«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2010-11-03 | #202, 2010-11-04 | #203, 2010-11-05


ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հուշարձանների վերականգնման կենտրոնը ստեղծվել է այս տարվա մարտ ամսին կառավարության որոշումով եւ գործում է մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Հուշարձանների վերանորոգումն ու վերականգնումը նորաստեղծ կենտրոնի հիմնական նպատակներից է: Կենտրոնը նախատեսում է նաեւ կադրերի վերապատրաստում: Հուշարձանների վերականգնումն ու պահպանումն այսօր օրակարգային խնդիրներ են: Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Չեմ ուզում ասել` այս ոլորտն անուշադրության է մատնված, բայց, ցավոք, անտեսված վիճակում է: Խնդրին լուծում տալու համար պետության միջոցները բավարար չեն»: Ամեն տարի բյուջեից գումար է հատկացվում հուշարձանների վերականգնման համար: «Մեր պետության համար դա միգուցե մեծ գումար է, բայց իրականում շատ չնչին է», երեկ «Հենարան» ակումբում նշեց Վարդան Պարսամյանը: Այս տարի հուշարձանների վերականգնման եւ պեղումներ կատարելու համար հատկացվել է 213 միլիոն դրամ: Որպեսզի հստակ պատկերացնենք, թե 213 միլիոն դրամը որքան չնչին գումար է հուշարձաններ վերականգնելու համար, բանախոսը տեղեկացրեց, որ միջին վնասվածության մեկ հուշարձան վերականգնելու համար ծախսվում է շուրջ 80-100 միլիոն դրամ: Ըստ կառավարության հաստատած ծրագրի` տարեկան ուսումնասիրվում են 26 առավել վտանգված հուշարձանները: Վ. Պարսամյանը տեղեկացրեց, որ այս տարի 22 հուշարձաններ արդեն ուսումնասիրվել են: Շարունակելով խոսել Հուշարձանների վերականգնման կենտրոնի արդեն կատարած աշխատանքների եւ պլանների մասին` բանախոսը տեղեկացրեց, որ այս տարի շարունակել են դեռ 2-3 տարի առաջ սկսած վերականգնման աշխատանքները. «Նախ պետք է ավարտին հասցնել սկսածը, հետո անցնել հաջորդին»: Վարդան Պարսամյանը նշեց, որ վերականգնողական աշխատանքներ կատարվում են Եղեգիս գյուղի մոտ գտնվող Ցախաց քարի համալիրում եւ Խաչիկ գյուղի Քարկոփի վանքում: Վ. Պարսամյանը պատմեց, որ եղել են դեպքեր, երբ գնացել են ուսումնասիրելու հուշարձանը եւ հենց տեղում տեսել` ինչ-որ բարերար իր միջոցներով արդեն վերականգնել է հուշարձանը. «Այս դեպքում հայրենանվեր գործի համար շնորհակալություն ենք հատնել, բայց դիտողություն արել տեղյակ չպահելու համար: Հուշարձան վերականգնելը լուրջ գործընթաց է, ամեն վարպետ ու շինարար չէ, որ կարող են հուշարձան վերականգնել»:

  «Ազգի» հարցինՙ իսկ նորաստեղծ կենտրոնը հուշարձանների կոնսերվացման ի՞նչ աշխատանքներ է կատարել, Վ. Պարսամյանը պատասխանեց. «Հուշարձանի այն հատվածները, որոնք հնարավոր չէ վերականգնել, դրանք կոնսերվացնում են, որպեսզի գոնե եղածը պահպանենք: Օրինակ` Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանական համալիրում ստիպված կոնսերվացիա ենք կատարում, որովհետեւ լանջն այնտեղ չի կարելի ծանրաբեռնել, հողերը հոսող են, եւ լանջը կարող է փլվել»:

Հուշարձանների վերականգնման կենտրոնը ուսումնասիրություններ է կատարելու նաեւ Սանահինի վանական համալիրում, սակայն Սանահինի վերականգնման համար հսկայական գումարներ են հարկավոր: Վարդան Պարսամյանը կարծում է. «Մեր հուշարձաններն այնքան շատ են, որ բոլորը ուսումնասիրելն ու վերականգնելն անհնարին է»: Այստեղ խնդիրը ոչ միայն տրամադրվող գումարների ոչ բավարար լինելն է, այլեւ մենք կադրերի ու որակյալ մասնագետների կարիք ունենք: Արդեն երկու տարի Հայաստանի մշակույթի նախարարությունն ու Իտալիայի մշակույթի ու արտաքին գործերի նախարարությունը բանակցում են մի ծրագրի շուրջը, որը նախատեսում է վերականգնման ուսումնական կենտրոնի բացում: Նորաբաց կենտրոնի նպատակը լինելու է որակյալ կադրերի պատրաստումը: Վարդան Պարսամյանը կարծում է, որ նախ պետք է լրացնել մասնագետների ու անհրաժեշտ սարքավորումների պակասը:

  «Ազգի» մյուս հարցին, թե նորաստեղծ կենտրոնը ուսումնական հաստատություններում կազմակերպելո՞ւ է կրթական ծրագրեր եւ արդյոք նախատեսո՞ւմ է հուշարձանների մաքրման աշխատանքներ, Վարդան Պարսամյանը պատասխանեց. «Այդ հարցերով մեր կենտրոնը չի զբաղվում, բայց ես տեղյակ եմ, որ նման աշխատանքներով ակտիվորեն զբաղվում են տարբեր կուսակցությունների երիտասարդական թեւերը, ՄԱԿ-ի գրասենյակը, «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը»: Բանախոսի կարծիքով` լավ կլիներ մի օր վարչապետի հանձնարարականով մեր նախարարները մի տեղում շաբաթօրյակ անեին: Այդպիսի միջոցառումները կօգնեն փոխելու հասարակության վերաբերմունքը պատմամշակութային արժեքների հանդեպ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4