«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԿՐԿՆՈՒՄ Է ԻՐԵՆ

Օրը արեւոտ էր, պայծառ, օդերեւութաբանները անձրեւ, քամի կամ կարկուտ չէին կանխագուշակում, հետեւաբար որեւէ պատճառ չկար, որ իրեն արմատական ընդդիմություն հռչակած Հայ ազգային կոնգրեսի հերթական, վճռական եւ բախտորոշ հանրահավաքը մարդաշատ չլիներ:

Նախորդ անգամ հանրահավաքի եւ երթի չկայացման համար ընդդիմադիր գործիչները մեղադրեցին հորդառատ անձրեւին, որի պատճառով մարդ քիչ էր հավաքվել:

Այս անգամ անձրեւ չկար, բայց «մարդ էլ չկար»: Մատենադարանի հարթակում հավաքվածների թիվը չէր գերազանցում 2000-ը: Ժամը 6-ին նախատեսված հանրահավաքի մեկնարկը ընդդիմադիր գործիչները ձգձգում էին, բայց մարդկանց թիվը չէր ավելանում: 6 անց 40 հարթակ բարձրացած Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորեցին ընդհատ-ընդհատ հնչող բռավոներով, «Լեւոն, Լեւոն» կոչերով:

Ընդհանուր առմամբ հավաքված մարդկանց մեջ աշխուժություն չէր նկատվում: Անգամ Նիկոլ Փաշինյանի ելույթների remix տարբերակը որեւէ կերպ աշխուժություն չմտցրեց:

Աշխույժ էին միայն երկու տասնյակ «բետեէռ տիկնայք», որ լրագրողներին ոտքից գլուխ ստուգում էին` Մատենադարանի հարթակ թողնելու համար: «Ազգ» օրաթերթի եւ Slaq.am լրագրողներին էլ տիկնայք «թաղեցին», հետո մեղադրեցին Ղարաբաղն ու Հայաստանը «ծախելու» մեջ ու միայն լրագրողների սաստումից հետո տիկնայք հասկացան, որ քաղաքական դրամայի ժամանակները վաղուց անցել են:

Հարթակում ելույթ ունեցող ընդդիմադիր գործիչների ելույթները շատերի մեջ էին դեժավյու առաջացնում: Նույն կոչերն ու նույն բովանդակությամբ ելույթներ:

Չափազանց տխուր էր հետեւել հոգին արդեն ավանդած, բայց դա չգիտակցող շարժման ընթացքին: Պատճառն այն է, որ 2 տարվա ընթացքում ՀԱԿ-ն այդպես էլ որեւէ նորություն չասաց ու միշտ նույն ձայնասկավառակն էր դնում: «Ժողովո՛ւրդ ջան, իշխանափոխություն անենք, մենք որ գանք, ամեն ինչ լավ կլինի»:

Երեկվա ՀԱԿ-ի հանրահավաքի տրամադրությունն ու հասարակության ոգեւորվածությունը դժգույն տպավորություն էին թողնում: Անգամ Լեւոն Զուրաբյանի «Ամո՛թ, ամո՛թ», «Սերժի՛կ, հեռացիր», «Լեւո՛ն նախագահ» վանկարկումներին արձագանքում էին միայն դիմացի մի քանի շարքերը: Մնացած մարդիկ զբաղված էին արեւածաղիկ չրթելով:

Հարթակին մոտեցած ՀՀ առաջին նախագահի ելույթի հիմնական մասը նվիրված էր մարդու իրավունքներին ու քաղբանտարկյալներին: Նրա մեկնաբանությամբՙ միջազգային հանրությունը փաստել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանց ազատ արձակելու հարցում գործադրված ջանքերում են թերանում, որպեսզի կարողանան ղարաբաղյան հակամարտության կամ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզել:

Հետո Լ. Տեր-Պետրոսյանը խորհուրդ տվեց ՄԻՊ Արմեն Հարությունյանինՙ կա՛մ բանտերում հայտնված իրենց ընկերներին անվանել «քաղբանտարկյալներ», կա՛մ էլ դիմել հոգեբանի օգնությանը: «Հակառակ դեպքում Հարությունյանը կարող է օրինակ վերցնել «անզուգական» Գալուստ Սահակյանից եւ քաղբանտարկյալներին անվանել քրեական հանցագործներ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մնացյալ հատվածը նվիրված էր Սերժ Սարգսյանի ելույթների քննադատմանը: Անդրադառնալով բանակում տիրող երեւույթներին, նշեց, որ նախագահը բանակի արատներն արմատախիլ անելու եւ պատասխանատուներին պատժի ենթարկելու անհրաժեշտության մասին խոսելու փոխարեն խորագույն զզվանքն է արտահայտել այդ երեույթները բացահայտողների եւ քննադատողների նկատմամբ: «Մարդկայնորեն նրա ջղաձիգ արձագանքը հասկանալի է: Երբ մի ամբողջ ազգ զզվում է քեզանից, դու էլ իրավունք ունես զզվելու գոնե մի քանիսից: Բայց քաղաքական տեսակետից գործ ունենք վտանգավոր իրողության հետ, քանի որ Սարգսյանը պարտակում է բանակում տեղի ունեցող հանցագործություններն ու խրախուսում դրանց շարունակությունը` սպայակազմին հասկացնելով` ես ձեր թիկունքին եմ»:

Անդրադառնալով Ջո Բայդեն-Սերժ Սարգսյան youtube-ային սկանդալին, առաջին նախագահն առաջարկեց շատ չծավալվել, «որովհետեւ մի կողմից` մարդու հավատ չի գալիս, որ Սարգսյանը կարող է այդքան հեռու գնալ, մյուս կողմից` եթե դա ճշմարտություն է, մեկնաբանություններն ավելորդ են», ասաց նա` հայտարարելով, որ ձերբակալված 4 երիտասարդներն ազատ են արձակվել:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ խոստացավ. «Առաջիկայում սպասվելու են բուռն իրադարձություններ»: Հաջորդ երթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Այս նոտայով հանրահավաքն ավարտվեց, ու սկսվեց ընդդիմության երթը:

Եթե գնահատելու լինենք առաջին նախագահի ելույթը, այն հեռու էր տպավորիչ ու հեղափոխական կոչվելուց: Փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն կրկնում է իրեն եւ իր ելույթներով սկսել է ձանձրացնել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4