Անդրեաս Հովհաննիսյանը` հայ-ադրբեջանական սահմանային կռիվների ժամանակ 1990-91 թվականներին «Արծվաբույն-Զեյթուն» ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր: Նրա ջոկատը մասնակցել է Արցախյան պատերազմին, պաշտպանել Հայաստանի սահմանը Ադրբեջանի ոտնձգություններից Արարատի, Նոյեմբերյանի սահմաններին, Արցախում: Նրա հետ զրուցելով այդ տարիների մասին` անսպասելիորեն պարզեցի, որ Անդրեասը հայ բժշկության երախտավորներից մեկի` ակադեմիկոս Լեւոն Հովհաննիսյանի թոռն է: Փնտրեցինք եւ գտանք ակադեմիկոսի մասին նյութեր եւ այնքան տարվեցինք նրա ծավալած հսկայական աշխատանքով Հայաստանում, անցած դարի ընթացքում, որ անպայման ուզեցինք պատմել այդ մասին ընթերցողին: Այսինքնՙ մեր հրապարակումը նախ պապի` Լեւոն Հովհաննիսյանի, ապա նրա թոռներից մեկի` Անդրեաս Հովհաննիսյանի մասին է:
Պապը
Ակադեմիկոս Լեւոն Հովհաննիսյանն անցած դարում Երեւանի երեւելի բնակիչներից է եղել, մեր քաղաքի գիտական եւ մշակութային կյանքի մի նշանավոր մասնիկը: Նրան արժանիորեն համարում են հայ բժշկության նահապետներից մեկը` 250-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս եւ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Նա համարվում էր հայ, արաբական, կովկասյան ժողովուրդների բժշկության պատմության գիտակ, սրտանոթային հիվանդությունների հետազոտման եւ բուժման նոր մեթոդների համակարգող: Հովհաննիսյան ընտանիքը, արմատներով Ղարաբաղից, 19-րդ դարի երկրորդ կեսին վերաբնակվեց Թիֆլիսում: Լեւոն Հովհաննիսյանը նախ կրթվում է Թիֆլիսում, ապա բարձրագույն բժշկական կրթություն ստանում է Խարկովում: Այնտեղ էլ ստանում է նաեւ բժշկության դոկտորի կոչում` Թիֆլիսում աշխատելով եւ զբաղվելով ներքին հիվանդությունների գծով բուժման նոր մեթոդների մշակմամբ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա զորակոչվել է բանակ եւ աշխատել հոսպիտալներում, եղել է Սարիղամիշի ճակատում, զուգահեռ մի շարք գիտական աշխատություններ գրել ժամանակի բժշկության հրատապ թեմաներով (օրինակ` խրամատային տենդի կամ ջրի փորձաքննության մասին եւ այլն): Որպես պատերազմի մասնակից` նա պարգեւատրվել է ռազմաճակատային Սուրբ Աննայի եւ քաղաքացիական Սուրբ Ստանիսլավի շքանշաններով: 1919 թվականին Հովհաննիսյանի ընտանիքը տեղափոխվում է Երեւան, իսկ նա ընդունվում է աշխատանքի Երեւանի թիվ 1 հիվանդանոցում` հետագայում դառնալով այդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Նա հատկապես պայքարում էր այն ժամանակ Հայաստանում եւս տարածված մալարիայի դեմ` 50 աշխատություն է գրել մալարիայի դեմ պայքարի մեթոդների մասին: Նա մասնակցեց Խորհրդային Միությունում թվով երկրորդ`արեւադարձային հիվանդությունների ինստիտուտի (հետագայում` վիրուսաբանության ինստիտուտ) հիմնադրմանը. փաստորեն նա առաջինն է նկարագրել եւ ախտորոշել խրամատային տենդն ու երեւանյան հիվանդությունը:
Նրան կարելի է շնորհակալ լինել մեր սեղանից այսօր անպակաս «Արզնիի», «Ջերմուկի» եւ այլ հանքային ջրերով հարուստ տարածքների ջրային ռեսուրսների ուսումնասիրության նախաձեռնության համար: Հայաստան տեղափոխվելու հենց սկզբում Լ. Հովհաննիսյանն սկսել էր ուսումնասիրել առողջարանային ռեսուրսների, բուժիչ ջրերի առկայության հնարավորությունը: Ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ որոշվեց Արզնին դարձնել առողջարանային համալիր: Նրա մասնակցությամբ ձեւավորված հանձնաժողովը ուսումնասիրում էր Ջերմուկի եւ Հայաստանի մյուս վայրերի ջուրը եւ դրանց բարենպաստ ազդեցությունը մարդու առողջության վրա: Հովհաննիսյանն այդ մասին գրում է մի շարք մենագրություններ, այդ թվում` «Հայաստանի հանքային աղբյուրները» մենագրությունը:
Լ. Հովհաննիսյանը Երեւան բժշկական ինստիտուտի հիմնադիրներից է, 48 տարի ղեկավարել է ներքին հիվանդությունների պրոպեդեւտիկայի ամբիոնը, գրել է այդ մասնագիտությամբ դասագիրք հայերեն եւ ռուսերեն:
Նա հայտնի է նաեւ նրանով, որ զբաղվել է հայ բժշկության պատմությամբ` Հայաստանի հնագույն, միջնադարյան եւ իր ժամանակի բժշկության մասին դասախոսություններ կարդալով եւ հետագայում դրանք ամփոփելով տպագիր աշխատության մեջ: 1956 թվականին Մադրիդում այս թեմայով նրա ֆրանսերեն զեկուցումը մեծ հետաքրքություն էր առաջացրել` նա ապացուցում էր, որ Հայաստանում բժշկական հաստատություններն ավելի վաղ են գոյություն ունեցել, քան աշխարհի մյուս երկրներում: 1961 թվականին նա ընտրվում է բժշկության պատմաբանների միջազգային ակադեմիայի հիմնադիր ասամբլեայի անդամ (Միությունում երեք այդպիսի անդամ կար ընդամենը): Նա հեղինակեց «Հայ բժշկության պատմության» հինգհատորյակը` հնագույն հայ բժշկության պատմությունից մինչեւ իր ժամանակը: Նա հեղինակն է ռուս-հայերեն բժշկական բառարանի (ակադեմիկոսը տիրապետում էր բազմաթիվ լեզուների):
Նա ժամանակի շատ հայտնի գիտնականների հետ կապեր ուներ, Հայաստանի գիտական կյանքի հորձանուտի կենտրոնում էր, նաեւ մտերիմ էր Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Վաղարշ Վաղարշյանի, այլոց հետ, անգամ ֆրանսերենից պիես է թարգմանել:
Կյանքի վերջին տարիներին նա անդրադարձել է բժշկական հոգեբանության հարցերին: 1961 թվականին նրա գլխավորությամբ ստեղծվում է Կարդիոլոգիայի եւ վիրաբուժության ինստիտուտը, որը վերածվում է Կարդիոլոգայի գիտահետազոտական ինստիտուտի (հետագայումՙ Սրտաբանության ինստիտուտ), նաեւ Ֆիզիոթերապիայի ինստիտուտն է հիմնադրել: Սրտաբանության ինստիտուտը Լեւոն Հովհաննիսյանի մահից (1970 թ.) հետո երկար տարիներ կրել է նրա անունը եւ միայն 2005 թվականից դադարեց կոչվել Լեւոն Հովհաննիսյանի անունով: Վերջերս մի խումբ գիտնականներ նամակով դիմեցին երկրի նախագահին` պետական մակարդակով նշելու անվանի գիտնականի հոբելյանը, Սրտաբանության ինստիտուտն ու երեւանյան մի փողոց նրա անունով կոչելու:
Այս տարվա փետրվարին լրացավ հայ բժշկության երախտավորի 125-ամյակը, որը ոչ մի ձեւով չնշվեց: Նրան մոռանում են: 1956 թվականին, երբ Նոբելյան մրցանակի հաստատությունից դիմել են Լ. Հովհաննիսյանին` նրան Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար, նա առաջարկել է Օրբելու թեկնածությունը: Այսինքն` ինքն իրեն չէր գնահատում, բայց նրա արածը հայ բժշկության համար այնքան ծանրակշիռ է, որ մե՛նք ենք պարտավոր նրան չմոռանալ ու կարեւորել:
Թոռը
Անդրեաս Հովհաննիսյանը ստացել է այն գենը, որն ակադեմիկոս Լեւոն Հովհաննիսյանը փոխանցել էր ճարտարապետ եւ դիրիժոր որդիներին: Գենը, որ ժառանգություն ես ստանում, երբեք չի կորչում եւ չի անհետանում, որեւէ կերպ դրսեւորվում է: Իսկ այդ գենը ուղղակի հայոց կոդի կրողն է, անկախ այն բանից` գիտնական է գենն ունեցողը, թե երկրի ճակատագրով մտահոգ, մեր կողքին ապրող սովորական մարդ: Երբ հայոց սահմաններում անհանգիստ էր, Ա. Հովհաննիսյանն իր այդ գենով չէր կարող հանգիստ նստել տանը` կազմավորեց «Արծվաբույն» ջոկատն ու գնաց սահման, ինչպես արեցին շատ ուրիշները: Սկզբից մի քանի հոգի էին ընկերներով, հետո կամաց-կամաց ջոկատն ավելացավ` «Զեյթուն» հայրենակցական միությունից կային, Հայժողճակատի, Արարատի, Երեւանի տղաներից կային: 1990-91(ին Նախիջեւանի Սադարակից գնդակոծությունների պատճառով Եղեգնաձոր գնացող ճանապարհը վտանգավոր էր դարձել, «Արծվաբույնի» տղաներն այդտեղ էին: Արարատի շտաբն էր համակարգողը, Անդրեասի տղաներինը` 21-րդ դիրքն էր սարի վրա, միանգամից Սադարակին էր նայում, տարիուկես դիրքերում էին` արժանի հակահարված տալով ադրբեջանցիների ոտնձգություններին: Հետո Նոյեմբերյանի Ոսկեպարում էին` «Սասնա ծռերի» տղաների հետ, հետո Մարտունու Ֆիզուլիում, 93-ին. «Սկզբից, որ կռվողների խիստ կարիք կար, մենք ինքներս էինք կոորդինացնում մեր որտեղ լինելը, հետո կամաց-կամաց սկսեցինք համագործակցել ուրիշ ջոկատների տղաների հետ: Ավելի ուշ Ղարաբաղի ինքնապաշտպանության շտաբից ուղղություն էին մեզ տալիս. Կոռնիձոր-Կուբաթլիում ենք եղել, Էջմիածնի տղերքի հետ, Շամշադինում էինք` «Կարիճ» ջոկատի տղաների հետ: Հետո Մարդակերտի Վաղուհասում էինք: Վերջին կռիվներին 94-ից առաջ Ասկերանում էինք, հետո Ստեփանակերտ գնացինք, Քարինտակում ու Աղդամում թեժ կռիվներ եղան»: «Արծվաբույնը» Ա. Հովհաննիսյանի հրամանատարությամբ Տանձուտում էլ է կռվել (Ջերմուկում), Խաչիկ գյուղի դիրքերում հակահարված տվել թշնամուն:
Բոլոր պատերազմ անցածների նման ջոկատի տղաները զինադադարից վերաիմաստավորեցին իրենց կյանքը` հիշողությունները սովորական կյանք անցնելուն հաճախ էին խանգարում: Բայց պետք էր կյանքը խաղաղության մեջ շարունակել, եւ ամեն մեկը դա անում էր այնպես, ինչպես կարողանում էր:
Գուցե դժվար է զենքից հետո ինչ-որ այլ բան ձեռքը վերցնել, այնպես որ երբ միջազգային հայ-կազակական միավորման գլխավոր ատաման Կարեն Զադոյանը հրավիրեց Անդրեասին միավորում` չմերժեց: Մոտավորապես 4 հազար հոգի կլինեն Հայաստանում հայ կազակները: «Ի՞նչ է տալիս հայ կազակների միավորման անդամ լինելը» հարցին Ա. Հովհաննիսյանը պատասխանում է. «Սերտ կապեր Ռուսաստանի հետ. զբաղվել ենք հայերի հետ կոնֆլիկտների հարթմամբ մի քանի տարի առաջ Ռուսաստանի հարավային հայաշատ քաղաներում: Աշխատում ենք երիտասարդության հետ` որ ճիշտ ուղիով գնան, վատ ճանապարհ չընտրեն: Հիմա Ռուսաստանում տարբեր տեղեր հայ-կազակական միավորումներ են ստեղծել` Սոչիում օրինակ, Մոսկվայում արդեն ստեղծում ենք, Կրասնոդարի մարզում կար արդեն: Մի տարվա ընթացքում նորից երեւի 4 տեղ ներկայացուցչություններ կբացենք Ռուսաստանում»:
Ա. Հովհաննիսյանը Հանրային խորհրդում էլ է ներկայացված. «Ինքնապաշտպանւթյան խորհուրդն է մերը, 30 հոգով տարբեր հարցեր ենք քննարկում, կառավարությանը որոշ առաջարկներ ներկայացնում»:
Ա. Հովհաննիսյանն այսօր էլ մտահոգված է իր ջոկատի տղաներով, նրանց կյանքով ու կենցաղով. «Էնքան տղաներ կան` շատ նեղ վիճակի մեջ են, ահագին մարդ գնաց Ռուսաստան, արտասահման: Պաշտպանության նախարարությունը ինչ-որ մի աջակցություն պիտի աներ տղաներին, չէ՞: Հիմա մի 4-5 հոգով շարունակում ենք ընկերությունը` մնացածը ցրվել են: Տղաները վետերան ազատամարտիկների միություն էին գնում` հերթի էին դնում, երկար բարակ տանում-բերում էին: Մի անգամ ես էլ գնացի, տեսա միությունում տղաները մեկը ոտք չունի, մեկը ձեռք չունի` ամոթից թողի, դուրս եկա, էլ չգնացի այնտեղ: Բայց տղաներին ինչ-որ ձեւով աջակցել պետք է` շատերն արտերկիր են մեկնել, շատերը մահացել են` 20 տարի անցավ»:
Ա. Հովհաննիսյանին եւ իր համախոհներին Զեյթունի թաղապետարանում սենյակ է հատկացրել թաղապետ Արայիկ Քոթանջյանը` «Զեյթուն» հայրենակցական միությունն էր, չէ՞, ջոկատի կորիզը. «Զեյթունի ազատամարտի 150-ամյակն է լինելու, պատրաստվում ենք դրան, արտերկրից հյուրեր պիտի գան»: Գլխավոր խնդիրն իր ջոկատի տղաների համար Ա. Հովհաննիսյանը համարում է չմոռացվելը, նաեւ, ինչու չէ` ջոկատայիններին նյութապես ապահովելու ձեւեր գտնելը. «Բայց ավելի շուտ բարոյապես նրանց նեցուկ լինելն է կարեւոր, որ նրանց հիշեն, հանդիպումների կանչեն: Ավետիս Շահումյանն իմ տեղակալն էր ջոկատում, Ռուբեն Հայրապետյանը, Կանդալյան Հարութը, Ղազարյան Ժորան, Հովհաննես Մամիկոնյանը, նրանք բոլորն այսօր կան, այստեղ են, մնացածը ցրվել են: Ամեն կռվի մեջ դժվարություն կար, մեր ճակատային կյանքի լավնուվատն է մնացել անցյալի օրվա մեջ` ինչո՞ւ այսօր չկանչեն, ու մենք չպատմենք երիտասարդ մարդկանց, ապագա զինվորացուներին մեր տեսածն ու ապրածն արդեն մոռացվող պատերազմի մասին: Եթե նորից պատերազմ լինի` ես նորից կգնամ, չնայած տարիքիս, իմ տղաներն էլ նորից հետս կգնան, բայց մենք այս տեսակ կյանքի, էսօրվա համար չէինք անում` էն, ինչ արել ենք, ավելի լավ պետք է լիներ. մի քանի հոգի ապրում են` ամեն ինչ իրենցով են արել, ժողովրդի համար շատ քիչ բան է արվում: Մարդու կենցաղը եթե ապահովված չլինի` նա արդեն անբավարար մարդ է: Աշխատանք չկա, աշխատատեղեր չկան: Անապահով մարդկանցով ո՞նց ենք Եվրոմիություն մտնելու...», մտորում է Ա. Հովհաննիսյանը:
ԼՂ հարցի ներկա պահի, տարածքների վերադարձի մասին խոսակցություններին Ա. Հովհաննիսյանն այսպես է արձագանքում. «Ազատագրված տարածքները մեր արյունով ենք գրավել` ո՞նց հող տաս: Եթե ինձ հարցնեն` ես չեմ տա հող: Հող հետ տալուց որ խոսում են` ժողովուրդը պիտի իմանա, չէ՞, իր կարգավիճակը, պիտի մանրամասն իմանա` ի՞նչ պայմաններով, դրանից հետո նոր պետք է նստել սեղանի շուրջը: Ճիշտը նա է, որ կարգավիճակը նախ որոշեն»: Ալիեւի ռազմաշունչ հայտարարություններին ի պատասխան ասում է. «Դե թող մի հատ էլ փորձի, մի անգամ փորձեցին, ի՞նչ ստացան: Էս իրավիճակում ոչ մեզ, ոչ էլ նրանց պատերազմը ձեռք չի տալիս, բայց իրենց մոտ կռվողները քիչ կլինեն` վախը դեռ կա նրանց մեջ, 4-5 սերունդ պիտի փոխվի, երկու սերունդ չպիտի խոսի այդ մասին, որ իրենց վախն ադրբեջանցիք մոռանան»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. - Անդրեաս Հովհաննիսյանը նաեւ հիշեց Սերժ Սարգսյանին ուղղված նամակը` Սրտաբանության ինստիտուտն իր պապի` Լեվոն Հովհաննիսյանի անվամբ վերակոչելու խնդրանքով. «Պապս առաջին մարդն է, որ գրել է հայ բշժկության պատմությունը` 4-րդ դարից սկսած մինչեւ իր ժամանակը: Կարդիոլոգիայի ինտիտուտն իր անունով էր, եկավ նոր տնօրեն, պապիս կիսանդրին հանեց այնտեղից, տարավ բժշկական ինստիտուտ. հիմա մենք ուզում ենք պապիկիս անունը վերականգնել»:
Նկար 1. Լեւոն Հովհաննիսյան
Նկար 2. Անդրեաս Հովհաննիսյան
Նկար 3. «Արծվաբույն» ջոկատը մարտից առաջ...