«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ԱՄՆ-Ը ԵՎ ԵՄ-Ը ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ

Ադրբեջանական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Միացյալ Նահանգների անունից այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին` անդրադառնալով Ադրբեջանում նախորդ շաբաթ տեղի ունեցած ընտրություններին:

«Ադրբեջանի նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունները անցկացվել են խաղաղ, ընդդիմադիր բոլոր կուսակցությունների եւ տեղական ու միջազգային դիտորդների մասնակցությամբ: Այդուհանդերձ, ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատականին այն առումով, որ «այս ընտրությունների անցկացումը ընդհանուր առմամբ նշանակալի չէր նշելու, թե երկրի ժողովրդավարական զարգացման առումով լուրջ առաջընթաց կա», ասված է ԱՄՆ պետքարտուղարության հանրային կապերի բաժնի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, ընտրությունների որոշ տեխնիկական կողմեր, ներառյալ նաեւ կենտրոնացված գրանցումը եւ բացառիկ թվով տեղական դիտորների ներգրավումը, բարելավումներ են այնպես, ինչպես նաեւ կին թեկնածուների թվի համեստ աճը: «Այնուամենայնիվ, մի շարք լուրջ խնդիրներ են նշվել նախընտրական գործընթացի եւ հենց քվեարկության օրվա առնչությամբ», ասված է Քրոուլիի անունից տարածված հայտարարությունում:

Միացյալ Նահանգները համամիտ է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության մտահոգություններին առ այն, որ նախընտրական միջավայրը բնութագրելի էր թեկնածուների հավասարակշռված լուսաբանման բացակայությամբ, հավաքների եւ կարծիքի արտահայտման հիմնարար ազատությունների շարունակական սահմանափակումներով, այլ խախտումներով, որոնք միասնաբար «հանգեցրին թեկնածուների համար մրցակցության անհավասարության»:

Քվեարկության օրը Բաքվի ամերիկյան դեսպանատնից դիտորդական առաքելություն իրականացնող ներկայացուցիչները լուրջ խախտումներ են նկատել ընտրական գործընթացներում` ներառյալ նաեւ քվեատուփերի լցոնում:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանըՙ ուշադրություն դարձնել ընտրական բողոքների դատական արդար, թափանցիկ քննությանը` հաշվետվողականություն ապահովելով այն պաշտոնյաների համար, որոնց կասկածում են ընտրություններին միջամտելու մեջ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանըՙ հարգել ազատ արտահայտվելու, հավաքներ եւ ցույցեր անելու իրավունքները», ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանական ընտրություններին անդրադարձել է նաեւ Եվրոմիությունը` ի դեմս ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Քաթրին Էշթընի: Վերջինի գնահատմամբՙ Եվրոմիությունը ընդունում է վերը ներկայացված ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատականներն ու եզրակացությունները:

ԵՄ ներկայացուցիչը ադրբեջանական իշխանություններին կոչ է արել աշխատել թերությունների վերացման ուղղությամբ, նաեւ մատնանշելով, որ Ադրբեջանը պետք է հետեւողական լինի միջազգային հանրության առջեւ իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում` ինչպես մարդու իրավունքների ոլորտում ընդհանրապես, այնպես էլ բազմակարծության, մամուլի ազատության եւ հավաք անցկացնելու իրավունքի հարցերում:

Բավականին հետաքրքրական է, որ Եվրոմիության գնահատականում խստության այնպիսի շեշտադրումներ չկան, ինչպես ամերիկյան հայտարարության մեջ: Ընդհակառակը, ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, թե Ադրբեջանը ԵՄ կարեւոր գործընկերներից է, եւ ԵՄ-ը ցանկանում է շարունակել աջակցությունը քաղաքական բարեփոխումների իրականացման գործում` ներառյալ նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Նշենք, որ վերջերս ավելի հաճախ են դառնում խոսակցությունները, թե շատ չափանիշների դեպքում Ադրբեջանը համարժեք չի գործում Արեւելյան գործընկերությանը: Կան նաեւ գնահատականներ, թե Ադրբեջանին առանձնակի չի էլ հետաքրքրում համագործակցությունը ԵՄ-ի հետ Արեւելյան գործընկերության ձեւաչափում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4