ՀՀ կառավարության նիստում, ի թիվս չորս տասնյակ որոշումների, հաստատվեց «Կենսաթոշակների վճարման կարգը»: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրեց, որ 2011 թ. հունվար ամսից թոշակառուների թոշակը կվճարվի երկու եղանակովՙ կանխիկ եւ անկանխիկ: Նախարարությունը առաջիկայում կտեղեկացնի, թե որ բանկերի հետ է կնքելու պայմանագիր, որպեսզի այն կենսաթոշակառուները, որոնք չեն ցանկանա իրենց թոշակն առձեռն ստանալ, կարողանան իրենց ազատ ընտրությամբ նշված բանկերում բացել հաշվեհամար, որի միջոցով կփոխանցվի նրանց գումարը: Թոշակառուն իր կենսաթոշակի վճարման տարածքային կենտրոնին պետք է ներկայացնի իր բանկային հաշվեհամարը: Կանխիկ վճարման ձեւը այսօր էլ գործում է եւ կգործի նաեւ հետագայում, եթե թոշակառուն չի ցանկանում պլաստիկ քարտով բանկից ստանալ իր թոշակը: Պլաստիկ քարտերը եւ բանկային գործառույթները իրականացվելու են անվճար, նաեւ թոշակառուն կարող է օգտվել տվյալ բանկի գործառույթներից ու ծառայություններից եւ ցանկացած պահին կարող է ստանալ իր կուտակած գումարը: Ըստ նախարարի, «այս բարեփոխման հիմնական ձեռքբերումն այն է, որ թոշակառուն քաղաքակիրթ ձեւով կսպասարկվի, տարածքային կենտրոններում հերթեր չի կանգնի, կբացառվի կենսաթոշակառու-վճարող անձ շփումը, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»:
«Ազգը» զրուցեց 74-ամյա Սահակ եւ 71-ամյա Վարսիկ Գեւորգյանների հետ եւ փորձեց տեղեկանալ, թե կօգտվե՞ն արդյոք պլաստիկ քարտով թոշակ ստանալու նոր որոշումից: Նրանք ասացին. «Եթե 400-800 դրամ պետք է վճարենք մինչեւ բանկ կամ բանկոմատ հասնելու համար, ապա նպատակահարմար ենք համարում տանը նստած մեր թոշակը ստանալ: Գուցե քաղաքակիրթ ձեւը շատերին դուր կգա, ովքեր ծեր չեն, հիվանդ չեն, ապա մեզ համար այդ նոր կարգը ընդունելի չէ: Թող էնպես անեն, որ փոստատարը, որը վճարվում է իր աշխատանքի համար մեր վաստակած թոշակից, որն առանց այն էլ շատ խղճուկ գումար է եւ դրանով ապրել հնարավոր չէ, 200-500 դրամ էն գլխից չվերցնի: Ինչ է ստացվում. փոստատարների վրա չեն կարողանում խիստ հսկողություն սահմանել, մեզՙ հիվանդներից, ծերերիս առաջարկում են բանկի ու բանկոմատների դռները ընկնել: Մենք այդ նոր տեխնիկայից բան չենք հասկանում ու թող մեզ չզայրացնեն իրենց նորարարություններով, այլ մտածեն, թե ինչպես ենք յոլա գնում այդ խղճուկ գումարով, երբ 50 տարվա աշխատանքային ստաժ ունենք»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ