«Wall Street Journal» պարբերականն անդրադարձել է Հարավային Կովկասում սպառազինության խնդրինՙ հստակորեն ադրբեջանամետ կեցվածք ներկայացնելով հարցերի ենթատեքստի առնչությամբ, թեեւ ընդհանրական առումով հարցը բարձրացվում է ընդհանրապես սպառազինության մրցավազքի վտանգավորության մասին:
Բյուրութ Գրգիչը, որ հոդվածի հեղինակն է եւ ներկայացվում է որպես Եվրոպական քաղաքականության կենտրոնի տրանսկասպյան նախաձեռնության հիմնադիր եւ ղեկավար, «Խուսափելով Հարավային Կովկասում հաջորդ պատերազմից» վերնագրով հոդվածում նշում է, թե Եվրոմիությունը համարժեք չի արձագանքում «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ աճող լարվածությանը»:
«Այն ժամանակ, երբ եվրոպական կառավարությունների մեծ մասը կրճատում են պաշտպանական ծախսերը` հավասարակշռելու իրենց բյուջեները, առնվազն երկու երկիր մայրցամաքում անում են ճիշտ հակառակը. Ադրբեջանն ու Հայաստանը մեծացնում են իրենց պաշտպանական ծախսերը` նույնն անելով վերջին մի քանի տարիներին», հոդվածում նշում է Գրգիչը:
Այդուհետեւ թե ինչպես է ներկայացնում ղարաբաղյան հարցի փոքրիկ նախապատմությունը պրն Գրգիչը, պարզ է դառնում, որ հեղինակի օբյեկտիվությունը բավականին հաջող «տեղավորվել է» ադրբեջանական տեսակետներում: Ավելին, հեղինակի գնահատմամբ, ստացվում է, որ «միլիոնավոր փախստականներն ու հարցի ձգձգումը» մասամբ մեղավոր են «Ադրբեջանում զայրույթի մեծացման հարցում»: «Ինքնաբավ, հարուստ, երեք միլիարդը գերազանցող բյուջե ունեցող Ադրբեջանը ինքն իրեն համոզում է, որ Լեռնային Ղարաբաղի ազատագրման պատերազմը կարող է ոչ վատ քայլ լինել», գրում է ադրբեջանամետ հեղինակը:
Այդուհանդերձ, «Wall Street Journal»-ի մատուցմամբ, Եվրոմիությունը, բացի ադրբեջանական պաշտոնյաներին կռվի հրձիգ անվանելուց, համարժեք չի արձագանքում տարածաշրջանում լարվածության մեծացմանը: Եվ, ըստ հեղինակի, պատերազմի վերսկսման դեպքում կվտանգվի նաեւ Եվրոմիության էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ մեծացնելով ահաբեկչական եւ մաքսանենգության հնարավորությունները:
Ամբողջությամբ ադրբեջանական տեսակետ ներկայացնող հեղինակի պարագայում անգամ հետաքրքրական է, որ «Wall Street Journal» պարբերականը բարձրացնում է հարավկովկասյան տարածաշրջանում սպառազինությունների անիմաստության հարցը` սեփական տեսակետի համաձայն դրանում կարեւորելով Եվրոմիության դերակատարության մեծացումը, հատկապես որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից են:
Ա. Հ.