Սանկտ Պետերբուրգում ավարտին է մոտենում Միխայիլ Չիգորինի շախմատի հուշամրցաշարը: Ավարտական տուրից առաջ մրցաշարի հայաստանցի 8 շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Զավեն Անդրեասյանը, որը 5,5 միավորով 19-րդ տեղում է: Զավենն առայժմ անպարտելի է, միեւնույն ժամանակ արդեն 5 տուր չի կարողանում ճաշակել հաղթանակի քաղցրությունը: 8-րդ տուրում նա 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց իր օգտինՙ սպիտակներով հաշտություն կնքելով ռուսաստանցի գրոսմայստեր Վադիմ Զվյագինցեւի հետ:
5-ական միավոր են վաստակել Կարեն Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանն ու Դավիթ Պետրոսյանը: 8-րդ տուրում այս եռյակից միավոր վաստակեց միայն Դավիթ Պետրոսյանըՙ ոչ-ոքի ավարտելով պարտիան ռուսաստանցի Դմիտրի Կուրուկինի հետ: Իսկ ահա Գրիգորյանն ու Մելքումյանը պարտություններ կրեցին համապատասխանաբար Վլադիմիր Բուրմակինից եւ Յակով Գելլերից:
4 անընդմեջ հաղթանակներից հետո Աղասի Ինանցի հաղթարշավը կասեցրեց ռուսաստանցի Յարոսլավ Ուլկոնՙ պարտիան ավարտելով ոչ-ոքի: Ինանցը վաստակել է 4,5 միավոր: 4-ական միավոր ունեն Վլադիմիր եւ Սուրեն Պողոսյանները: Վլադիմիրը հաղթեց ռուսաստանցի Արինա Կիսելյովային, իսկ Սուրենը պարտվեց Անդրեյ Ստուկոպինին:
Վերջապես հաղթանակի բերկրանքը վայելեց Վիկտորիա Բաղդասարյանըՙ սեւերով առավելության հասնելով Ալեքսեյ Մուխայի նկատմամբ: Վիկտորիան ունի 2 միավոր:
Աղյուսակը 7 միավորով շարունակում է գլխավորել ադրբեջանցի Էլթաջ Սաֆարլին: Նա սեւերով ոչ-ոքի խաղաց Դմիտրի Անդրեյկինի հետ: Վերջինս Իվան Սոկոլովի, Ալեքսանդր Արեշչենկոյի, Կոնստանտին Սակաեւի, Վլադիմիր Ֆեդոսեեւի, Ալեքսեյ Դրեեւի հետ 6,5 միավորով հետապնդում է առաջատարին: Սոկոլով-Սակաեւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Դրեեւը եւս հաշտություն կնքեց Սերգեյ Ժիգալկոյի հետ: Արեշչենկոն հաղթեց Ամոնատովին, Ֆեդոսեեւը պարտության մատնեց Պոնկրատովին: