Մոսվայում տպագրվել է «Ամպերը երկար չեն կարող թաքցնել արեւի լույսը» գիրքը, որը նվիրված է Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Այս մասին գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ըստ տեղեկատվության, Մարտիկ Գասպարյանի հեղինակած գրքում հավաքված են 20-րդ դարասկզբին իրականացված մեծ ոճրագործությունը փաստող միջազգային կազմակերպությունների ու սուբյեկտների արխիվային փաստաթղթեր, տարբեր ազգերի ներկայացուցիչների ու մասնագիտությունների տեր անձանց վկայություններ: Գասպարյանի հավաստմամբ, ՀՀ իշխանություններն ու Սփյուռքի կազմակերպություններն ունեն միջազգային բոլոր իրավական հիմքերը համաշխարհային գերտերությունների առջեւ բարձրացնելու Սեւրի պայմագրում ամփոփված, սակայն իրականություն չդարձած Հայաստանին առնչվող դրույթների իրականացման հարցը: Պայմանագրի դրույթներն, ըստ գրքի հեղինակի, իրականացվել են Իրաքի, Սիրիայի, Հունաստանի եւ մի շարք այլ պետությունների նկատմամբ, բացառությամբ Հայկական հարցի: Դրա միակ խոչընդոտը, ըստ հեղինակի, եղել է 1921 թ.-ի մարտին Խորհրդային Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ կնքված պայմանագիրը:
Գրքում խոսվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհետաձգելի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասինՙ առաջին հերթին Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից: «Հայ ժողովուրդը ներկայումս ունի պատմական ու բարոյական իրավունք` վճռականորեն պահանջելու իր խնդիրների լուծումը: Վճռականորեն ու խիզախորենՙ ոչ թե զենքի կիրառման սպառնալիքով, ինչպես ոմանք են անում, այլ հիմնվելով անժխտելի ճշմարտության վրա ու ապավինելով ժողովրդավարական միջազգային հանրության օգնությանը», գրում է Գասպարյանը:
Հ. Ա.