Այդ մասին տեղեկացրել է թուրքական «Ռադիկալ» թերթըՙ նշելով, որ վերջերս երկրի քրիստոնեական եկեղեցիներից մեկում իրականացված ահաբեկչությունից հետո, որի ժամանակ ահաբեկիչները սպանել էին 52 պատանդի, թափ է ստացել քրիստոնյաների հեռացումն Իրաքից: Նկատի ունենալով այդ միջադեպը, ասորի քահանա Պիուս Կաշհան ասել է. «Այստեղ մենք այլեւս տեղ չունենք: Եկեղեցում աղոթքի պահին դաժանաբար սպանեցին անմեղ մարդկանց: Որոշ ուժեր ուզում են, որ գնանք, իսկ Իրաքի կառավարությունը նրանց դեմ միջոցներ ձեռք չի առնում: Բոլորն էլ հեռանալու են երկրից: Պարզապես սպասում են, որ ավարտվի ուսումնական տարին»:
Ի դեպ, նախքան Իրաքի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը երկրում բնակվում էր 800 հազար քրիստոնյա: Այդ ցուցանիշը 2003-ին ամերիկյան օկուպացիայի հետեւանքով կրճատվեց 500 հազարի: Երկրում 60 հազար ասորիներից մնացին ընդամենը 20 հազարը: Հարկ է սակայն նշել, որ քրիստոնյաների թվի կրճատումը սոսկ Իրաքով չի սահմանափակվում, այլ յուրահատուկ է նաեւ 356 մլն բնակչություն ունեցող Մերձավոր եւ Միջին Արեւելքին, որտեղ ներկայումս ընդամենը 20 մլն քրիստոնյա է մնացել:
Հ. Չ.