«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2010-11-04 | #203, 2010-11-05 | #204, 2010-11-06


ՎՐԱՑ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ «ՀԱՆՃԱՐԵՂ» ՆԱԽԱԳԻԾԸ` «ԷՆՎԵՐ»

Ռուսական շփումները վտանգավոր են դառնում Վրաստանում ապրողների համար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են 13 անձի` մեղադրելով նրանց Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:

  «Ազգը» դեռեւս նոյեմբերի 2-ի համարում տեղեկացրել էր, որ ձերբակալվածների թվում կան նաեւ ազգությամբ հայեր: Նախնական տեղեկատվության համաձայն, ձերբակալվածները մեղադրվում էին լրտեսական ցանց ստեղծելու փորձերում եւ «իրենց աղբյուրներից տեղեկություններ ստանալու եւ ռուսաստանյան համապատասխան գերատեսչություններ այդ տեղեկությունները հասցնելու մեջ»:

Նշենք, որ դեռեւս 2006-ին վրացական իրականությունը հեղեղված էր լրտեսական պատմություններով, ձերբակալություններով ու Վրաստան-Ռուսաստան երկու երկրների փոխադարձ մեղադրանքներով: Այդպիսի ձերբակալությունների մասին վրացական իշխանությունների հայտարարությունները նախկինում հստակ ուղղվածություն ունեին` արդարացնել ռուսական ուղղությամբ ծրագրվող ռազմական գործողությունը կամ ամրապնդել «Ռուսաստանն ագրեսոր է» մոտեցումն աշխարհում:

Վրացական ընդդիմությունն, իր հերթին, այս ձերբակալությունները համարում է բեմականացում, հավաստիացնելով, թե դա արվում է ընդդիմության կողմից նոյեմբերին ծրագրված ակտիվության վրա ազդելու նպատակով:

Ի դեպ, լրտեսական գործունեության մեղադրանք նույն տրամաբանությամբ կարող է ներկայացվել նաեւ վրաց որոշ ընդդիմադիրների, որոնք Մոսկվայում կամ այլուր ռուսաստանյան ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ են ունենում:

Ամեն դեպքում, վրացական իշխանություններիՙ ձերբակալությունների եւ դրանց հիմնավորումների մասին նախընտրած լռությունը, ինչպես եւ նախապես խոստացել էին, խախտեցին երեկ: Ըստ այդմ, ձերբակալված 13 անձանցից 9 Վրաստանի քաղաքացիներ են, 4-ը` Ռուսաստանի Դաշնության: Ձերբակալությունների ցուցադրական բնույթը (հեռուստատեսությամբ) խորացնում է կասկածը պատճառների լրջության վերաբերյալ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, ձերբակալվածներից 6-ը Վրաստանի զինված ուժերի օդաչուներ են: Նրանց շարքը շարունակում են մեկ նավաստի-ռադիոմասնագետ, հյուրանոցային տեխնիկական մեկ մենեջեր եւ «Գլոբալացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության մի հիմնադիր: Առաջին ձերբակալությունները տեղի են ունեցել դեռեւս այս տարվա հուլիսին:

  «Ազգը» տեղեկացրել էր ձերբակալվածների թվում երկու հայերի մասին` Արմեն Գեւորգյանի եւ Ռուբեն Շիկոյանի, որոնք երկուսն էլ գործարարներ են, բաթումցի եւ, պարզվում է, նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Վերջին երկու ձերբակալվածները քոբուլեթցիներ են, որոնցից մեկն էլ` Յուրի Սկրիլնիկովը, իբր եղել է ռուսական ռազմական «հետախուզության հետ այդ խմբի կապավորը»:

Վրացական կողմի ներկայացմամբ, նշված անձինք իբր կապի մեջ են եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության հետ: Առավել բացառիկ է, որ այս միջադեպը հասարակությանը ներկայացվում է որպես դեռեւս 2006-ին տեղի ունեցած մեկ այլ լրտեսական սկանդալի հետեւանք, իբր այն ժամանակ հայտարարված` «մեղայականով ներկայանալու դեպքում քրեական պատասխանատվության չենթարկվելու» խոստմանը հետեւել է որոշ քաղաքացիների «մեղայականը»:

«Այս գործողությունը նշանակալիորեն պայմանավորված էր 2006-ին Վրաստանի իշխանությունների որոշմամբ, որի համաձայն անձինք, որոնք կամավոր կներկայանային եւ կխոստովանեին իրենց կապն արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ, կազատվեին քրեական պատասխանատվությունից», այսպիսի հայտարարություն է արել վրաց ներքին գործերի փոխնախարար Օրջոնիկիձեն: Նրա խոսքերով, դրանից հետո ՆԳՆ են ներկայացել «շատ մարդիկ, եւ նրանց տրամադրած տեղեկությունների հիման վրա էլ ծրագրվել է այս օպերացիան»:

ՆԳՆ-ի փոխնախարարի ներկայացմամբ, այս «լրտեսական բացահայտումը» վերջին մի քանի տարիների աշխատանքի արդյունք է, որն, ի դեպ, ծրագրված գործողությունների միայն մեկ փուլն է: Ընդ որում, ի սկզբանե այս «գործով, որ անվանված է «Էնվեր»», ձերբակալվել է 15 անձ, սակայն երկուսի հետ արարողակարգային գործարքներ են կնքվել:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրտեսական այս պատմության հենց սկզբում էր հայտարարել, որ թեեւ ձերբակալությունները տեղի են ունեցել, սակայն ՌԴ արտգործնախարարությունը չունի մանրամասն տեղեկություն այդ ձերբակալությունների մասին: Որպես միակ տեղեկություն Լավրովը նշել էր ձերբակալվածների` Վրաստանի քաղաքացիներ լինելու հանգամանքը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունը երեկ հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները տառապում են «խրոնիկ լրտեսամանիայով` համառուսական հողի վրա»: «Վերջին մի քանի տարիներին վրացական ղեկավարությունը քանիցս նման սկանդալներ է սարքել», նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հավելմամբ, որ այս սադրանքի ժամանակահատվածը պատահական չէ ընտրված. առջեւում ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովն է, նաեւ այլ միջազգային իրադարձություններ: Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովում էլ, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, վրացական կողմը պատրաստվում է հերթական համառուսական հայտարարություններին: «Դժվար թե ակնհայտորեն կեղծ այս պատմությունը որեւէ արդյունք տա», եզրակացրել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Ձերբակալությունների հիմնական մասը կատարվել է Բաթումում, որտեղ ձերբակալվել է նաեւ Աջարիայի հայերի միության նախկին նախագահ Արմեն Գեւորգյանը: Ըստ «Ինտերպրեսնյուզ» կայքէջի, Վրաստանի «Ջավախք» շարժման անունից ոմն Ռուբեն Թորոսյան հայտարարել էր, թե Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը եղել են շարժման մասնակիցներ, եւ նրանց ձերբակալությունը «հերթական ճնշումն է շարժման դեմ»: նույն այդ ժամանակ «Ազգի» հրապարակած տարակուսանքը, թե Արմեն Գեւորգյանն ու Ռուբեն Շիկոյանը կապ չունեն «Ջավախք» շարժման հետ, անմիջապես հաստատվել էր շարժման ղեկավարների կողմից:

Այդպես էլ հստակ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է ներկայացվել թեկուզ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բաթումցի հայերին: Միեւնույն ժամանակ, ինչ-որ անհասցե եւ անանուն հայտարարությունները մամուլում, թե Արմեն Գեւորգյանն ու Ռուբեն Շիկոյանը պետք է զգույշ լինեին իրենց կապերի ընտրության հարցում, հստակորեն վրացական իշխանությունների թելադրանքով արտահայտված կարծիք է այն պարզ պատճառով, որ Վրաստանում տարբեր ռուսական ընկերություններ են գործում, որոնց հետ համագործակցող անձինք բնավ էլ լրտեսությամբ չէ, որ զբաղվում են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4