«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2010-11-02 | #201, 2010-11-03 | #202, 2010-11-04


ԿԵՂԾԻՔԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի ինտերնետ կայքը` www.human-gov.az, ունի «Ադրբեջանում ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ» բաժինը: Իհարկե, որպես «գործողությունների կազմակերպիչ» մատնանշված են հայերը:

Որ դա զուտ քարոզչական եւ իրականության հետ կապ չունեցող նյութ է, կարելի է ապացուցել անգամ թռուցիկ դիտարկումների սահմանում: Այսպես. «1989թ. սեպտեմբերի 16-ին Եվլախի շրջանի տարածքում պայթեցվել է Թբիլիսի-Բաքու երթուղային ավտոբուսը, 5 մարդ զոհվել է, 25-ը` վիրավորվել»:

Նշված ժամանակաշրջանում Հայաստանը խորհրդային հանրապետություն էր, չուներ ազգային հատուկ ծառայություններ, իսկ Լեռնային Ղարաբաղում հայտարարված էր հատուկ դրություն: Բնականաբար, որեւէ մեկը, եթե նա ազգությամբ հայ էր, չէր կարող մուտք գործել Եվլախի շրջանի տարածք, որպեսզի իրականացներ Թբիլիսի-Բաքու երթուղային ավտոբուսի պայթեցումը:

«1990թ. փետրվարի 13-ին Եվլախ-Լաչին մայրուղու 105-րդ կլիոմետրի վրա պայթեցվել է Շուշի-Բաքու երթուղային ավտոբուսը, ծանր վիրավորվել է 13 մարդ»,- կարդում ենք նույն տեղում: Խարդախությունն ակնհայտ է. Շուշի-Բաքու երթուղու ավտոբուսը, եթե դեպքը տեղի է ունեցել Եվլախ-Լաչին ճանապարհի 105-րդ կիլոմետրի վրա, պայթեցվել է Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա վարչական սահմաններից դուրս տարածքում:

Սա` առաջինը: Երկրորդ, արդեն արտակարգ դրության ռեժիմում գտնվող ԼՂ-ում տրանսպորտային միջոցների տեղաշարժը խիստ սահմանափակված էր եւ վերահսկվում էր: Երրորդ` Շուշիից տրանսպորտային միջոցներն այն ժամանակ ԼՂ տարածքում շարժվում էին զինվորական կարգախմբերի ուղեկցությամբ:

«1990թ. օգոստոսի 10-ին պայթեցվել է Թբիլիսի-Աղդամ երթուղային ավտոբուսը, զոհվել է 20, վիրավորվել` 30 մարդ», տեղեկացնում է կայքը: Թբիլիսի-Աղդամ երթուղու ավտոբոսը, սկսած Խրամ գետի կամրջից, պետք է որ տեղաշարժված լիներ բացառապես Ադրբեջանի տարածքում, ուստի անհավանական է, որ որեւէ հայ կարողանար ահաբեկչություն կազմակերպել: Զոհված եւ վիրավորված ուղեւորների թիվը չի համապատասխանում խորհրդային դարաշրջանի ավտոբուսների ուղեւորատարությանը: Եթե դա նույնիսկ եղել է հունգարական «Իկարուս» մակնիշի ավտոբուս, ապա, միեւնույնն է, առավելագույնը կարող էր տեղափոխել ոչ ավելի, քան 40 ուղեւոր:

Այսպես` մինչեւ վերջ: Հայերին է վերագրվում նույնիսկ Կրասնովոդսկ-Բաքու լաստանավի պայթյունը: Նպատակը մեկն է` տեղեկատվական մթնոլորտ ստեղծել, համառորեն պնդել, որ «Ադրբեջանը եւ ադրբեջանական ժողովուրդը ահաբեկչության զոհ են»:

Հեղինակները նույնիսկ հայտնագործել են երբեւէ գոյություն չունեցած «Աղդամ- Խոջավենդ» (նկատի է առնված ԼՂ Մարտունի շրջկենտրոնը) երթուղի, որտեղ, իբր, նույնպես ավտոբուս է պայթեցվել: Կեղծարարներն իրենց խելքով են չափում բոլորին եւ չեն սպասում, որ դատող մեկը կհարցնի, թե ի՞նչ ազգության ուղեւորներ էին Աղդամից մեկնում Մարտունի, եթե առաջինն ադրբեջանական, երկրորդը` հայկական բնակավայր է, իսկ երկու ժողովուրդների միջեւ պարզ մարդկային շփումներն անգամ Ադրբեջանի իշխանությունների հրահանգով եւ ՕՄՕՆ-ական խաժամուժի եռանդուն ջանքերով խաթարված էին, ուր մնաց` նրանք միմյանց հետ տրանսպորտային հաղորդակցություն ունենային:

Կայքի հեղինակներին Աստված ի սկզբանե է պատժել` զրկելով նրանց տրամաբանելուց: Ո՞ր բանական մարդը, մանավանդ եթե ծանոթ է իրադարձություններին, կհավատա, որ «1992 թ. հունվարի 28-ին հայ ահաբեկիչները Շուշի քաղաքի մոտ կործանել են ՄԻ-8 քաղաքացիական ուղղաթիռ, որն իրականացնում էր Աղդամ- Շուշի չվերթը, ինչի հետեւանքով զոհվել է 44 մարդ, հիմնականում` կանայք եւ երեխաներ»:

Ադրբեջանական քարոզչական տեխնոլոգներն իրավիճակը ներկայացնում են այնպես, ասես ամեն ինչ խաղաղ էր, աղդամցիները շուշեցիներին հյուր էին գնում, իսկ «հայ ահաբեկիչները վերցրին եւ կործանեցին քաղաքացիական ուղղաթիռը»: Իրականում, մինչդեռ, հնարավոր չէ, որ նշված օրը Աղդամից Շուշի քաղաքացիական ուղղաթիռ թռչեր: Այն պարզ պատճառով, որ նախօրեին Շուշիից ադրբեջանական կանոնավոր զորքերը հարձակվել էին Քարինտակ փոքրիկ գյուղի վրա, խայտառակաբար պարտվել, եւ դրությունն այնքան էր լարված, որ հազիվ թե աղդամցիներն իրենց կանանց եւ երեխաներին Շուշի ուղարկելու ցանկություն ունենային: Այն էլ` ձյուն-ձմռանը: Եվ ինչ ջանասիրությամբ են ստում` ներկայացնելով, որ ՄԻ-8 ուղղաթիռում եղել է 44 ուղեւոր:

Խորհրդային այդ «ճպուռիկ» ուղղաթիռը կարող էր ընդունել առավելագույնը 20 ուղեւորի: Ամենայն հավանականությամբ, դա եղել է զինվորական ուղղաթիռ, որը, հավանաբար, թռչում էր օգնելու Քարինտակը գրոհած զորքերին կամ` տեղափոխելու զոհված ասկյարների դիակները:

Ով չի հավատում, թող համացանցում «Ադրբեջանի ազգային հերոսներ» նշումով փնտրի եւ կարդա, որ հիշյալ ուղղաթիռի անձնակազմի հրամանատարն էր Վիկտոր Վասիլեւիչ Սերյոգինը, երկրորդ օդաչուն` Սաֆիր Ախունդովը, բորտմեխանիկը` Արաստուն Մահմուդովը: Բոլոր երեքն էլ հետմահու արժանացել են Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: Որեւէ քաղաքացիական անձ նման պատվի Ադրբեջանում չի արժանացել:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4