գործը կանգ առավ, եւ ո՛չ միայն մերը, Հայաստանում, այլ նաեւ ամբողջ Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի տարածքում հագուստեղեն արտադրողներինը»: Ինչպես այս տողերի հեղինակի հետ զրույցում ասաց Հայաստանի թեթեւ արդյունաբերության վետերան, ներկայումս` ՀՀ ԱԺ պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ հիմնադիր նախագահ Գոհար Ենոքյանը, «Դանեշը պարկեշտ գործարար է, ով ուներ ակնհայտ ցանկություն նպաստելու Հայաստանի թեթեւ արթդյունաբերության զարգացմանը, իր հետ աշխատելիս, որեւէ խնդիր չենք ունեցել ո՛չ պատվերների, եւ ո՛չ էլ հումքը ժամանակին մատակարարելու հետ կապված: Դանեշի կողմից հատուկ Հայաստան հրավիրված հնդիկ տեխնիկական մասնագետները մեզ հետ հավասար աշխատւմ էին վաղ առավոտից, մի խոսքով, դա շատ լավ համատեղ աշխատանք էր, եւ Դանեշ Նարայանանի մասին ես միայն լավը կարող եմ ասել» ...
... Սակայն Դանեշը չէր պատրաստվում հենց այնպես հանձնվել. տիկին Ենոքյանի հետ միասին նրանք սկսեցին թակել կառավարական տարբեր դռներ` Հայաստանի համար արտասահմանից վերը նշված duty-free կարգավիճակ հայցելու հարցում աջակցության նպատակով: Հաջողության դեպքում, Դանեշի վկայությամբ, Հայաստանը կստանար մեծածավալ արտասահմանյան ուղղակի ներդրումներ: Ավաղ, այդ երկու նվիրյալների ջանքերը ցանկանալի արդյունքի չբերեցին, ուստի պատվերներ բերելու վերջին փորձն անելու համար Դանեշը մեկնեց ԱՄՆ: Դժբախտաբար, դա էլ հաջողության չբերեց, եւ իրենց հայաստանյան արտադրությունը վերջնականապես կանգնեց: Այդ ժամանակ էր, որ Դանեշ Նարայանանը Նյու-Յորքի Կենտրոնական զբոսայգու (Central Park) մոտակայքում հեռուստահաղորդակցման սարքերի մի խանութ բացեց, եւ գործերը կարծես վատ չէին ... Սակայն, ինչպես ինքն է ասում, «կարոտախտը (nostalgia) առ Հայաստան ինձ մի օր ստիպեց վերադառնալ Երեւան»:
2002. «Սկսել ամեն բան զրոյից: Հայաստանում: Ինչո՞ւ»
Դանեշի պատասխանը հետեւյալն է. «Ինձ թվում է, որ ես արդեն պատասխանել եմ այդ հարցին, երբ խոսում էի Հայաստանի նկատմամբ իմ ՍԻՐՈ մասին...
...Գիտեք, երբ այստեղ, Հայաստանում, առավոտյան արթնանում եմ, նայում Արարատին, օրս սկսում եմ ներդաշնակության մեծագույն զգացումով, որը կարող ես ունենալ միայն, երբ գիշերը քնել ես ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մեջ:
Եվ այդ խաղաղությունը գալիս է միմիայն այն ժամանակ, երբ դու ազնիվ ես մարդկանց հետ: Եթե կարող եք, փորձե՛ք, գտե՛ք մի մարդու համայն աշխարհում, մանավանդ Հայաստանում, որը կարող է պնդել, նայելով ուղիղ աչքերիս մեջ, որ իրեն խաբել եմ, կամ ինչպես ժողովուրդն է ասում, «գցել» երբեւիցե....
Ի՛նչ խոսք, Հայաստանում էլ խնդիրներ կան, ի՛նչ խոսք, այն մարդկանցից, ում ես հանդիպել եմ այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, ոչ բոլորն են եղել պարկեշտ, սակայն թույլ տվեք հարցնել. որտե՞ղ երկիր մոլորակի վրա կարող եք գտնել մի վայր, որտեղ չկան խնդիրներ եւ վատ մարդիկ...
... Գիտե՛ք, ես որեւէ խնդիր չունեմ որեւէ երկիր մուտքի արտոնագիր ստանալու եւ այդտեղ ապրելու համար: Սակայն ես շատ ավելի երջանիկ եմ, եթե կարող եմ այստեղ, Հայաստանում, մի քանի հազար դոլար վաստակել` տասնյակ կամ, ասենք, նույնիսկ հարյուր հազար դոլար արտասահմանում, ասենք, Դուբայում վաստակելու դեպքում:
Որովհետեւ այստեղ է, Հայաստանում, որ ունեմ ընկերներ` տաքսու վարորդից մինչեւ հայտնի գործարար եւ մտավորական, որոնցից ոմանք ինձ համար համարյա ընտանիքիս անդամ են, այստե՛ղ է, որ կարող եմ ըմբոշխնել սքանչելի բնությունը, հիանալի կլիման, հազարամյակների պատմություն ունեցող վանքերը, եւ, իհարկե, հիանալի մարդկանց բարեկամությունը:
Եվ այս բոլորը ինձ դարձնում է ԵՐՋԱՆԻԿ: Կասկած չկա, Հայաստանն իմ երկրորդ ՏՈՒՆՆ է»:
... Երբ 2002 թ. վերջին Ամերիկայից Հայաստան ձեռնունայն վերադարձած Դանեշին ԱՄՆ-ից զանգահարեց ընկերներից մեկը եւ խնդրեց օգնել իր մի բարեկամին Տայվանից, ով հետաքրքրված էր Հայաստանից մետաղի ջարդոն արտահանելու բիզնեսով, Դանեշը, այդ շուկան ուսումնասիրելուց հետո, դրական պատասխան տվեց, քանի որ, իր իսկ խոսքերով, այդ պահին «անելու ոչ մի բան» չուներ:
Այսպիսով Դանեշը եւ իր տայվանցի (Էթնիկ չինացի) գործընկերը սկսեցին մետաղի ջարդոն արտահանել Հայաստանից, ինչպես նաեւ Վրաստանից, եւ շուտով դարձան Վրաստանից դրա խոշորագույն արտահանող` ամսական մինչեւ 1500 տոննա ցուցանիշով:
Միաժամանակ Դանեշը 2003 թ. ԱՊՀ, Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի մարկետինգի գծով տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացավ Հնդկական խոշոր Swift ընկերությունից, որը Հայաստան միս էր ներմուծում Հնդկաստանից 1993-ից:
Իր խառնվածքով, որպես մարդ, Դանեշը շատ, նույնիսկ չափից ավելի հավասարակշռված, հանգիստ է, սակայն որպես գործարար նա ունի պրպտուն, անհանգիստ միտք, միշտ փնտրում է ինչ-որ մի նոր բան: Եվ այդպիսի մի նոր բան դարձավ 2007-ի Տերյան 65 հասցեում բացված եւ մինչ օրս Հայաստանի միակ հնդկական «Կարմա» ռեստորանը, որը, դրա սեփականատիրոջ վկայությամբ, նա բացել է ո՛չ այնքան բիզնեսի, որքան սեփական հաճույքի համար...
2010. լավատեսական պլաններ
«Հայաստանցիները լքում են երկիրը, ասելով, որ այստեղ գործ չկա, բիզնեսի համար ազատ «նիշաներ» չկան....»,- դիմում եմ Դանեշին:
«Իհարկե չկա, եթե նույն բաներն ես ուզում անել»,- ասում է նա, ով ճանապարհորդել է աշխարհով մեկ, քաջատեղյակ է միջազգային բիզնեսին, տարբեր ազգերի սովորույթներին եւ նախասիրություններին, շարունակելով: «Զբոսաշրջության, տուրիզմի համար հիանալի հեռանկարներ կան Հայաստանում. նրանք, ովքեր «հոգնել» են մեգապոլիսներից` Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն, հավատացնում եմ Ձեզ, հաճույքով կգան այստեղ ըմբոշխնելու Սեւանը, Դիլիջանը, Ծաղկաձորը, իսկ դարավոր եկեղեցիների, վանքերի եւ հոգեւոր մշակույթի հիասքանչ հրաշալիքների ներքո կարող են գտնել մշտնջենական հոգեւոր արժեքները, որոնք ես ինքս գտա այստեղ, նաեւ` նպաստեցի դրանց ամրապնդմանը` ԿԱՐՄԱՆ եւ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»:
ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ