Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, ի շարս այլ թեմաների, անդրադարձել է նաեւ կովկասյան հակամարտություններին, այդ թվումՙ ղարաբաղյան կարգավորմանը:
Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան հօգուտ Ռուսաստանի նվազեցնո՞ւմ են իրենց դերակատարությունը Մինսկի գործընթացում, քանի որ Ռուսաստանն է ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ կազմակերպելու եւ միջնորդելու առաջնորդի դերը, Գորդոնը արձագանքել է, թե այդպիսի իրավիճակի մասին տեղեկությունը նորություն կլիներ ինչպես ԱՄՆ պետքարտուղարի, այնպես էլ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի համար:
«Կարծում եմ, դա նորություն կլինի պետքարտուղարի համար, ով չափազանց կենտրոնացած է այդ խնդրի վրա եւ բավական ժամանակ է տրամադրել դրա լուծմանը` աշխատելով Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ (հակամարտող) կողմերի հետ եւ հուլիսին այցելելով այդ երկու երկրները (Հայաստան եւ Ադրբեջան)», ասել է Գորդոնը:
Նրա խոսքերով, դա նորություն կլինի Մինսկի խմբում ԱՄՆ բանագնաց դեսպան Ռոբերտ Բրադկեի համար, ով իր ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ հսկայական ժամանակ է հատկացրել` այցելելով այդ երկրները: «Դա նորություն կլինի ինձ եւ այստեղ` պետական դեպարտամենտում ուրիշների համար, որովհետեւ Միացյալ Նահանգները` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, բայց նաեւ որպես Կովկասում կարեւոր խաղացող մեծ դեր է կատարում: Եվ մենք շատ կենտրոնացած ենք այդ խնդրի վրա, որովետեւ դա վտանգավոր կացություն է», ասել է Գորդոնը:
«Շփման գծում շատ հաճախ են լինում միջադեպեր, մենք վճռական ենք Մինսկի գործընթացի միջոցով կարգավորում կայացնելու հարցում, որի բացակայությունը մշտապես մտահոգիչ վիճակ է ստեղծելու: Դա կհանգեցնի երկու երկրների մեկուսացմանը այն դեպքում, երբ նրանք պետք է տնտեսության եւ դիվանագիտության առումով համագործակցեն: Դա կստեղծի բախման հնարավորություն, ուստի մենք իսկապես շատ ենք զբաղվում այդ հարցով», ընդգծել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Ադրբեջանում բլոգերների, նաեւ թերթի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւի, խոսքի ազատության այլ խնդիրների անդրադարձող հարցին ի պատասխան Գորդոնը նշել է. «Երբ ԱՄՆ նախագահը ինչ-որ հանդիպմանը, ի շարս ռազմավարական հարցերի, ժամանակ է ծախսում ու ընդգծում, թե ինքն անձամբ որքան է կարեւորում մարդու իրավունքների նման հարցերը, դա շատ կարեւոր հաղորդագրություն է: Եվ այդպես արեց ԱՄՆ նախագահը նախագահ Ալիեւի հետ հանդիպմանը Նյու Յորքում, եւ մենք կարծում ենք, որ ադրբեջանցիները գիտեն, որ աշխարհը մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցերին, եւ նրանք պետք է լուծեն այդ հարցերը»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Բաքվի վերաքննիչ դատարանը պետք է քններ կալանավորված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի հայցն ընդդեմ Հարադարի շրջանի դատարանի, սակայն փոխարենը վերաքննիչը Ֆաթուլաեւի ձերբակալման որոշում է կայացրել: Ֆաթուլաեւն արդեն երրորդ տարին բանտարկված է: Դատարանը ընդունել է Ֆաթուլաեւին ձերբակալելու որոշում` չնշելով ժամկետը: