«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2010-11-04 | #203, 2010-11-05 | #204, 2010-11-06


ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՊԱՏՐԱՍՏ

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 10-րդ նիստը

Ատյանի նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց: Ներկայացնում ենք առաջինը, որը ներկայացրեց փոխնախարար Ստեփան Պետրոսյանը : Ներկայացնելով «Սփյուռք» տարեգրքի անդրանիկ տպագրությունը (2009) նա նշեց, որ այն սկսվել է առաքվել սփյուռքյան բոլոր համայնքներին, երկլեզու: Երկրորդ տարեգիրքը կտպագրվի 4000 օրինակով եւ ավելի ընդգրկուն կլինիՙ ողջ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերով: Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նորատիպ տարեգիրքը ու կարեւորեց նման հավաքական աշխատանքը:

Օրակարգի երկրորդ հարցը, որը ներկայացրեց Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ Արմեն Եղիազարյանը, վերաբերում էր «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որում ընդգրկված են հայրենադարձության ողջ շթանը, իրավական բոլոր ակտերով ու օրենքներով: Հարցը լայն քննարկման դրվեց, առաջարկություններ եւ նկատառումներ եղան, նաեւ մտահոգությունՙ որ այս օրենքը չխթանի մասսայական հայրենադարձությանը սփյուռքից: Նախարարը մանրամասն բացատրություններ տվեց մտահոգություններին:

Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաշվետվությունը ներկայացրեց Թեւոս Ներսիսյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց սփյուռքյան այն լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար անդրադառնում են նախարարության գործառույթներին ու նշեց հայաստանյան մամուլից «Ազգը», «Արմենիա», «Հ1» հեռուստաընկերություններին ու երկու դիտողություն արեց «Հայերն այսօր» կայքէջի թերությունների համար: Տեղեկացրեց, որ արդեն բանակցություններ են գնում ընդլայնելու կայքի էջերը, լրացնելով օտար լեզուներով:

Նիստի օրակարգում ավելացվեց «Արմենիա» առագաստանավի նավարկության մասին Զորի Բալայանի զեկույցը: Ներկայացնելով նախորդ նավարկությունը, որի ընթացքում նկարահանվել են հայկական եկեղեցիները բոլոր այն երկրներում, որտեղ «Արմենիա» առագաստանավը հասել է, պրն Բալայանը տեղեկացրեց, որ նավարկությունը ընդհատվել է արշավախմբի խոհարար Սամվել Սարգսյանի ծանր հիվանդության եւ մահվան պատճառով: Շուտով արշավախումբը ուղղություն կվերցնի Բուենոս Այրեսից դեպի հարավ, ընդհատված նավարկությունը ավարտին հասցնելու համար: Նախարարը շնորհակալություն հայտնեց պրն Բալայանին նման կարեւոր նավարկության ընթացքում հայկական բոլոր եկեղեցիների հաշվառման, գրանցման համար ու մաղթեց նրանց խաղաղ նավարկություն:

Ատյանի նիստը ավարտվեց «Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովի զեկույցների ժողովածուի եւ Ռուբեն Սեւակի 125-ամյակին նվիրված միջոցառումների շարքի ներկայացմամբ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4