«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱ ԵՎ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ

Հավաքների օրինագիծը` քննարկման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանի հեղինակած «Հավաքների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջը երեկ կազմակերպվել էր քննարկում` ՄԻՊ-ի, Վենետիկյան հանձնաժողովի եւ միջազգային այլ փորձագետների մասնակցությամբ:

Կարեւորելով նման օրենսդրական նախաձեռնությունըՙ նախագահ Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնական Գեւորգ Կոստանյանը նշեց, որ օրենսդրական նոր նախաձեռնությունը նվազագույնի կհասցնի կամայական դրսեւորումները: «Նոր օրենքով կբացառվի որեւէ պետական կառույցի անօրինական գործողությունը, ինչն էլ երաշխիք կստեղծի, որ հավաքների եւ հանրահավաքների անցկացման իրավունքի խախտման վեաբերյալ Եվրոդատարան հայցեր չներկայացվեն», ասաց նա` փաստելով, որ Հայաստանում շարունակում են հավաքների անցկացման իրավունքի վերաբերյալ դժգոհությունները:

Արմեն Հարությունյանի փոխանցմամբՙ հավաքների վերաբերյալ պատրաստած արտահերթ զեկույցում հատկապես իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից հնչել են բազմաթիվ քննադատություններ: ՄԻՊ-ի կարծիքովՙ եթե օրենքի նախագծում կատարելապես հաշվի առնվեն իրավակիրառ պրակտիկայի հարցերը, ապա խնդիրներն ավելի քիչ կլինեն:

«Գործող օրենքով, եթե չնչին իրավախախտումը հիմք է ծառայում, որ հանրահավաքները դադարեցվեն, նոր օրենքով մեխանիզմներ են նախատեսվել, որ միայն ծայրահեղ դեպքերում, եթե այլ հնարավորություն չկա հիմնարար իրավունքները պաշտպանելու համար, դադարեցվեն հանրահավաքները:

«Նոր նախագծով, եթե լիազոր մարմինն անգամ չպատասխանի հավաքի կազմակերպիչներին, նրանք կարող են գնալ եւ անցկացնել իրենց միջոցառումը», մանրամասնեց օմբուդսմենը:

Եթե լիազոր մարմինը մերժի հանրահավաքների անցկացումը, պետք է լսումներ կազմակերպի:

«Չեն կարող մերժել եւ ընդամենը խոսքեր ուղարկել: Օրենքով կպահանջվի ոչ միայն բացատրություն տալ, այլեւ լսումներ կազմակերպել մերժման պատճառների վերաբերյալ», եզրափակեց Արմեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նախագիծն արդեն ենթարկվել է Վենետիկյան հանձնաժողովի եւ միջազգային փորձագետների փորձաքննությանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4