«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2010-11-03 | #202, 2010-11-04 | #203, 2010-11-05


«ՔԱՆԻ ԴԵՌ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՈՂՋ Է, ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ»

Խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը

Նոյեմբերի 3-ին, թուրքական հեռուստաալիքների վկայությամբ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ուֆուք Ուրասը, որը լայն ճանաչում ունի պոլսահայ շրջանակներում, հետեւյալ հարցումն է արել կառավարությանը. «Ինչո՞ւ չի թույլատրվում վատառողջության պատճառով իր պարտականություններն իրականացնելու կարողությունից զրկված Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի փոխարեն նոր պատրիարքի ընտրությունը: Ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը անպատասխան է թողնում պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբի դիմումը: Մի՞թե երկրի շահերից է բխում Թուրքիայի հայերին առանց պատրիարքի թողնելը»:

Պատգամավոր Ուրասի հարցին պատասխանելիս Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հիշեցրել է 2009-ի դեկտեմբերի 3-ին հայոց պատրիարքարանի Ստամբուլի նահանգապետարան ներկայացրած դիմումը: Նա նշել է, որ այդ դիմումով պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը Մութաֆյանին ցմահ պատրիարք է ճանաչել, ելնելով վերջինի առողջական վիճակից, միաժամանակ պահանջել է «աթոռակից» պատրիարքի ընտրություն, նախապես իրազեկելով «աթոռակից պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբի» ստեղծման մասին:

Այնուհետեւ նախարար Աթալայը շարունակել է. «Մինչ քննարկվում էր այս պահանջը, 2010-ի հունվարի 14-ին ներկայացվեց նոր պատրիարքի ընտրության անհրաժեշտությունն ընդգծող մեկ այլ դիմում, որտեղ պահանջվում էր նույն թվի մայիսի 12-ին պատրիարքական ընտրությունների նշանակում: Այս դիմումով Ստամբուլի նահանգապետարան էր դիմել պատրիարքարանի նախաձեռնությամբ կազմավորված «աթոռակից պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը», որի դիմումը հակասում է հոգեւոր խորհուրդի դիմումին: Այս հակասության պատճառով, որը պայմանավորված էր ստանձնած պարտականությունը այլ կերպ ընկալելու նախաձեռնող խմբի մոտեցումով, Ստամբուլի նահանգապետարանը անպատասխան թողեց խնդրո առարկա խմբի հունվարի 14-ի դիմումը»:

Վերջում Թուրքիայի ներքին գործերի նախարարն ավելացրել է. «Պատրիարքի պարագայում տեղապահի ինստիտուտը նոր չէ, այլ նախատեսվում է պատրիարքարանի ներքին կանոնադրությամբ: Ոչ ոք չի հրաժարվել նոր պատրիարքի ընտրության գործընթացից: Պատրիարքի տեղապահի նշանակումը անհրաժեշտություն էր եւ կրում է ժամանակավոր բնույթ: Քանի դեռ պատրիարքը ողջ է, նրան կփոխարինի տեղապահը: Եթե նա մահանա, այդ դեպքում արդեն կնշանակվեն նոր պատրիարքի ընտրություններ»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4