«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԴԵՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ` Ի ՑՈՒՅՑ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ

Եվրոինտեգրումն ու եվրոկողմնորոշումը Հայաստանում նոր հնարավորություններ են բացում հարցեր առաջանալու դեպքում անմիջապես եվրոպացիներին բողոքները ներկայացնելու առումով:

Երեկ Երեւանում մեկնարկեց «Արդար դատաքննության իրավունքը եւ դատական իշխանության անկախությունը» Հայաստան-Եվրոմիություն քաղաքացիական հասարակության երկօրյա սեմինարը, որի խաղաղ ընթացքին դրսում ուղեկցեց Հայ ազգային կոնգրեսի պիկետը:

Առավոտից «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի մոտակայքը, որտեղ անցկացվում էր սեմինարը, ոստիկանների զգալի ներկայությամբ էր աչքի ընկնում` պիկետի մասնակիցներին թույլ չտալով մոտենալ հյուրանոցին: Ըստ հենց իրենց` ընդդիմադիրների, նրանք համաժողովի մասնակիցներին փորձում էին իրենց դիտողությունները փոխանցել Հայաստանում տիրող իրավիճակի առնչությամբ:

Ըստ ՀԱԿ-իՙ այս շարժման ակտիվիստ 10 երիտասարդներ իրենց բողոքն էին ուզում ներկայացնել սեմինարի մասնակիցներին: Տարածքը լքելու ոստիկանական պահանջին, որը ՀԱԿ-ի ակտիվիստները անօրինական են համարել, չենթարկվելու պատճառով 4 երիտասարդի տեղափոխել են Կենտրոնի ոստիկանական բաժանմունք: Տարբեր լրատվամիջոցների մեկնաբանությունների համաձայն, երիտասարդների մարմնի վրա առկա են բռնության եւ ծեծի հետքեր: Այժմ իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ «Ազատության», ընդդիմադիր 4 երիտասարդներ գրեթե անմիջապես բերման են ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն: Բերման ենթարկվածներն են Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը եւ Սարգիս Ղազարյանը: Վերջիններս, չենթարկվելով ոստիկանության հեռանալու պահանջին, պառկել են գետնին եւ պարզել պաստառները, որից հետո սկսվել է հրմշտոց:

Լրագրողների հետ զրույցում ոստիկանության պարեկապահակային գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը պնդել է, որ իրենց պահանջն օրինական է. «Ստեղծվել է անվտանգության գոտի, որպեսզի ֆորումի աշխատանքներն ընթանան նորմալ հունով, եւ խախտում չլինի: Անվտանգության գոտուց ներս են մտել, որը չի կարելի: Միջազգային բոլոր միջոցառումների համար ստեղծվում են անվտանգության հատուկ գոտիներ...»: «Եթե ապօրինի են համարում ոստիկանի պահանջները, թող ենթարկվեն, հետո բողոքարկեն օրինական ճանապարհով, ոչ թե բռնություն գործադրեն ոստիկանի նկատմամբ», հավելել է ոստիկանության պարեկապահակային գնդի հրամանատարը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, բերման ենթարկված երիտասարդները «նշված վայրում չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ` պատռելով նրա համազգեստը»:

Հայ ազգային կոնգրեսը, իր հերթին, հայտարարությամբ է հանդես եկել` պնդելով, որ պիկետ անցկացնող երիտասարդ ընդդիմադիրների վրա հարձակվել են ոստիկանները, «առանց որեւէ օրինական պահանջի եւ հիմնավորման բռնություն եւ ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ եւ նրանցից 4-ին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն, բռնություններն այնուհետեւ շարունակվել են նաեւ ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին եւ հենց ոստիկանության բաժանմունքում»:

Իսկ սեմինարի ընթացքում արդեն մասնակիցները փորձում էին կազմակերպիչներից հստակեցնել, թե որքանով է սեմինարի նպատակը համապատասխանում այն իրավիճակին, ինչն առկա էր հյուրանոցի պատերից դուրս, հատկապես երիտասարդների բերման ենթարկելու փաստով: Սեմինարի կազմակերպիչների անունից այս միջադեպին որեւէ արձագանք առայժմ չի հետեւել, թեեւ ուղղակի անմիջական քննարկումներից հստակ էր, որ անգամ նման իրավիճակը միջազգային տարբեր մասնագետներ գնահատում էին որպես դրական երեւույթ այն համատեքստում, որ բողոքի ակցիա է տեղի ունենում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4