Սակայն հրեական լոբբիի ազդեցությունը Հանրապետական կուսակցության վրա կարող է հուսախաբ անել Անկարային
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն էին: Դրանք անցկացվել են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 եւ 100 տեղանոց Սենատի 37 տեղերի համար: Ընտրությունների արդյունքում հանրապետականները Ներկայացուցիչների պալատում ստացան 435 տեղերից 243-ը, զգալի գերազանցելով ոչ միայն 192 տեղ ստացած դեմոկրատներին, այլեւ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 218 ցուցանիշը: Այսպիսով, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վերահսկողությունը Դեմոկրատական կուսակցությունից անցավ Հանրապետական կուսակցությանը:
Թեեւ մինչ այդ 57 տեղեր ունեցող դեմոկրատների թիվը Սենատում կրճատվեց 51-ի, այնուամենայնիվ, նրանք թեկուզ մեկ ձայնի առավելությամբ կարողացան այնտեղ պահպանել իրենց մեծամասնությունը: Սակայն դա իրերի դրությունը չի փոխում, քանի որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու շնորհիվ հանրապետականները ստանում են նախագահ Բարաք Օբամայի Կոնգրեսին ներկայացված օրինագծերին հակադրվելու հնարավորություն:
Այլ կերպ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների նկատմամբ հանրապետականների հաղթանակը ակնհայտ է եւ անակնկալ էլ չէր: Պարզապես վիճելին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ում առկա տնտեսական դժվարությունների պատճառաբանությամբ Օբամայի վարչակարգի վարկանիշի անկման հետ պայմանավորելն է: Անկախ վարկանիշի տատանումներից, ԱՄՆ-ում, որպես կանոն, միշտ ձգտել են նախագահի ազդեցությունը հակակշռել Կոնգրեսովՙ նախապատվությունը տալով հակադիր կուսակցությանը:
Համենայն դեպս, որքան էլ արդյունքները կանխատեսելի լինեին, ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները եղել են աշխարհի ուշադրության կենտրոնում: Ընտրություններում հանրապետականների հաղթանակի ակնկալիքով դրանց ընթացքին ուշիուշով հետեւում էր նաեւ Թուրքիան, ունենալով դրա համար ԱՄՆ-ի հետ տարաձայնություններից, դրանց վրա թուրք-իսրայելական լարվածության բացասական ազդեցությունից բխող լուրջ պատճառներ, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանի նորմալացնելու նախագահ Օբամայի մոտեցումն ու Հայոց ցեղասպանության օրինագծին դեմոկրատների աջակցությունը:
«Միլլիեթը» նոյեմբերի 1-ի համարում, բնութագրելով որպես վճռորոշ Կոնգրեսի ընտրությունները, ի նպաստ Թուրքիայի էր համարել ուժերի հավասարակշռության փոփոխությունը: Այն առումով, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացման հարցում որդեգրած դիրքորոշումը եւ Իսրայելի հետ հարաբերությունների սրումը պատճառ էին դարձել, որ ԱՄՆ գործող Կոնգրեսը բացասաբար տրամադրվի Թուրքիայի դեմ: Ավելին, կոնգրեսականների ստվար մի հատված Իսրայելի հետ լարվածության համար պատասխանատու է ճանաչում Թուրքիային:
Այս ամենի հետեւանքով կոնգրեսականները բացասաբար էին վերաբերվում Թուրքիային նոր զինատեսակների մատակարարմանը, խոչընդոտում էին Ֆրանս Ռիկարդոնեի նշանակմանը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը շարունակում է թափուր մնալ հուլիսի 31-ից, իսկ Օբամայի վարչակարգը, պահանջելով հայ-թուրքական արձանագրությունների առանց նախապայմանի վավերացումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հարցում «ընդառաջում» էր Երեւանին:
Միաժամանակ ընտրություններում հանրապետականների հաղթանակով Նենսի Փելոսին զրկվում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակի, Սթինի Հոյերը մեծամասնական խմբակցության ղեկավարի, իսկ Հովարդ Բերմանըՙ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Հիրավի, ընտրությունների արդյունքում նրանք կորցրել են զբաղեցրած պաշտոնը: Սակայն վերընտրվել են, նրանց հետ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի, Հայ իրավանց խորհրդի սատարած թեկնածուների ավելի քան 90 տոկոսը, այդ թվումՙ այնպիսի հայամետ կոնգրեսականներ, ինչպիսիք են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Մարկ Քըրքը, Հայոց ցեղասպանության օրինագծերի հեղինակներ Ադամ Շիֆն ու սենատոր Բարբարա Բոքսերը:
Հակառակ դրան, չեն վերընտրվել Թուրքիա-ԱՄՆ բարեկամության միջխորհրդարանական խմբի մի շարք անդամներ, այսպիսով, զգալի կրճատվել է 125-հոգանոց խումբը: ANCA գործակալության վկայությամբ, ԱՄՆ-ում գործող թուրքական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչ Ալի Չինարը, նշելով այդ մասին, այնուամենայնիվ, հօգուտ Թուրքիայի է համարում ընտրությունների արդյունքները:
Ըստ երեւույթին նա նկատի ունի Ներկայացուցիչների պալատի խոսնակի, մեծամասնության ղեկավարի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի փոխարինումը հանրապետականներով: Այդ իսկ պատճառով էլ Թուրքիայի համար հուսադրող է համարում հանրապետականների հաղթանակը:
Սակայն խնդիրը սոսկ Հայոց ցեղասպանության բանաձեւերը չեն, ոչ էլ դեմոկրատ Փելոսիի, Հոյերի կամ Բերմանի պաշտոնազրկումը, այլ հանրապետականների, հատկապես արմատական թեւի վրա հրեական լոբբիի ազդեցությունն ու Կոնգրեսի «հակաթուրքական ձեռնարկումներում» վերջինի ակտիվ դերակատարությունը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության մեջ դեմոկրատների համեմատ հանրապետականների ավելի ագրեսիվ եւ կարգազանց դաշնակիցների նկատմամբ ավելի խիստ կեցվածքը: Սա նշանակում է, որ հանրապետականների առաջին հայացքից հուսադրող համարվող հաղթանակը ընտրություններում կարող է միանգամայն հիասթափեցնել Թուրքիային, եթե նա չվերանայի Իրանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն ու սեփական նախաձեռնությամբ չկարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ: