Մեզ շատ շտապ նոր նախարարություն է պետք: Չէ, եղածները «քչություն չեն» անում, պարզապես, հաշվի առնելով առաջարկվող բնագավառի կարեւորությունն ու ծավալուն լինելը, նախարարություն է պետք ու վերջ:
Անվանումն արդեն կա` դիտորդական: Նորաստեղծ նախարարության կառուցվածքային բաժանումը դեռ քննարկման-մշակման փուլում է, ու հստակ չէ, սակայն հիմնական բաժինը կլինի «Youtube դիտելիս»: Տեխնիկայի վերջին խոսքով զինված բաժնի բանուգործը պետք է լինի հետեւել, թե ինչ նոր տեսահոլովակներ են տեղադրվում ինտերնետում ընդհանրապես, Youtube-ում` մասնավորապես, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին անցուդարձին: Ու համապատասխան տեղեկատվությունն ուղարկել (էլեկտրոնային փոստով, բնականաբար, կամ եթե այնքան գովերգված գերարագ ինտերնետ կապը չլինիՙ sms-ով) «Բա հետեւանքների մասին չե՞ս մտածել» բաժնին: Ու համապատասխան չինովնիկներն արդեն շատ օպերատիվ կարձագանքեն-կպատժեն, ասենք, բնազդներին տուրք տվող սպային, ձեռքերին ազատություն տվող ուսուցչին եւ այդպես շարունակ: Նախարարության աշխատանքներն ավելի հեշտացնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար Youtube-ի համար աշխատող «օպերատորներին» խնդրում ենք տիտրերում անպայման նշել կատարվող դեպքի օրը, ժամը, տեղը (հասցեն), ինչպես նաեւ մասնակիցների ամբողջական կենսագրությունը: Կարելի է ակցիա էլ անցկացնել (բազմաթիվ ջահելական կազմակերպություններ կան, կզբաղվեն), ասենք, հետեւյալ անվանումով` «Նկարահանի՛ր քո շուրջը կատարվող ամեն բացասականը ու դիր Youtube-ում»: Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում մեր շուրջը, կողքին ու վերջապես ներսում, տեսահոլովակների այնպիսի քանակություն կհոսի դեպի ինտերնետ, որ երեւի թե Youtube-ը խեղճանա` կախվի: Իմիջիայլոց. Համաշխարհային բանկից մի կլորիկ գումար չարժե՞ «կպցնել», օրինակ, չինական տեսախցիկներ գնելու եւ ազգաբնակչության պարապ, մի քիչ էլ նյարդային խավին բաժանելու համար:
Պատկերացնո՞ւմ եք, թե տեսանյութի ինչ ծավալ կապահովվի: Իսկ դուք ասում եք` ինչո՞ւ նախարարություն:
Չէ, նախարարություն ու վերջ:
Հ.Գ. - Ամեն հինգշաբթի անցկացվող կառավարության նիստերի փոխարեն էլ կարելի է Youtube-ադիտում անցկացնել: Պետք է որ ավելի օգտակար ու արդյունավետ լինիՙ պաշտոնյաներին գոնե իրազեկելու առումով, թե վերջապես ինչ է կատարվում Հայաստանումՙ շքեղ աշխատասենյակներից ու ծառայողական մեքենաներից, բանկետներից ու ընդունելություններից անդին:
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, Report.am