«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2010-11-03 | #202, 2010-11-04 | #203, 2010-11-05


ՄԵԶ ԱՅՆՔԱՆ ՀԱՐԱԶԱՏ ՈՒ ՍԻՐԵԼԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՐԳԸ

Ռուսաց լեզու: Հիշողություններ, ոմանց մեջ նույնիսկ` կարոտ այն ժամանակների, երբ ռուսերենը Հայաստանում եթե օտար լեզու էր, ապա` առաջնային: Քաղաքական համակարգի փոփոխությունը, սակայն, վերջին տասնամյակների ընթացքում ռուսաց լեզուն Հայաստանում դարձրեց օտարներից մեկը, մինչդեռ, օրինակ, հայ ուսանողի, գիտնականի համար մասնագիտական գրականությունը շարունակում է հասանելի մնալ բացառապես ռուսերեն, եւ թերեւս այդպես կմնա դեռ երկար ժամանակ: Հետեւաբար ռուսերենի տիրապետումը մեզանում դարձել է նույնիսկ ազգային շահ, գիտական գոնե եղած ներուժը պահպանելու տեսանկյունից առնվազն: Պետք չէ մոռանալ նաեւ, որ այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապրող, պաշտոնական տվյալներով ավելի քան 2,5 մլն հայերի համար (մի ամբողջ Հայաստանի բնակչություն) ամենօրյա լեզու է ռուսերենը, ուստի անտեսել այդ լեզուն, անվանել այն օտարներից մեկը` այդքան էլ արդարացի չէ...մանավանդ որ Հայաստանի դպրոցներում ունենք այսքան շատ ու այսքան լավ ռուսերեն խոսող, անգամ երգող երեխաներ:

Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի, ինչպես նաեւ «Ռուսկի միր» հիմնադրամի կազմակերպած «Երգը բարեկամության կամուրջն է» ռուսական երգի փառատոնը արդեն մարզային փուլում կարելի է վստահաբար ասել, կայացել է: «Ազգը» փառատոնի հենց մեկնարկից տեղեկացրել է դրա ընթացքը, եւ պետք է ասել, որ նման աշխուժությունը սպասված չէր նույնիսկ կազմակերպիչների համար: Փառատոնին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը, մայրաքաղաքի դպրոցները. ընդհանուր առմամբ 1300-ից ավելի հայաստանյան դպրոցներ: Նոյեմբերի 3-ին Արմավիրի մարզում հայ-ռուսական տոն էր. մարզի` փառատոնին մասնակից 115 դպրոցներից ընտրվել էին լավագույն կատարողները, որոնք ներկայացված էին մարզային փուլին:

600 հոգանոց դահլիճ եւ ոչ մի ազատ տեղ

Այսպիսին է Արմավիրի մարզի` մարզային իշխանությունների, մանկավարժական կոլեկտիվի եւ ծնողների ու անշուշտ աշակերտների հետաքրքրությունը դեպի ռուսերենն ու ռուսական երգը: «Այս փառատոնը հայ-ռուսական համատեղ տոն է: Մենք անցնող տարիներին սկսել էինք մոռանալ ռուսերենը, սակայն փառատոնը վկայում է, որ մենք ոչ միայն հիշում ու սիրում ենք, այլեւ մեր երեխաները նույնպես հրաշալի տիրապետում են ռուսերենին», ասաց Արմավիրի մարզային փուլին մասնակից աշակերտներից մեկի ծնողը, ի դեպ, նրա զավակի կատարած «Հաղթանակի օրը» ոգեւորված դահլիճը պահանջեց կրկնել: Դահլիճում էր նաեւ մարզպետարանի ներկայացուցչությունը` ի դեմս մարզպետ Աշոտ Ղահրամանյանի . «Այսօր հրաշալի օր ենք անցկացնելու, օր, որ հագեցած է լինելու մեզ այնքան հարազատ եւ այնքան սիրելի ռուսերեն երգով», ասաց մարզպետը` Արմավիրի մարզպետարանի շնորհակալագրով պարգեւատրելով Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանին` «հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալից ավանդի համար»: Շնորհակալություն հայտնելով մարզպետին` Աղայանը նշեց. «Բավական է տեսնել այս լեփ-լեցուն դահլիճը, մասնակիցների խանդավառված դեմքերը, նրանց ոգեւորությունը, որպեսզի համոզվենք` փառատոնը կայացել է: Ավելին ասեմ` փառատոնը ոչ միայն նպաստում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը, այլեւ օգնում է բացահայտելու տաղանդաշատ երեխաներին»: 600 հոգանոց դահլիճում, որտեղ նույնիսկ կանգնելու տեղ դժվար էր գտնվում, ոչ միայն մասնակիցների դեմքերն էին խանդավառված, ոչ միայն նրանք էին ոգեւորված, այլեւ` բոլորը, ինչպես իսկական տոնի ժամանակ:

Վերջում Արմավիրի մարզը ընտրեց այն հինգ աշակերտներին, որոնք կներկայացնեն մարզը փառատոնի հանրապետական փուլում` նոյեմբերի վերջին մայրաքաղաք Երեւանում:

Հայաստանի պետական լեզուն հայերենն է. այն մեր ինքնությունն է, դրա հիմնական գրավականը, իհարկեՙ այլ օտար լեզուներ իմանալը նույնպես անչափ կարեւոր է, սակայն ռազմավարական միակ դաշնակցի լեզուն թերեւս Հայաստանի շահն է. մեր երկիրը այսօր ռուսալեզու դաշտում է, բոլոր` քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, եւ որքան շուտ մենք դա հասկանանք, այդքան շուտ կսովորենք օգուտներ քաղել դրանից. մի քանի օր առաջ Շիրակի մարզում, նոյեմբերի 3-ին Արմավիրի մարզում լեփ-լեցուն դահլիճները, «դպրոցական միջոցառումը» ազգամիջյան տոն անվանող հասարակությունը սա հասկացել է, եւ հետեւաբար` ռուսաց լեզու. հիշողություննե՞ր` ոչ, կարո՞տ` բնավ, առաջնային օտար լեզու` անշուշտ:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4