«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ՀԱՅԻ ԱՉՔԵՐ` ՈՉ ԵՆԹԱՐԿՎՈՂ, ԱՅԼ ԳՆԱՀԱՏՈՂ

Հայաստանի բոլոր մարզերը տարբեր են: Տարբեր են այնտեղ ապրող ժողովուրդները, բարբառները, անգամ դեպի մարզեր տանող ճանապարհները: Սակայն, անշուշտ, կան նաեւ ընդհանրություններ. նախ բոլոր մարզերը Հայաստան են, եւ առանց դրանցից յուրաքանչյուրի մեր երկիրը կիսատ է, ապա նաեւ, բոլոր մարզերում Ռուսաստանը, ռուսերենը, ռուսական երգը ընդունված եւ սիրված են: Սա, բնականաբար, շատ ավելին է, քան ռազմավարական հարաբերությունները. առհասարակ հայ-ռուսական հարաբերությունները թերեւս այն քիչ ոլորտներից են, որտեղ հանրապետական, մարզային իշխանությունների եւ ժողովրդի դիրքորոշումները համընկնում են:

Ռուսաստանի հայերի միության, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի եւ «Ռուսկի միր» հիմնադրամի կազմակերպած «Երգը բարեկամության կամուրջն է» հանրապետական դպրոցներում ռուսերեն երգի փառատոնը շարունակվում է. վստահաբար կարելի է նկատել, որ հայ-ռուսական բարեկամության տոնը նույնպես շարունակվում է: Նոյեմբերի 5-ին փառատոնը Արարատի մարզում էր, որտեղ, ինչպես եւ բոլոր մյուս մարզերում, ընտրվեցին այն հինգ երեխաները, որոնք կներկայացնեն մարզը հանրապետական փուլում` Երեւանում:

«Մեր պապերը չեն սխալվել»

«Հզոր Ռուս» եւ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունները, աղուհաց մատուցող երկու աղջնակներ` հայկական եւ ռուսական տարազներով. այս ամենը հայացք է Արարատից դեպի հյուսիս. Արարատի մարզն ամփոփում էր փառատոնի մարզային փուլը, որին մասնակցել են մարզի բոլոր կրթօջախները: «Սա միջոցառում է, որը մեկ անգամ եւս մերձեցնում է մեր կապերը: Հաստատապես մեր պապերը չեն սխալվել, որ հայացքն ուղղել են դեպի հյուսիս», նկատեց Արարատի փոխմարզպետ պրն Հակոբյանը ` փոխանցելով ներկաներին մարզպետի ողջույնը: Այն, որ «մեր պապերը չեն սխալվել», ապացուցվում է պատմությամբ. անցած մի քանի դարի ընթացքում մեր ժողովրդի հաղթանակները կերտվել են «ռուսական միջամտությամբ», եւ ամենեւին էլ պատահական չէ, որ նոյեմբերի 5-ին Արտաշատ քաղաքում միջոցառումը բացվեց «Հաղթանակի օրը» երգով քաղաքի 5-րդ դպրոցի դպրոցական երգչախմբի կատարմամբ: Իսկ կատարումից ոգեւորված, ՌՀՄ ներկայացուցիչների խմբում Արարատի մարզ մեկնած Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը նույնիսկ նշեց. «Ես կերազեի այսպիսի երգչախումբ ունենալ իմ կողքին»: Ամիրխանյանը նաեւ ընթերցեց իր նշումներում ամենաշատ օգտագործված նախադասությունը` «Շատ լավ երեխա է». «Ես այստեղ հիանալի ձայներ լսեցի, մաքուր ռուսերեն. հաղթեցինք այսօր: Ցանկանում եմ շեշտել նաեւ` ռուսերեն երգը մենք չենք կատարում ենթարկվելով, մենք այն կատարում ենք որպես գնահատանք` մեր կողքին ապրող նույնպես արժանապատիվ ազգի նկատմամբ», ասաց ՀՀ ժողովրդական արտիստը:

Իսկ շատ լավ երեխաները հիանալի ռուսերենով եւ մեծ հուզմունքով կատարեցին ռուս հայրենասիրական, ազգային երգերից մինչեւ ռուսական էստրադային երգեր, հայկական երգեր` ռուսերենով, ռուսական ռոմանսներ, որոնց կատարողական զգացողությունը, ընդ որումՙ Հայաստանի յուրաքանչյուր մարզում, պարզապես ապշեցնում է: «Չէի սպասում, որ այսպիսի արդյունք կունենանք, սա տոն է, հաղթանակ: Պետք է նշեմ նաեւ, որ մեր նպատակն է ոչ այնքան որոշել, թե ով է լավ երգում, ովՙ վատ, այլ ապահովել վերադարձը դեպի ռուսական մշակույթ: Գաղտնիք չէ, մենք վերջին տասնամյակներում քայլ առ քայլ հեռացել ենք դրանից: Այս փառատոնով, սակայն, մենք ապահովում ենք մեր երիտասարդ սերնդի ակտիվ շփումը ռուսական հարուստ մշակույթի հետ: Եվ արդեն երրորդ մարզում ենք ամփոփում (Շիրակ, Արմավիր, Արարատ), ու պետք է ասեմ, որ մենք հասել ենք մեր նպատակին. փառատոնն արդեն իսկ կայացել է` որպես հայ-ռուսական բարեկամության տոն», նկատեց ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը : Եվ նա չի սխալվում, քանի որ Արարատի հայացքի տակ, Հայաստանի ու Ռուսաստանի դրոշների ներքո, «Ես իմ անուշ Հայաստանի» արտասանողի կողքին հնչում է նաեւ «Հզոր Ռուսը»` նույնքան ջերմությամբ, քանի որ ռուսական երգին ջերմորեն ծափահարող դահլիճը սկզբից մինչեւ վերջ ձայնակցեց Ռոբերտ Ամիրխանյանին, երբ վերջինս երգում էր «Հայի աչքերը»` ոչ ենթարկվող, այլ գնահատող:

Ռուսական կեչին` հայկական հողում

Նոյեմբերի վեցին ռուսական կեչին «հայտնվել» էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, իսկ կեչու շուրջը մարզպետարանի «Բագրեւանդ» պարային համույթը հայկական ազգային պարերով ողջունեց «Երգը բարեկամության կամուրջն է» ռուսական երգի` Գեղարքունիքի մարզի փառատոնի հյուրերին: Բեմի կենտրոնում տեղադրված կեչին պատրաստել էին աշակերտները, ինչը խորհրդանշում է ռուսական մշակույթի արմատները հայկական հողում: Մարտունիում երեխաները հատկապես աչքի ընկան ռուսական ազգային երգերի կատարմամբ. միայն զարմանալ կարելի է, թե ինչպիսի մաքրությամբ էին մարզի հեռավոր բնակավայրերի երեխաները կատարում «Կալինկա» եւ այլ ռուս ազգային երգերը: Բացի երաժշտական կատարումներիցՙ երեխաները հանդես եկան նաեւ ռուսերեն ասմունքով, բավական ինքնատիպ բեմադրեցին Պուշկինի «Ոսկե ձկնիկը» հեքիաթը: Առհասարակ միայն այս հեքիաթի բեմադրությանը հետեւելիս կարելի է վստահաբար նշել, որ ռուսական մշակույթը` հայկականից հետո, նստած է հայ երեխայի ներսում. լինում էին սխալներ, սցենարական անճշտությունները, սակայն բոլորը բեմում զգում էին հեքիաթը` ինչպես սեփականը: Վերջում Սեւանա լճի ափամերձ մարզից մի 13-ամյա պատանիՙ փայլուն կատարեց Առնո Բաբաջանյանի հանրահայտ «Նոկտյուրնը»` եւս մեկ անգամ «պատմելով» դահլիճին հայ-ռուսական բարեկամության մասին: Երբ ժյուրին խորհրդակցում էր` հաղթողներին որոշելու, մասնակից երեխաները հերթ չէին տալիս միմյանց մի կատարմամբ եւս հանդես գալու համար. նրանց համար հաստատապես տոն էր, հետեւաբար փառատոնի ամենակարեւոր նպատակը իրականություն է:

«ՀՀ հեռավոր մարզում ռուսաց լեզուն պահպանելու համար»

110 աշակերտ` ընդհանուր առմամբ եւ նրանցից 35-ը միայն` մարզային ամփոփիչ փառատոնի մասնակից: Այս ամենը Հայաստանի հեռավոր` Լոռու մարզում: Վանաձորի երաժշտական ուսումնարանում նոյեմբերի 8-ին պարգեւատրվեցին «Երգը բարեկամության կամուրջն է» ռուսական երգի փառատոնի բոլոր 35 մասնակիցները` Լոռու մարզպետի կողմից` «ՀՀ հեռավոր մարզում ռուսաց լեզուն ու ռուս մշակույթը բարձր պահելու համար»: Երբ տեսնում ես պարգեւատրվող երեխաների ուրախությունը, ապա որեւէ կասկած չի մնում, որ ռուս մշակույթի պահպանումը խրախուսելի է իշխանությունների համար, եւ ուրախություն` ժողովրդի: Լոռու` հայ-ռուսական տոնին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչ, փառատոնի առաջին իսկ օրերից փառատոնի կողքին տիկին Բալասանյանը, մարզպետարանի կրթության եւ մշակույթի բաժինների պետերը, որոնց համագործակցությունը ուսանելի է շատ այլ մարզերի համար, ինչպես նաեւ երեխաների պես հուզված ծնողներ ու, առաջին հերթին, շատ լավ ռուսերեն խոսող մասնակիցներ: Ի դեպ, մասնակիցների թվում էին նաեւ Ֆիոլետովո եւ Լերմոնտով գյուղերի բնակիչներ, ազգությամբ ռուսներ Զադորկին Դմիտրին եւ Տանայանա Նատալյան, որոնք չկարողացան ռուսերեն երգի մրցույթում հաղթել հայ երեխաներին: Անշուշտ, բոլոր մարզերում էլ կային ոչ այնքան լավ կատարումներ, իհարկե, շատ դեպքերում երեխաները, ոմանք հուզմունքից, ոմանք պարզապես լավ չտիրապետելով լեզվին, չէին կարողանում լավ խոսել, սակայն փաստը, որ ամբողջ հանրապետությունում, բոլոր մարզերում այսքան շատ երեխաներ փորձում են խոսել, երգել, ասմունքել ռուսերեն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ «Կեչու արմատները հայկական հողում են», որ հայ մարդը կարող է ոգեւորվել` լսելով, օրինակ «Կատյուշան» կամ «Սմուգլյանկան», որ մի ամբողջ դահլիճ կարող է հոտնկայս ծափահարել 14-ամյա պատանուն, որը կատարում է «Հաղթանակի օրը», կամ նույն տարիքի աղջկան` «Երկնագույն թաշկինակը» կատարելիս:

Չնայած փառատոնի եզրափակիչ եւ գալահամերգներին դեռ մի քանի օր կա, սակայն հիմա արդեն արձանագրենք` հայ-ռուսական բարեկամության տոնը ստացվեց. դրա ապացույցները հանրապետության բոլոր մարզերի դպրոցական դահլիճներում հավաքված հայ երեխաների ու ծնողների, մանկավարժների աչքերն են` ոչ ենթարկվող, այլ մեր կողքին ապրող եւս մեկ արժանապատիվ ազգին գնահատող:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Արտաշատ-Մարտունի-Վանաձոր-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4