«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2010-11-04 | #203, 2010-11-05 | #204, 2010-11-06


ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՙ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ 125-ԱՄՅԱԿԻՆ

Արեւմտահայ մեծ բանաստեղծ Ռուբեն Սեւակի (Չիլինգիրյան) ծննդյան 125-ամյակի առիթով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողովՙ նախագահությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի: Հոբելյանական միջոցառումների շարքում արդեն տպագրվել է Ռուբեն Սեւակի ստեղծագործությունների գիրքը, ձայնագրվել է գրողի ստեղծագործությունների խտասկավառակը դերասանուհի Անահիտ Թոփչյանի ընթերցմամբ, ԵՊՀ -ում կբացվի Ռ. Սեւակի անվան լսարան, կթողարկվի նամականիշ: Մի շարք միջոցառումներ եւ ընթերցումներ կանցկացվեն ԵՊՀ-ում, դպրոցներում: Արդեն ձեռք է բերվել համաձայնություն Ռ. Սեւակի հարազատների հետ «Ռուբեն Սեւակ» կրթաթոշակ հատկացնելու շուրջ: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը երեկ տրվեց Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում բացված գրողի ձեռագրերի, մասունքների, արխիվային նյութերի ցուցահանդեսով, որի ընթացքում դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանի կողմից հնչում էին Ռուբեն Սեւակի ստեղծագործությունների հրաշալի կատարումները:

Ցուցահանդեսը բացեց եւ Ռուբեն Սեւակի հիշատակին ջերմ ու անմոռանալի խոսքեր ասաց թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը ՙ անդրադառնալով Եղեռնի զոհը դարձած այն մտավորականներին, որոնց թողած ժառանգությունն այսօր հարստացնում է հայ գրականությունը, պոեզիան ու դարձել է ազգի ու պետության հարստությունը: «Նրանք թուրքի ձեռքով, թուրքի յաթաղանի զոհը դարձան, բայց մինչեւ այսօր էլ կատարում են իրենց բանաստեղծական սուրբ առաքելությունը»: Այսօր Ռուբեն Սեւակի ժառանգության մեծ մասը պահպանվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում եւ գրողի եղբոր որդուՙ Հովհաննես Չիլինգիրյանի միջոցով մինչեւ օրս Նիցայում պահպանվում է գրողի հիշատակի տունը, որտեղ գտնվում են մեծ բանասետեղծի բազմաթիվ ձեռագրերը, նյութերն ու իրերը: Պրն Բախչինյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ Նիցայում գտնվող հիշատակի տունը շուտով կհանգրվանի Հայաստան եւ կհամալրի թանգարանի հավաքածուն:

«Ռուբեն Սեւակը մեկն է այն երրորդությունիցՙ Դանիել Վարուժան, Սիամանթո, որոնք արեւմտահայ բանաստեղծությունը Պետրոս Դուրյանից ու Միսակ Մեծարենցից հետո կարողացավ Վարուժանի ու Սիամանթոյի հետ զարգացնել եւ հասցնել շատ ավելի բարձր համաշխարհային քերթության մակարդակի, որն ապահովում է նրա անմահությունը մեր քերթության ասպարեզում», այսպես բնորոշեց հոբելյարին պրն Բախչինյանը: Ռուբեն Սեւակի հիշատակին գեղեցիկ խոսքեր ասացին սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը , մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը , Սեւակի հիշատակին գրված, պետական մրցանակի արժանացած «Եվ անգամ մահից հետո» գրքի հեղինակ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը եւ ուրիշներ:

Ցուցահանդեսի բացումից հետո թանգարանի Կոմիտասի անվան սրահում նորաստեղծ «Թանգարան գրական սալոն» ակումբը կազմակերպել էր դասական հեղինակի հոբելյանին նվիրված միջոցառում: Գիտական զեկույցով Ռուբեն Սեւակին ներկայացրեց բանախոս, բ. գ. թ., գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը, որից հետո ներկաները ունկնդրեցին գրական-երաժշտական թատերականացված կոմպոզիցիա, Ռ. Սեւակի ստեղծագործությունները ընթերցեց Անահիտ Թոփչյանը: Իսկ անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ընթերցեց Սիամանթոյի գործերից: Հուշ-երեկոն տպավորիչ էր ու հուզումնալից ավարտ ունեցավ, երբ հնչեց Ռ. Սեւակի «Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր» բանաստեղծությունը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4