Երանելի է այն արվեստը, որում իշխում է պրոֆեսիոնալիզմը, որը ստեղծվում է ոգեշնչանքով, հիմնավորվում բարձրակարգ մասնագիտական գիտելիքներով ու հմտությամբ եւ որը գերում է գեղեցկությամբ. որը գնահատում են խստապահանջ քննադատներն ու գիտակները, բայց եւ ընկալում ու սիրում են հասարակության լայն խավերը: Առնչությունն այդպիսի արվեստի հետ բերում է ուրախություն, հոգեւոր անասելի բավականություն, հենց այդ արվեստն է, որ կարող է ծառայել որպես գեղագիտական եւ էթիկական արժեքների լավագույն դաստիարակ:
Այդպիսի ուրախության զգացում պարգեւեց ունկնդիրներին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվ. ԵՊԿ-ի պրոֆեսոր, ականավոր կոմպոզիտոր Գեղունի Հովհաննեսի Չթչյանի հեղինակային համերգը, որ օրերս տեղի ունեցավ Երեւանի Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը:
Գ. Չթչյանն իր արժանի ու հաստատուն տեղն ունի հայկական կոմպոզիտորական դպրոցում, նրա երաժշտությունը ճանաչված է եւ սիրված թե՛ հայրենքիում, թե՛ նրա սահմաններից դուրս: Համերգի ծրագրում ընդգրկվել էին հատկապես վերջին տարիներին ստեղծված երկեր. դրանք ապացուցում են, որ բեղուն ճանապարհ անցած կոմպոզիտորը դեռ լի է ստեղծագործական մտքերով եւ շարունակում է կերտել արվեստի ոգեշունչ գործեր: Երաժշտությունն ավելի գրավիչ դարձրեցին առաջնակարգ երաժիշտների մասնագիտական ու արտահայտիչ կատարումները:
Ներածական խոսքով հանդես եկավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ պրոֆեսոր, երաժշտագետ Արաքսի Սարյանը:
Կամերային սիմֆոնիան լարայինների համար, Արամ Խաչատրյանի հիշատակին, արժանի սկիզբ էր համերգի համար: Հուզական, բայց միեւնույն ժամանակ զուսպ ու խոհուն երաժշտական կերպարները համոզիչ ու ազդեցիկ էին Հայաստանի Պետական Կամերային նվագախմբի կատարմամբ, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ` Վիկտոր Խաչատրյանի ղեկավարությամբ:
Կլառնետի եւ դաշնամուրի Սոնատը, որ ճանաչում է ստացել նաեւ արտասահմանում, փայլուն կատարեցին Մհեր Մնացականյանն (կլառնետ) ու Հովհաննես Մանուկյանը (դաշնամուր):
Ներսես արք. Պոզապալյանի խոսքերով «Սուրբ հոգի» վոկալ շարքը հնչեցրին միջազգային մրցույթների դափնեկիրներ` Արծվիկ Դեմուրճյանը (սոպրանո) եւ Լեւոն Ջավադյանը (դաշնամուր). երգչուհու ադամանդային հստակ ձայնը, նվագակցության նրբին հարմոնիաների ֆոնի վրա յուրօրինակ կերպով վերարտադրեցին հոգեւոր թեմատիկան` եթերայնություն, կարծես երկնքին մոտ լինելու զգացողություն արթնացնելով:
Պարույր Սեւակի խոսքերով ռոմանսների շարքը` բանաստեղծական ու երաժշտական համահունչ կերպարներով, զգացմունքների նրբերանգների փոփոխականությամբ, հրաշալի մեկնաբանում ստացան միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի (մեցցո սոպրանո) եւ Էլեն Կիրակոսյանի (դաշնամուր) կատարմամբ:
Համերգը եզրափակեցին Գ. Չթչյանի սքանչելի խմբերգերը` a cappella երգչախմբի 2010-ին ստեղծված Երկու խմբերգը Եղիշե Չարենցի խոսքերով, որ կատարվեց առաջին անգամ, եւ Երեք աղոթքը Մուշեղ Իշխանի խոսքերով: Լույսը, հավատը, խաղաղությունը փառաբանող, անսահման գեղեցիկ երաժշտական լեզվով այս երկերը կատարյալ հնչողություն ստացան Հայաստանի պետական կամերային երգչախումբի կատարմամբ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Համերգը ոգեւորության մեծ ալիք ստեղծեց բազմաթիվ անվանի երաժիշտների եւ երաժշտասերների մոտ: Նրանցից շատերը հիացական կածիքներ արտահայտեցին:
«Հիացած եմ` սկսած Սիմֆոնիայից կամերային նվագախմբի համար, վերջացրած երգչախմբով: Հիացած եմ միջազգային ճանաչում ստացած երգչուհիներով: Հիացած եմ կլառնետի Սոնատով եւ կլառնետահարով». այսպիսին էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի տպավորությունը:
Համերգի կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության եւ ՀՀ Կոմպոզիտորների միության աջակցությամբ: Ինչպես նշեց Գ. Չթչյանն իր շնորհակալական խոսքում` «համերգը կայացավ դժվարությամբ, սակայն հենց այդ դժվարության շնորհիվ ես հասկացա, որ մեզանում դեռ կան շատ բարի, սրտացավ, հասկացող մարդիկ: Ես խոնարհվում եմ նրանց առջեւ»:
Խոնարհվում ենք կոմպոզիտորի եւ նրա արվեստի առջեւ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ, երաժշտագետ, «Երաժիշտ» ամսաթերթի գլխավոր խմբագիր