«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2010-10-27 | #197, 2010-10-28 | #198, 2010-10-29


ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԱՆՀՈՒՆ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ

Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում հոկտեմբերի 27-ը շատերի համար ուրախության առիթներ տվեց, որոշների համար` տխրության, անգամ դժգոհության, բայց որեւէ մրցույթ առանց տխրող պարտվածների եւ խնդություն ապրող հաղթողների չի լինում: «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնն էր այն առիթը, որին մասնակցությամբ հաղթանակի կամ դրան չհասած դպրոցականների համար տխրելու, արտասվելու պատճառ էր առաջացել:

Հոկտեմբերի 27-ին Շիրակի մարզն ամփոփում էր այս փառատոնի մարզային դպրոցների հաղթողների մասնակցությամբ իրականացվող մարզային փուլը: Նշենք, որ միջոցառման կազմակերպիչն է «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ բավականին մեծ փորձ է կուտակել հենց այն նպատակների իրականացման համար, ինչպիսին փառատոնի նախաձեռնությունն է:

Ռուսական երգի այս փառատոնը նախաձեռնողը Ռուսաստանի հայերի միությունն է` Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի իրականացմամբ, այդ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը, որն էլ միջոցառման հիմնական ֆինանսավորողն է: Ծրագրի նախագիծը քննարկվել է «ՀցրրՍՌռ ՎՌՐ» հիմնադրամի (Ռուսաստանի Դաշնություն) կողմից, որը մասնակի ֆինանսավորում է տրամադրել այս փառատոնի անցկացման համար: Միեւնույն ժամանակ, նախաձեռնությանն աջակցում են Հայաստանի կրթության եւ գիտության, նաեւ մշակույթի նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը, հանրապետության մարզպետարանները: Փառատոնը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին եւ Ռուսաստանի հայերի միության 10-ամյա հոբելյանին:

Ինչպես մարզային փուլի բացմանը Գյումրիում նշեց մարզպետարանի կրթության, մշակույթի վարչության գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը , գրեթե մեկ ամիս ծանրաբեռնված ընթացքից հետո հասել են մի կետի, երբ որոշվելու են հանրապետական փուլում Շիրակի մարզը ներկայացնողների անունները:

Մարզային մրցույթին ներկա գտնվող Հայաստանի մշակույթի նախարարության ծրագրերի կառավարման եւ մոնիտորինգի վարչության պետ Վիկտորիա Սուքիասյանն , իր հերթին, ողջունեց փառատոնի մասնակիցներին` հույս հայտնելով, որ մարզային փուլի մասնակիցները լավ կատարումներ կներկայացնեն:

Այս փուլում մասնակիցներին դատելու դժվար պարտականությունն իրականացնողներից էր Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Նա նախ կարեւորեց փառատոնի անցկացման նպատակն ու նշված խնդիրները: Նշենք, որ փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը եւ դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի` որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:

Կիրակոսյանն ավելացրեց, որ այդ բարեկամությունը թանկ է հայ ժողովրդի եւ Հայաստանի համար, հատկապես այնպիսի մի մարզում, ինչպիսին Շիրակն է այն պարզ բացատրությամբ, որ այս տարածաշրջանը սերտ կապեր է ունեցել Ռուսաստանի հետ, ավելի հաճախ ռուսական զինվորական ներկայությամբ:

Մասնակիցներին ողջունեց նաեւ Գյումրի ժամանած Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը ղեկավարող ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը : Աղայանի խոսքերով, փառատոնի կազմակերպիչների բոլոր սպասումները տասնապատիկ գերազանցվել են դպրոցականների եւ դպրոցների մասնակցությամբ: Շեշտադրելով, որ որեւէ մեկը հայերին ռուսական բարեկամությունը չի նվիրել, ուրեմն եւ չի վերցնի, ՌՀՄ փոխնախագահ Աղայանը կարեւորեց նման փառատոներով այն բացերի լրացումը, որ առաջացել են վերջին տարիների ընթացքում ինչպես ռուսերենի իմացության, այնպես էլ ռուսական մշակույթին մոտ լինելու առումով:

Փառատոնը մեկնարկեց մեծ հույսերով, բազմաթիվ մանկական աչքերի խաղով ու հույսով, որ հաղթելու են: Այդուհանդերձ, ինչպես արդեն նշել ենք, արտասուքներ եւս եղան մարզային փուլի ամփոփմանը, երբ մի քանի տասնյակ հրաշալի կատարումներից ընտրվեցին 7-ը, ովքեր մոտ մեկ ամսից կժամանեն Երեւան` մասնակցելու հանրապետական փուլին: Եվս 16 մասնակիցներ արժանացան խրախուսական պատվոգրերի:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4