Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին եւ Դամիեն Աբադին երեկ ընդունեցին Հայաստանի Ազգային ժողովում: Նրանց հետ հանդիպման ժամանակ, ըստ ԱԺ լրատվական ծառայության, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հյուրերի խնդրանքով մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը եւ կարգավորման գործընթացը: Նա շեշտեց, որ Հայաստանը հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` հիմնված ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը խիստ մտահոգիչ համարեց այն փաստը, որ Ադրբեջանը հաճախակի խախտում է զինադադարը, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում եւ որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղության հաստատմանը: Նա ցավով արձանագրեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին:
Եվրոխորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին եւ Դամիեն Աբադը նշեցին, որ իրենց համար չափազանց կարեւոր էր այցը Հայաստան եւ ԼՂՀ, քանի որ անմիջական պատկերացում ստացան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: Նրանք անընդունելի համարեցին Հայաստանին` տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու փորձերը, ինչը խոչնդոտում է տարածաշրջանային համապարփակ զարգացմանը, ինչպես նաեւ կարեւորեցին Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Տպավորված լինելով Լեռնային Ղարաբաղ իրենց այցելությունից` պարոն Աբադը ասաց. «Ինձ ցնցեց, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդ կա, որ այնտեղ գործում են պետական կառույցներ եւ ժողովրդավարական ինստիտուտներ»:
Եվրոխորհրդարանի պատգամավորների կարծիքովՙ արցախյան հիմնախնդրին առավել մոտիկից ծանոթանալու համար կարեւոր են նման այցերը, քանի որ Եվրոխորհրդարանի պատգամավորներից շատերը լավ պատկերացում չունեն Կովկասյան տարածաշրջանի խնդիրների մասին: Այս առումով նրանք ցանկալի համարեցին ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Եվրոխորհրդարան:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ԵԽ պատգամավորների հետ հանդիպմանը անդրադարձավ տարածաշրջանային հիմնախնդիրներին, Հայաստանի` որպես գերակա առաջնահերթություն որդեգրած եվրոինտեգրմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստորագրված արձանագրություններին, դրանց վավերացման առկախման պատճառներին, ԼՂ հակամարտության լուծման ուղիներին, փախստականների վերադարձի եւ փոխհատուցման հարցերին, հակամարտող երկրներում ռազմագերիների առկայությանը եւ այլն: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին Մինսկի խմբի ձեւաչափում` Ա. Ռուստամյանը եվրոպացի գործընկերներին տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը ինքնորոշվել է ժամանակին գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, այսօր էլ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես անկախ կարգավիճակով:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Եվրոխորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը վստահություն հայտնեց, որ հյուրերը օբյեկտիվ եւ հստակ տեղեկատվություն են ստացել ԼՂ հակամարտության վերաբերյալ եւ անաչառ դիրքորոշումներով հանդես կգան Եվրոխորհրդարանում` հավելելով, թե Հայաստանի համար կարեւոր է, որ միջազգային կառույցներում, ուր որոշումներ են կայացվում տարածաշրջանի, Հայաստանի, ԼՂ վերաբերյալ հնչեն օբյեկտիվ գնահատականներ, որպեսզի միջազգային հանրությունը անկողմնակալ եւ հստակ տեղեկատվություն ունենա ղարաբաղյան հակամարտության մասին:
Ն. Զոհրաբյանը նշեց նաեւ, որ վերջին շրջանում այն միջազգային կառույցներում, որոնք պետք է հետամուտ լինեն իրենց հիմնարար արժեքներին` մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արդարություն, ցավոք սրտի, որոշ դեպքերում ազդեցություն են ունենում նավթադոլարները. «Մենք չունենք նավթադոլարներ, մենք ունենք ճշմարտություն, որը պետք է փորձենք ամեն կերպ հակադրել թուրք-ադրբեջանական նավթադոլարներին»: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միշել Ռիվազին առաջարկեց հետաքննող հանձնաժողով ստեղծել` տեսնելու համար, թե Ադրբեջանը ի՞նչ պայմաններում է պահում իր իսկ ազերի փախստականներին: Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց պատգամավորի հետ` առաջարկելով նաեւ Եվրոխորհրդարանում դիտորդական առաքելություն ձեւավորել, գնալ Ջուղա` տեղում տեսնելու Ադրբեջանի իշխանության հովանավորությամբ Նախիջեւանի Ջուլֆայում կատարված մշակութային վանդալիզմը:
Եվրոխորհրդարանի պատգամավորները հանդիպեցին նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ` լսելով նրանց տեսակետները ԼՂ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի եվրոպական հանձնառությունների վերաբերյալ:
Մ. Խ.