«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2010-10-28 | #198, 2010-10-29 | #199, 2010-10-30


ԵՐԿՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՒՐՔ` «ԿՈՏՐՎԱԾ ՍՐՏԵՐՈՎ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թունա Բեքլեւիչ եւ Բայբարս Օրսեք. այս երկու թուրք (չնայած առաջինի ազգանունից երեւում է` ոչ այնքան թուրք) երիտասարդ քաղաքական գործիչները երեկ առավոտյան Երեւանում` նախաճաշի ժամանակ հայտնաբերել են, թե որքան նույնություններ ունեն` նախաճաշի հայկական եւ թուրքական սովորություները: Հենց այս երկու երիտասարդ թուրք գործիչներն էին, որ կարողացել են, իրենց ասելով, աննկատ անցնել հայ-թուրքական փակ սահմանը` այն էլ Անիի պատմական կամուրջով: Ի դեպ, հաստատելով իրենց անցումը, Բեքլեւիչը երեկ կայացած ասուլիսում ընդգծեց, որ այդ տարածքում «գետը շատ խոր չէ, եւ կան շոկոլադի կոնֆետների թափած թղթեր, կենդանիների եղջյուրներ, ինչը փաստորեն վկայում է, որ ճանապարհը լայնորեն օգտագործվում է»: Իսկ ռուս սահմանապահների հերքող հայտարարությունը` դեպքի կապակցությամբ, Բեքլեւիչին զարմանք է պատճառել. «Ես վստահ եմ, որ նրանք շատ լավ էլ գիտեն այդ ճանապարհի մասին», ասաց նա: Ինչեւէ` սպասենք ռուս սահմանապահների առավել մանրակրկիտ պատասխանին, քանի որ տարօրինակ է նույնիսկ` ամբողջ աշխարհը փաստորեն խոսում է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունից, իսկ սահմանն այդ բաց է` «շոկոլադե կոնֆետների թղթերով ու կենդանիների եղջյուրներով պարուրված ճանապարհով»: «Մենք այս քայլով ցույց տվեցինք, թե որքան հետեւողական ենք եւ լինելու ենք այդպիսին հայ-թուրքական սահմանի բացման գործում, եւ ես վստահ եմ, որ 2011-ին մենք ունենալու ենք հայ-թուրքական բաց սահման», հավաստիացրեց Թունա Բեքլեւիչը:

Թունան 2007-ին ստեղծված եւ այսօր Թուրքիայի բոլոր` 35 նահանգներում ներկայացված «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահն է, Օրսեքը` նույն կուսակցության փոխնախագահը: Երիտասարդների խոսքերովՙ իրենց կուսակցությունը հիմնականում երիտասարդական է, վայելում են թուրք ընտրազանգվածի 3-4 տոկոսի վստահությունը. «Սակայն մեր ձեռնարկած այս լուրջ շարժմումով` հայ-թուրքական սահմանը բացելու նպատակով, որը մեր երկու երկրների ընկերական ապագայի հարցն է, մեր շարքերը պարբերաբար համալրվում են: Այսօր «Բարեկամության շարժման» կազմում են արդեն ավելի քան 1000 հոգի` ինչպես հայեր, այնպես էլ թուրքեր», նշեց Օրսեքը: Շեշտելով, որ իրենք Երեւանում են ո՛չ թուրքական, ո՛չ էլ հայկական կառավարությունների թելադրանքով կամ պահանջով` Բեքլեւիչը նշեց. «Մենք ուզում ենք սահմանի բացումը եւ հասնելու ենք դրան: Սահմանները պետք է բացվեն առանց որեւէ նախապայմանի: Այդ կապակցությամբ մենք մշակել ենք 31 գործողություններ նախատեսող ծրագիր` առաջին կետն է սահմանի բացում, երկրորդը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի հարցի լուծում: Մնացած հարցերն ու խնդիրները կլուծվեն միայն սահմանի բացումից հետո: Մենք ընդամենն ուզում ենք այս ծրագիրը ներկայացնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում` անձամբ նախարարին, սակայն այնտեղից երեկ հայտարարություն տարածվեց, որը կոտրեց մեր սիրտը: Ձեր արտգործնախարարությունը նշել էր, որ մենք պետք է սկզբում խոսենք թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հետ: Մենք Երեւանում արդեն երրորդ անգամ ենք հիանում հայերի հյուրասիրությամբ, սակայն ՀՀ ԱԳՆ-ն մեզ նույնիսկ մեկ բաժակ սուրճի չարժանացրեց, մինչդեռ կա այսպիսի ասացվածք` մեկ գավաթ սուրճը 40 տարվա հիշողություն ունի»: Բեքլեւիչը եւս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց «Բարեկամության շարժումը» որեւէ պետական հովանավորվածություն չունի, հորդորեց հայ լրագրողներինՙ փոխանցել իրենց բարի մեսիջը ՀՀ ԱԳՆ-ին: «Եթե այսօր մենք Թուրքիայում ընդդիմություն ենք, չի նշանակում, որ վաղը իշխանություն չենք լինելու, եւ մեր ստորագրությունները կարեւոր դեր չեն խաղալու հայ-թուրքական գործընթացներում», նշեց թուրք երիտասարդ գործիչը:

Իսկ հայ-թուրքական, մանավանդ հասարակական շփումների առաջնային հարցիՙ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի «ապագա իշխանությունն» ունի հետեւյալ կարծիքը. «Մենք չենք այցելի Ծիծեռնակաբերդ: Կարծում ենք, որ սխալ է սահմանի բացումը կապել այս հարցի հետ: Կրկնում եմ, բոլոր խնդիրները` ժամանակի ընթացքում: Մենք պատմաբաններ չենք, քաղաքական գործիչներ ենք, եւ պետք է դրսեւորենք ուժեղ կամք: Այնուամենայնիվ մենք հարգում ենք եւ կիսում 1915-ին հայ եւ թուրք ժողովուրդների ապրած ցավը», ասաց երիտասարդ թուրք Բեքլեւիչը:

Վերջում բանախոսները նշեցին, որ իրենք Երեւանում են մինչեւ շաբաթ օրը, եւ դեռ հույս ունեն, որ ՀՀ ԱԳՆ-ում իրենց կընդունեն. «Թուրքիայի ԱԳՆ-ի հետ կապված հարցերը թողեք մեզ: Մենք ուզում ենք այստեղի տրամադրությունները սկզբում տեսնել, որպեսզի հետո փոխանցելով թուրքական կողմինՙ լսենք նաեւ նրան», կարծես թե Երեւան գործուղման իմաստի մասին «խոստովանությամբ» հանդես եկավ Բեքլեւիչը: Ի դեպ, նա չմանրամասնեց, թե արդյոք ուղեւորվելո՞ւ են նաեւ Ադրբեջան` լսելու այնտեղի ԱԳՆ-ի, մեղմ ասած, շահագրգիռ կարծիքը հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ: Բեքլեւիչը միայն նշեց. «Մեր երկրների միջեւ սահմանի բացումը միայն մեր երկրների գործն է, որեւէ երրորդ երկիր չի կարող միջամտել մեր գործին. այս սահմանը մենք պետք է բացենք»:

Է, բացեք, եթե նախ` Ադրբեջանն իրոք համարում եք «երրորդ երկիր», եւ եթե իրոք պատրաստ եք դրան, ոչ 3-4 տոկոսով կամ միայն Կարսի մարզում անցկացված հանրաքվեի արդյունքներով, այլ ազգովին` վարչապետով, Մեջլիսով եւ տարբեր ազգայնական կուսակցություններով: Չմոռանաք նաեւ հարցնել Դինքի սպանողի կարծիքը, որին դատեց անչափահասների դատարանը, եւ չմոռանաք, որ եթե մեկ գավաթ սուրճը 40 տարվա հիշողություն ունի, 1,5 մլն անմեղ զոհերը իրենց հայրենիքում հավերժ հիշողություն ունեն` ազգային հիշողություն, պարոնայք երիտասարդ թուրքեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4