«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Եվրոհանձնաժողովի եվրոպական աջակցության եւ համագործակցության գրասենյակի եվրոպական քաղաքականության բաժնի ղեկավար Սառա Ռինալդիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հարեւանության ներդրումային գործիք» ծրագրի միջոցով Երեւանի մետրոպոլիտենի եւ Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման համակարգերի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ ամենայնի աջակցել շուրջ 36,8 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի անխափան ընթացքի ապահովմանը, որի արդյունքում Հայաստանի 7 մարզերում կբարելավվի փոքր քաղաքների ջրամատակարարումը, կվերականգնվեն ջրի մաքրման եւ կոյուղու հավաքատեղիների ենթակառուցվածքները, կարդիականացվի Երեւանի մետրոպոլիտենը: Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի դեպքում մեծացնել ֆինանսավորումը, որի մեջ զգալի մաս է կազմում անհատույց աջակցությունը հատուկ դրամաշնորհների միջոցով:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի համագործակցության խորացումը ներդրումների եվրոպական բանկի, Եվրոպական զարգացման եւ վերակառուցման, Եվրոխորհրդի զարգացման բանկերի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հարեւանության ներդրումային գործիք» ծրագրի շրջանակում Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցությանն աջակցելու, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման աշխատանքներում ներգրավվելու վերաբերյալ, ինչպես նաեւ` այլ ոլորտներում ԵՄ-ի հետ կոնկրետ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու շուրջը: Այս եւ այլ խնդիրների առնչությամբ դեկտեմբերին կանցկացվի սեմինար-քննարկում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4