«Ազգը» արդեն տեղեկացրել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովի մասին, որը առաջին անգամ գումարվեց Հայաստանում: Համաժողովի ընթացքում կայացան նաեւ «Արարատի փեշերին» խորագիրը կրող լրատվամիջոցների աշնանային դպրոցի աշխատանքները: 40-ից ավել օտար լրատվամիջոցների ներկայացուցիչներ անցկացրին բուհերում վարպետության դասընթացներ, քննարկումներ ու մեդիա-ֆորում: Իսկ երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ շատ կարեւոր իրադարձություն: ԱՊՀ երկրների լրագրողական միությունների կոնֆեդերացիայի գլխ. քարտուղար, ՌԴ ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը եւ «Կուլտուրա» հեռուստաընկերության փոխնախագահ Արկադի Բեդերովը ՀՀ մշակույթի նախարարությանը նվիրեցին «Կուլտուրա» ալիքի կողմից նկարահանված 10 տեսաֆիլմեր, մոտ 30 ժամ տեւողությամբ: Համագործակցության 1-ին փուլը, ինչպես նշեց պրն Բեդերովը, «Մարտիրոս Սարյանին, Մատենադարանին, Ֆրունզե Դովլաթյանին, Ֆրունզիկ Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, աշխարհի սրբավայրերը, 36 զինվորները (հայկական տառերը), հայկական էպոսՙ Սասունցի Դավթին նվիրված հաղորդաշար-ֆիլմերն են, որոնք մի քանի անգամ ցուցադրվել են «Կուլտուրա» ալիքով ու մեծ հետաքրքրության արժանացել, որոշեցինք նվիրել նախարարությանը»: Պրն Ջազոյանը տեղեկացրեց, որ բացի այդ ֆիլմերից եւս 100 ֆիլմեր (80 ժամ տեւող.) նկարահանվել են Հայաստանի եւ հայ ականավոր գիտնականների, մտավորականների եւ ստեղծագործողների մասին, որոնք ծրագրի հաջորդ փուլերում եւս կնվիրաբերվեն Հայաստանի մշակույթի նախարարությանը: Իսկ մեդիա-ֆորումի օրերին շարունակվել են Օրբելի եղբայրներին եւ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին նվիրված ֆիլմերի նկարահանումները: Նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց աննախադեպ նվերի համար ու բարձր գնահատեց «Կուլտուրա» հեռուստաընկերության կատարած աշխատանքը, որը սերունդներին մատուցում է բարձրարժեք մշակույթ, պատմությունՙ գեղարվեստական բարձրաճաշակ որակով: Նախարարը խոստացավ, որ այդ 10 ֆիլմերը առաջիկայում կթարգմանվեն եւ կցուցադրվեն հայկական եթերով:
Մ. Մ.