ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող կամ մեր տարածաշրջանին առնչվող յուրաքանչյուր դեպք ու փաստ հատկապես այժմ չի կարելի շղթայի ընդհանուր օղակից առանձնացնել. միջազգային խաղացողներն այժմ այնքան են բյուրեղացրել, փոխագուցել իրենց գործողությունները կամ այնքան են իրարից բխեցնում դրանք, որ սթափ վերլուծաբանը կարող է գտնել դրանց աներեւույթ կապը, անգամ կանխատեսել հաջորդ պահին տեղի ունենալիքը: Ահավասիկ` Թուրքիայի նախագահին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթի ձեռքով տրվեց Չեթմ Հաուսի (Լոնդոնի արդի քաղաքական զարգացումների վերլուծության կենտրոնի) այս տարվա մրցանակը: Ինչո՞վ է արժանացել թիվ մեկ թուրքն այս մրցանակին. պատկերացրեք` միջազգային ասպարեզում հաշտության եւ արդիականացման գործում կատարած ներդրումի եւ այս գործում Թուրքիայի` դրական նախաձեռնողականության կրողը լինելու համար: Մերձավոր Արեւելքի խաղաղությանը նպաստելու, Իրաքին, Աֆղանստանին, Պակիստանին առնչվող հարցերում խաղաղությանը նպաստող միջնորդ դառնալու թվում, ի դեպ, նշվում է նաեւ հայ-թուրքական մերձեցման փորձը:
Եթե հիշենք վերջին շրջանում Հայաստանին առնչվող մի շարք միջազգային իրողություններ` պզոյապատումը եւ բայդենապատումը, Աստրախանում` Մեդվեդեւի լավատեսություն առ Աստանա` փաստաթուղթ ձեւավորելու առումով, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ արտգործնախարարների հանդիպումը, տարբեր կենտրոններից նետված խոսքուզրույցը` Աստանայում առաջարկվելիք հնարավոր Ճանապարհային քարտեզի մասին ԼՂ-ի հարցի վերաբերյալ, ու այս բոլորից հետո նորից գանք Գյուլի մրցանակաստացմանը` եվրոպական եւ ամերիկյան բարձր հանրույթների փոխադարձ համաձայնությամբ, կարելի է եզրակացնել, որ վերջիններիս այս պահին շատ էր պետք Գյուլին սպիտակ ձեռնոցներ հագցնել, հարցն էլ այն է, թե ինչո՞ւ: Ո՞վ առաջինը խոսի Չեթմ Հաուսում, ո՞ւմ մրցանակ տան: Հիշեցի՞ք նախագահ Սարգսյանի կոշտ-ղարաբաղյան հատվածներով ելույթն այս տարվա փետրվարին, նույն Չեթմ Հաուսում:
Իսկ հենց երեկ, մինչեւ մրցանակ ստանալը Աբդուլահ Գյուլը Օքսֆորդի համալսարանում ելույթ է ունեցել եւ պատասխանել իրեն ուղղված հարցերին:
Հայ-թուրքական ժամանակացույցի վերաբերյալ հնչած հարցին ի պատասխան` Գյուլն ասել է, որ տարածաշրջանային խնդիրները չպետք շարունակաբար սառեցված վիճակում թողնել, քանի որ դրանք կարող են միանգամից պայթել, ինչպես Վրաստանում դա եղավ. «Կովկասում ներկա պահին տիրող իրավիճակը չի բխում որեւէ մեկի շահերից: Կովկասի կայունության համար պետք է աշխատել, հող նախապատրաստել խնդիրների լուծման համար», ասել է նա: Թե ինչ հող պետք է նախապատրաստվի` հավանաբար պետք է փնտրել վերջին զարգացումներում (տես վերեւում նշվածները), գումարած Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների առիթով ԱՄՆ պետդեպից, եվրոպական կառույցներից հնչող կոշտ գնահատականները. ասել է թե` ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ականջները քաշելու առիթի պակաս չկա, իսկ Գյուլին էլ դեմ են տալիս որպես խաղաղության միջնորդի: Մեր մասով` նա հաստատ անընդունելի է, եւ մերոնք բազմաթիվ անգամ դա արտահայտել են տարբեր առիթներով` «Մի խցկվիր»: Հայաստանի մասով Թուրքիայի նախագահը եւս բերան է բացել իր լոնդոնյան ելույթում, թե Հայաստանի անկախությունը հայտարարելու առաջին իսկ օրը Թուրքիան ճանաչել է այն, մինչդեռ երկու երկրների միջեւ խնդիրներ են առաջացել, եւ Թուրքիան դրանց լուծման ուղղությամբ ջանք է գործադրում. «Կովկասի կայունության համար պետք է աշխատել, ինչն էլ անում ենք», ասել է Գյուլը` հավելելով, թե խնդիրները կարգավորելու համար երբեմն լուռ դիվանագիտություն է իրականցվում: Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը Ազգային ժողովում ժխտել էր լուռ դիվանագիտության առկայությունը գոնե հայկական կողմից: Գյուլը Օքսֆորդի Իսլամական հետազոտությունների կենտրոնում չի մոռացել նաեւ թուրք-ադրբեջանական հավերժական երգը, թե Հայաստանն «օկուպացրել» է ԼՂ-ն, ՄԱԿ-ն էլ դա հաստատել է, եւ անգամ Հայաստանը գիտի, որ այդ տարածքներն իրեն չեն պատկանում: Փաստորեն այս պահին Ադրբեջանի հանդեպ կոշտ գնահատականներ են հնչեցնում ընտրությունների առիթով, իսկ Գյուլին էլ այս պահին պաչում-դնում են ճակատներին, վերջինս էլ շարունակում է խոսել «օկուպացված» տարածքներից. հոռետեսները կարող են վատ ենթատեքստեր փնտրել հայերիս համար այս բոլորի տակ, քանզի այս ամենը նախորդում է Աստանային, ուրեմն...
Իսկ 2010-ի փետրվարին նույն Չեթըմ հաուսում նախագահ Սարգսյանի ելույթի ղարաբաղյան հատվածը բավական կոշտ էր եւ ուղղված նույն տարածաշրջանային խաղացողներին. «Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատեւման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում` Նախիջեւանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեքՙ այն ժամանակվա Ադրբեջանն ուրիշ էր, հիմիկվանը ուրի՞շ: Այս «ուրիշ» Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջեւանում ավելի շատ հայկական-քրիստոնեական կոթողներ են ոչնչացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. Ադրբեջանը նրանց նույնիսկ այցելելը եւ ավերված հայկական կոթողները, կատարված վանդալիզմի հետեւանքները տեսնելն արգելեց»: