«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՆ ՄՏԱՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Օրեր առաջ հրապարակվեցին աշխարհի ամենաազդեցիկ կանանց անունները. ցուցակում առաջին տեղը «գրավեց» ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, երկրորդը` գերմանական կանցլեր Անգելա Մերկելը: Միանգամից նշենք, որ առաջին հնգյակում, նույնիսկ տասնյակում, անգամ «լավ փնտրելուց» հետո չենք գտնի Մեհրիբան Ալիեւայի անունը, սակայն վերջինիս ազդեցությանն ու հեղինակությանը, հաշվի առնելով Ադրբեջանի վերջին խորհրդարանական ընտրությունները, կարող են նախանձել ինչպես Մերկելը, այնպես էլ տիկին Օբաման: Ինչպես երեկ տեղեկացրեց «Ազգը» , Ադրբեջանի առաջին տիկին Ալիեւան Բաքվի կենտրոնական ընտրատարածքի ընտրողների ձայների 94 տոկոսով այսուհետեւ Միլի մեջլիսի պատգամավոր է ու դրանով իսկ համաշխարհային պատմության այն բացառիկ առաջին տիկինը, որը, լինելով գործող նախագահի կին, ընտրվում է երկրի ղեկավար մարմնի կազմում:

Երեկ Ադրբեջանի ընտրությունների առնչությամբ իր դիտարկումները ներկայացրեց նաեւ Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը : Բանախոսը առանձնացրեց մի քանի հանգամանք, որոնք բնորոշում են այդ ընտրությունները. «Նախՙ ադրբեջանական ընտրությունները ցույց են տալիս այն Ադրբեջանը, որի հետ պետք է գործ ունենան Հայաստանն ու Ղարաբաղը, եւ քանի որ այդ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ ժողովրդավար, ապա մենք արեւելքում ունենք ոչ ժողովրդավար հարեւան: Կուզենայի առանձնացնել նաեւ, որ Ադրբեջանը ցույց տվեց, որ տարածաշրջանում եւս մի ընտրություն անցավ ոչ ժողովրդավարական, սակայն, միեւնույն ժամանակ, միջազգային հանրությունը այդքան էլ անակընկալի չեկավ ադրբեջանական ընտրությունների արդյունքներից», նշեց Կիրակոսյանը: «Շեքսպիրյան Ադրբեջանում», ինչպես բնորոշեց հարեւան երկիրը Կիրակոսյանը, իր դիրքերն ամրապնդել է ալիեւյան կլանը. «Առաջին տիկինը, տարբեր պաշտոնյաների զարմիկներ, փեսաներ, հորեղբայրներ դարձել են պատգամավոր. սա գենետիկ քաղաքականություն է նշանակում», բնորոշեց վերլուծաբանը: Կիրակոսյանը, սակայն, գտել է նաեւ մի շարք տարբերություններ` Ադրբեջանի այս եւ նախկին ընտրությունների միջեւ, որոնք միայն բացասական են: Այսպես, համաձայն բանախոսի, այս ընտրություններում, ի տարբերություն նախորդների, ընդդիմությունը ոչ մի հնարավորություն չուներ ընտրվելու. «Նրանցից շատերին նույնիսկ մերժել էին գրանցել որպես թեկնածուի», նկատեց Կիրակոսյանը: Բացի այդՙ կրճատվել էր քարոզարշավի ժամանակը, արգելված էին ամեն տեսակի հանրահավաքները. «Այս ամենի համայնապատկերում ադրբեջանական ընդդիմությունն էլ միասնակամ չէր, Ալիեւ ընտանիքը հաղթանակ տարավ, ինչը Հայաստանի համար կարող է ունենալ հետեւյալ նշանակությունը: Նախ, ինչպես արդեն նշեցի, ձեւավորվեց էլ ավելի ոչ ժողովրդավարական Ադրբեջան, բացի այդՙ Բաքուն մեսիջ ուղարկեց միջազգային հանրությանը, այդ թվումՙ Հայաստանին, որ պատերազմական սպառնալիքները շարունակվելու են: Հիշենք, որ նախքան ընտրություններն էլ այդ երկրի իշխանությունները բավական ագրեսիվ դիրք էին բռնել Հայաստանի նկատմամբ, այդ դիրքը կլինի էլ ավելի ագրեսիվ: Մենք պետք է հասկանանք, որ սա հենց այն Ադրբեջանն է, որի հետ մենք պետք է բանակցենք», նկատեց Կիրակոսյանը: Բանախոսը, սակայն, կարեւոր մի հանգամանք եւս նկատեց. «Ադրբեջանի ժողովուրդը, որը չի տեսել որեւէ նավթային բարիք, արդյո՞ք անվերապահ կաջակցի Ալիեւին եւ կմասնակցի նրա սանձազերծած պատերազմին»: Անշուշտ, մանավանդ հաշվի ենք առնում, որ հայ-ադրբեջանական պատերազմը ընդամենը հավանականություն է (այն էլ ոչ այնքան իրատեսական), ապա դժվար է պատասխանել այս հարցին: «Առհասարակ ասեմ, որ նրանք, որ մտածում են, թե Ղարաբաղը երբեւէ կհանձնվի Ադրբեջանին, կողմնակից են տարածաշրջանում նոր պատերազմի», նշեց Կիրակոսյանը: Իսկ եթե հաշվի առնենք, որ ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Եվրոպան «տարածաշրջանում պատերազմի վերսկսման կողմնակից չեն», համենայն դեպս պաշտոնական հայտարարությունների համաձայն, ապա, ըստ Կիրակոսյանի տրամաբանության, վերոհիշյալ կողմերից ոչ ոք հնարավոր չի համարում Ղարաբաղի «վերադարձը Ադրբեջան»: Ավելին` Կիրակոսյանի խոսքերովՙ Մինսկի խումբը արդեն ոչ պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը. «Եվ միակ մարդը, որը վերջինն է մնում, ով հնարավոր է համարում դեռեւս Ղարաբաղի վերադարձը, Իլհամ Ալիեւն է», ընդգծեց վերլուծաբանը:

Իսկ թե ինչո՞ւ են միջազգային հանրության գնահատականներն այսքան զգուշավոր` ԱՄՆ Կոնգրեսում երկար տարիներ աշխատած Կիրակոսյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Պարզապես Ադրբեջանը շատ կարեւոր է էներգետիկ եւ դեպի Աֆղանստան տարանցիկ ճանապարհ ունենալու տեսանկյուններից: Հետեւաբար ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը դեռեւս ձեռնպահ կմնա արժանի գնահատականներից»:

Վերջում բանախոսը ընդգծեց, որ Հայաստանի առաջիկա ընտրությունների համար երբեք չպետք է կապեր փնտրել «ոչ ավելի ժողովրդավար Թբիլիսի, ոչ ավելի անազատ Բաքվի ընտրությունների հետ». «Հայաստանում պետք է շեշտադրումներ արվեն ժողովրդի ազատ կամքի վրա», եզրափակեց Կիրակոսյանը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4