«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2010-11-04 | #203, 2010-11-05 | #204, 2010-11-06


ՄԱՐԴԻԿ ԽԵՂԴՎՈՒՄ ԵՆ ԾԽԻՑ, ՍԱԿԱՅՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ ՆՈՐՄԱՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ

«Ես ինքս զգում եմ կոկորդի պրոբլեմ, ես սպորտսմեն եմ, թեթեւ ատլետ, շնչառական ոչ մի պրոբլեմ չի եղել, բայց հիմա հազ է նկատվում... Չես կարողանում լիաթոք շնչես, անընդհատ կոկորդի ծակոցներ, անընդհատ կոկորդի վառոց, քերոց:... Անձրեւը որ գալիս է, ոնց որ ցեխոտ անձրեւ: Իսկ բուսականությունը անցած տարվա համեմատ շատ նվազել է»: Այսպիսի բողոքներ ստացավ «Էկոլուր»-ը մարդկանցից, ովքեր ապրում եւ աշխատում են Երեւանում գտնվող «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ի (Արցախի 75) եւ «Արմենիան տիտանիում փրոդաքշն» ՍՊԸ-ի (Արին Բերդ 3/21) մոտակայքում: Բողոքի հիմնական պատճառը գործարանների ծխնելույզներից բարձրացող ծուխն է:

«Մաքուր երկաթ» ԲԲԸ-ն արտադրում է ֆերոմոլիբդեն, մաքուր մետաղական մոլիբդեն, իսկ ծխագազերից կորզում ռենիում: «Արմենիան տիտանիում փրոդաքշն» ՍՊԸ-ն արտադրում է ֆեռոտիտան եւ այլ ֆեռոհամաձուլվածքներ:

Արտադրության ընթացքում մթնոլորտ են արտանետվում ծծմբային անհիդրիդ եւ ազոտի օքսիդ, որոնց ազդեցությունն առողջության եւ շրջակա միջավայրի վրա հայտնի է Ալավերդի քաղաքի իրավիճակից, որտեղ աշխատում է Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը: Եթե Ալավերդիում կան ավտոմատ կայաններ, որոնք որոշում են ծծմբի երկօքսիդով եւ ազոտի օքսիդներով տեղանքի մթնոլորտի աղտոտվածությունը, ապա Երեւանում այդ վտանգավոր տարածքը չի վերահսկվում ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի պետական կենտրոնի կողմից, եւ ստիպված ենք լինում բավարարվել այն տվյալներով, որոնք ներկայացնում են հենց ընկերությունները: «Մաքուր երկաթ» ընկերության տվյալների համաձայն` ծծմբային անհիդրիդի արտանետումները 2009թ. կազմել են 301,1 տոննա տարեկան, իսկ թույլատրելի սահմանային նորման տարեկան 349 տոննա է: «Արմենիան տիտանիում փրոդաքշն» ՍՊԸ-ի տվյալների համաձայն` ազոտի օքսիդի արտանետումները 2009 թ. կազմել են 0,48 տոննա տարեկան, մինչդեռ թույլատրելի սահմանային նորման տարեկան եղել է 0,519 տոննա: 2010 թ. համար ընկերությունները տվյալներ չեն ներկայացրել այն պարզ պատճառով, որ դեռ տարին չի վերջացել: Եվ մարդիկ չգիտեն, թե ինչ են շնչում:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը «Էկոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ ծխի մեջ առկա վնասակար նյութերն ազդում են շնչառական ուղիների եւ աչքերի լորձաթաղանթների վրա: Լորձաթաղանթի միջոցով կարող են ներթափանցել արյան եւ ապա օրգանների մեջ` առաջացնելով տարբեր հիվանդություններ:

«Էկոլուր»-ը ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունների ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա, պահանջում է ստուգումներ անցկացնել ընկերություններում` մարդկանց առողջությանը եւ շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը կանխելու նպատակով եւ հրապարակել այս խնդրի վերաբերյալ պաշտոնական եզրակացությունը:

«Էկոլուր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4