Վերջին շրջանում կրկին արդիական է ԼՂՀ ճանաչման թեման: Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ հանդես եկած «Ժառանգություն» խմբակցությունը հերթական անգամ բախվեց հակազդեցության. «ԼՂՀ ճանաչման ժամանակը դեռ չի հասունացել»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գաղափարն ինքնին ընդունելի համարող ընդդիմախոսները գտնում են, որ «տարաձայնությունները ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական հարցերում են»:
Ամենայն հավանականությամբ, նման երկմտանքի առիթը լիրիկական` «գլխով թե սրտով»-ն է: Համենայն դեպս, խորհրդարանական քննարկումների ժամանակ «Ժառանգության» հակառակորդները հնչեցրին հետեւյալ տեսակետը. «Ես չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի գեթ մեկ հայ, որ չի ցանկանա ԼՂՀ-ի անկախության ճանաչումը, բայց դա պետք է չլինի ինքնանպատակ եւ պետք է չվնասի կարեւոր գործին»: Երկրի քաղաքական իշխանությունը գտնում է, որ խնդրի կարգավորման հնարավորությունը ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի շրջանակում դեռեւս սպառված չէ: «Հենց համոզվենք, որ խնդրի լուծումն այդ ձեւաչափում անհնար է, ի սեր Աստծո, օրենքի նախագիծը շրջանառվում է, անմիջապես կառաջադրենք ու կդնենք ճանաչման հարցը»: Բայց ԼՂՀ ճանաչման նախաձեռնողները գտնում են, որ առանց այն էլ ՀՀ-ն ուշացել է այս հարցում. «Մենք ԼՂՀ-ն պետք է ճանաչեինք դեռ 1992-ին եւ հենց այս դահլիճում: Պետք է դա անեինք 1994-ին` գոնե հրադադարի հայտարարմանը զուգահեռ: Վերջին հաշվով` գոնե Կոսովոյի, Աբխազիայի ճանաչմանը զուգահեռ: ԼՂՀ-ն արժանի է ճանաչման եւ անհրաժեշտ է, որ Հայաստանն առաջինը դա անի»:
Հետաքրքրական փաստ է. ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ տարբեր մակարդակի միջազգային շատ փորձագետներ մեկ անգամ չէ, որ հայտարարել են. «Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ն»: Այստեղ, իհարկե, կա ճշմարտություն, բայց` մասնակի: Բոլորն են հասկանում` Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ժամանակի հարց է: Հայաստանը դա դեռ չի արել` առաջնորդվելով այնուամենայնիվ «գլխով», ոչ թե «սրտով»... Այս հարցում «գլխով» առաջնորդվողների հիմնական փաստարկն այն է, որ «ճանաչումը կանխորոշում է բանակցությունների ելքը եւ խաչ է դնում դրանց վրա. ճանաչումից հետո քննարկման առարկա չի մնա»: Մինչդեռ «Ռեալպոլիտիկ» հաղորդաշարին տրված հարցազրույցում «այս պահին ճանաչման» նախաձեռնության հեղինակ Րաֆֆի Հովհաննիսյանը բերում է սեփական փաստարկը. «Իսկ մի՞թե Ադրբեջանը չի կանխորոշում բանակցությունների ելքը` ասելով, որ երբեք չի ճանաչի ԼՂՀ-ն` իբրեւ անկախ միավոր»: Նա գտնում է, որ Հայաստանի` ԼՂՀ անկախության ճանաչումը կհավասարակշռի կողմերի դիրքորոշումները` բանակցային գործընթացի արդյունքներն ամփոփելիս:
Այսպիսով` «գլխո՞վ», թե՞ «սրտով»:
Ճի՞շտ է արդյոք նման հարց առաջադրել` իմանալով, որ Հայաստանն արել է` ինչ կարող էր, որպեսզի Ղարաբաղը լինի ազատ եւ անկախ. ցուրտ ու մութ ժամանակներում, հետպատերազմյան զարգացման տարիներին` կիսելով Ղարաբաղի հետ կյանքն ու մահը, հացն ու ջուրը, դրոշի գույնն ու անձնագրի գույնը: Այն, ինչ բխում էր սրտից, արտացոլվեց «դե ֆակտո ճանաչման» մեջ: Մի՞թե միայն ՔԱԳԾ-ի փաստաթուղթը կարող է վկայել միավորված սրտերի սիրո մասին: Այդ ժամանակ առաջ է գալիս մյուս հարցը. իսկ «գլխո՞վ»:
Քաղաքական շատ գործիչներ այսօր ասում են, որ «Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ն, քանի որ դա ամենավերջին` պահուստային տարբերակն է, երբ մնացած բոլորը սպառված կլինեն...»: Հայաստանը, նրանց կարծիքով, ԼՂՀ-ի անկախությունը կարող է ճանաչել ամեն պահի. այժմ օրակարգային է այլ հարց` ինչպե՞ս համոզել մյուսներին դա անել: Եվ այդ հարցերի պատասխանը նրանք կոչ են անում գտնել, այնուամենայնիվ, ոչ «սրտով»...
ԼՂՀ-ի առաջին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը մի առիթով ասաց. «Շատ կցանկանայի, որ Ղարաբաղի անկախությունն առաջինը ճանաչեր Ադրբեջանը»: Այո՛, դա կլիներ իդեալական լուծում: Բայց, ինչպես հայտնի է, կովկասյան տաքարյունությանը հատուկ չեն կոնֆլիկտների իդեալական լուծումները: Եվ այստեղ, այնուամենայնիվ, գերակա է զգացմունքը, ոչ թե տրամաբանությունը...
Այս դեպքում, եթե վերադառնանաք հոդվածի սկիզբը. նպատակահարմա՞ր է արդյոք հենց հիմա ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչո՞վ է ճիշտ առաջնորդվել այսօր այս հարցում: Ասում են` քաղաքականության մեջ սրտի համար տեղ չկա. այնտեղ իշխում են միայն բանականությունն ու սառը դատողությունը... Նաեւ ասում են, երբ խելքն ու սիրտը մենամարտում են, պետք է լսել հոգուն: Իսկ հոգին այստեղ, այնուամենայնիվ, Ղարաբաղն է...
ԿԱՐԻՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ