Նոյեմբերի 8-13-ը Համազգային պետական թատրոնում մեկնարկեց իտալական ժամանակակից ֆիլմերի շաբաթը: Մեր երկրում առաջին անգամ անցկացվող իտալական ֆիլմերի շաբաթով ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը, հանձին դեսպան Բրունո Սկապինի, նպատակ ունի վերհանել ազգային ժամանակակից կինոյի վերջին լավագույն աշխատանքները, որոնք կցուցադրվեն շաբաթվա ընթացքում:
Դեսպանության եւ Համազգային թատրոնի համագործակցությունը շարժել էր շատերի հետաքրքրությունը: Թատրոնի ճեմասրահում կինոյի շաբաթվա շրջանակներում բացվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի երկու տասնյակից ավելի մանրաքանդակների ցուցադրությունը:
«Ես շատ ուսուցիչներ եմ ունեցել, որոնց չեմ էլ հանդիպել ֆիզիկապես,- «Ազգի» հետ զրույցում ասաց արվեստագետ Դավիթ Մինասյանը եւ բացատրեց,- «սակայն նրանցից սովորել ու սովորում եմ մշտապես: Տարբեր ազգերի տարբեր արվեստագետներ ու մտավորականներ են նրանք, որոնց մի օր պիտի անդրադառնամ»: Եվ ահա այդ օրը եկավ, ու հերթն առաջինը իտալացիներինն էր, «Իտալական կադրեր» ցուցահանդեսը արվեստագետի հանդիպումն է իտալացի իր «ուսուցիչների» հետ:
Ավելի ուշ, Համազգայինի բեմը տրամադրվեց դեսպան Բրունո Սկապինիին, որը բարձր գնահատեց ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները ու ջերմ խոսքեր հղեց երիտասարդ արվեստագետի հասցեին: Դեսպանը նաեւ շնորհակալություն հայտնեց Համազգային թատրոնի տնօրենությանըՙ համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկը ընդունելու եւ իրականացնելու համար:
Ֆիլմերի շաբաթը բացվեց իտալացի հայտնի ռեժիսոր Անջելո Լոնգոնիի «Կարավաջո» ֆիլմով: Ֆիլմը նվիրված էր իտալացի հայտնի նկարիչ Միքելանջելո Կարավաջոյի կյանքին ու ապրած ժամանակաշրջանին: Ֆիլմը ցուցադրվեց իտալերենով եւ զուգընթաց անգլերեն տիտրերով: Ֆիլմի մասին մեկնաբանություններ տվեց արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը : Բարդ ու դաժան մանկություն, երիտասարդություն է ունեցել հանճարեղ արվեստագետը, եւ նրա կյանքի բոլոր դրվագներըՙ 2,5 ժամ ընթացող ֆիլմում, որը գեղագիտական բարձրաճաշակ գործ է, ցուցադրված էին մանրամասն դրվագներով ու ժամանակակից հեռուստաէֆեկտների միջոցով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ