«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2010-11-02 | #201, 2010-11-03 | #202, 2010-11-04


ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՆ

Այս տարվա օգոստոսի 16-ը, ինչպես նաեւ նույն ամսվա 20-ը, առանց չափազանցության, պատմական տարեթվեր են: Նախ` օգոստոսի 16-ին Բաքվում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ադրբեջանցի գործընկերոջ հետ ստորագրեց «ռազմավարական, փոխադարձ օգնության» պայմանագիր: Ալիեւ կրտսերը իսկույն այն որակեց պատմական: Օգոստոսի 20-ին արդեն Երեւանի «հերթն» էր. Հայաստան պաշտոնական այցով ժամանած ՌԴ նախագահ Մեդվեդեւը այդ օրը մինչեւ 2044-ը` հավելյալ 5 տարի ավելացնելու պայմանով, նախագահ Սարգսյանի հետ ստորագրեց Հայաստանում ռուսական ռազմական բազայի ներկայության երկարաձգման պայմանագիր: Ռուսաստանը պարտավորվեց «ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ պաշտպանել Հայաստանի պետական ողջ սահմանը»: Մի պահ մոռանալով Ադրբեջանի բազմաթիվ տնտեսական ծրագրերը, Իլհամ Ալիեւի անձնական հարստությունը, կենտրոնանանք միայն այս երկու փաստի վրա եւ փորձենք պատասխանել` հնարավո՞ր է արդյոք նոր` հայ-ադրբեջանական պատերազմ Հարավային Կովկասում. մի կարեւոր հիշեցում եւս` Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Բնականաբար, հայկական եւ ադրբեջանական կողմերի ռազմական գործիչները` մասնագիտության բերումով, չեն բացառելու պատերազմի վերսկսումը, քաղաքական գործիչները եւ «նրանցից սնվող ու նրանց սնող փորձագետները»` հատկապես ընտրությունների շեմին, անդադար շահարկելու են թեման, ազգաբնակչության շրջանում գոնե որոշակի խառնաշփոթ, եթե չասենքՙ վախ, առաջանալու է, մանավանդ, երբ կոնկրետ հայ հասարակությունը ականատեսն է Ադրբեջանի անընդհատ աճող ռազմական բյուջեին ու թարմացվող ռազմական տեխնիկային ու այդ հիմքով նախագահ Ալիեւի միանման հայտարարություններին: Սակայն ի վերջո հնարավո՞ր է արդյոք պատերազմի վերսկսումը: Մի պարզ ճշմարտություն կա` եթե կողմերը բանակցում են, ուրեմն պատերազմը` առնվազն հեռու է. Հայաստանն ու Ադրբեջանը այսօր բանակցում են, ճիշտ էՙ երբեմն պարզ չէ, թե ինչի մասին: Սակայն պարզ է, թե ում նախաձեռնությամբ, եւ դա ամենեւին էլ լրիվ Մինսկի խումբը չէ, այլ միայն Ռուսաստանը, որի նախաձեռնությունները` կոնկրետ այս հարցում, անվերապահ ընդունվում են Փարիզից եւ Վաշինգտոնից: Ուրեմն ստացվում է, որ Մոսկվան` կողմերին անընդհատ բանակցությունների սեղան վերադարձնելովՙ ամենեւին էլ չի ցանկանում պատերազմի վերսկսում, ստացվում է նաեւ, որ նույն ցանկությունն ունեն ԱՄՆ-ը եւ Եվրոպան` ի դեմս Ֆրանսիայի: Այս երեք ուժերի համաձայնությունից (որն ինքնին արդեն բացառիկ է) ծնված դիրքորոշմանը ախարհում շատ քչերը կարող են չհամաձայնել, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատապես այդ քչերից չեն, մանավանդ որ չպատերազմելու ցանկությունը ամենեւին էլ պարտադրված չէ: Ստացանք, ուրեմն մի պատկեր, որտեղ ոչ ոք չի ուզում պատերազմել, սակայն կողմերից մեկը պարբերաբար խոսում է այդ հավանականության (ոչ ցանկության) մասին: Ընդ որում` գործ ունենք միայն Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունների եւ առանձին ծայրահեղական տարրերի կարծիքի հետ: Կրկին չմանրամասնենք, թե ինչ կկորցնի կոնկրետ Ադրբեջանը` պատերազմ սկսելով, ինչպես արդարացիորեն պնդում է հայկական կողմը` տարածքներ, ինչպես չի պնդում, բայց հաստատապես մտածում է Մինսկի հզոր եռյակը` միջազգային հանրության վստահությունը, որն է` տնտեսական ներդրումներ, համատեղ նախագծեր, նավթի ու գազի գնորդներ...եւ ի վերջո` Ղարաբաղ, ու վերջնականապես: Ադրբեջանի ղեկավարության համար սա վատթարագույն պատիժ է, հետեւաբար` Ադրբեջանի ղեկավարությունը պարզապես խոսում է` եթե ընտրություններ չկան` «միգուցե վախենա՞ն» սկզբունքով, եթե ընտրությունների շեմին են` «որպեսզի ընտրվենք» սկզբունքով:

Բայց կրկին վերադառնանք 2010-ի օգոստոս, սակայն նախքան դա անելը` հիշենք 1996-ը եւ 1999: 1996-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց համաձայնագիր` «Ռազմական կրթության եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին», 1999-ին նույն երկրները ստորագրեցին «Ռազմավարական համագործակցության մասին» պայմանագիր: Ինչպես փոխանցում է Regnum գործակալությունը` Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը «վերջինիս դեմ իրականացված յուրաքանչյուր ագրեսիայի պարագայում», իսկ Ադրբեջանը «չի կարող պատերազմ սկսելու ինքնուրույնՙ առանց Թուրքիայի համաձայնության, որոշում կայացնել»: Ահա եւ վերջ: Միայն փաստենք` 2010-ի օգոստոսի 20-ից Ռուսաստանը, իր հերթին, սկսեց երաշխավորել ՀՀ պետական անվտանգությունը` սահմանի ողջ երկայնքով: Ինչպես մի քանի օր առաջ նկատեց ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` «Թուրքիան ամեն բանով օժանդակում է Ադրբեջանին, եւ այնպես է ստացվել, որ Ռուսաստանն իր հերթին օժանդակում է Հայաստանին: Եթե հանկարծ պատերազմը վերսկսվի, ապա Մոսկվան կմիջամտի, սակայն այդ միջամտությունը միտված կլինի խաղաղություն պարտադրելուն Ադրբեջանին»:

Ուրեմն` կլինի՞ նոր պատերազմ ղարաբաղյան գոտում. ցանկություն ոչ ոք չունի, մտադրություն` եւս, սակայն հավանականություն` կա, իսկ այն ներկայացնող Ալիեւ կրտսերը հավակնում է դառնալ առաջին ադրբեջանցին, որը, հրաժարվելով անձնական հարստությունից,... կարող է սկսել համաշխարհային պատերազմ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4