Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ հռչակված է նպատակ, այն դեպքում, երբ տարածքային ամբողջականությունը սկզբունք է, որն, ի դեպ, չի կարող պաշտպանված լինել, եթե դրա պաշտպանությունը սպառնում է ինքնորոշման իրավունքի իրացմանը:
Իրավական առումով այս պարզ իրադրությունը որեւէ կերպ համարժեք արտացոլում չի գտնում քաղաքական իրողություններում, որոնցում Ադրբեջանը փորձում է աշխարհին ապացուցել, թե տարածքային ամբողջականությունն ամենակարեւոր ու թերեւս միակ սկզբունքն է:
Այս համատեքստում էլ կարելի է դիտարկել Նյու Յորքում դեռեւս շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի որոշ քննարկումներ: Նստաշրջանում հիմնական կոմիտեների աշխատանքները եւս շարունակվում են: ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 3-ին քննարկումներ են տեղի ունեցել «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» օրակարգային կետի շուրջը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակություններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վերահաստատում է միջազգային իրավունքի այս կարեւոր սկզբունքի այժմեականությունը եւ կարեւորությունը:
Ըստ տեղեկության, քննարկումներին մասնակցել է նաեւ Հայաստանը` ի դեմս ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի : Վերջինս նշել է, որ այդ իրավունքի ոտնահարումը հանգեցնում է ողբերգական հետեւանքների, պատերազմի ու ավերածությունների:
«Արցախում հայ ժողովուրդը պայքարել է իր ազատության իրավունքի համար` դիմակայելով իր նկատմամբ սանձազերծած պատերազմին եւ իր նախնիների հայրենիքից բնաջնջելու բոլոր փորձերին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, կատարել է իր սուվերենության օգտին ընտրությունը եւ այդ նպատակին հասնելու համար գործադրել բոլոր իրավական մեխանիզմները», նշել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Նա նաեւ կարեւորել է ՄԱԿ-ի դերակատարումը եւ մանդատը երաշխավորելու համար ազգերի եւ ժողովուրդների կողմից անվերապահ ու մշտական հիմունքով ինքնորոշման իրավունքի իրականացումը:
Հայաստանի ներկայացուցիչը նաեւ զավեշտալի է համարել այն փաստը, որ Ադրբեջանն առհասարակ ելույթ է ունենում օրակարգի տվյալ կետի ներքո` միեւնույն ժամանակ փորձեր կատարելով անտեսել արցախահայության ինքնորոշման իրավունքը: Նազարյանը նշել է, որ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները մշտապես բացակայել են Ադրբեջանում, դրանք փոխարինվել են կամայական եւ անօրինական ակտերով:
«Միջազգային հանրությունն ականատես եղավ, որ շարունակվող քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության արդյունքում ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ կազմակերպվեցին ջարդեր, խոշտանգումներ, սպանություններ, որոնք աշխարհը ցնցեցին իրենց վայրագությամբ եւ բարբարոսությամբ», հայտարարել է Նազարյանը: Նրա խոսքերով, սա էր Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղին, երբ վերջինս իրականացրեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքը:
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը փաստել է. «Տարածաշրջանում ներկա իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների եւ, ի վերջո` ռազմական ագրեսիայի ու պատերազմի»:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ