Ինչպես տեղեկացրել ենք, վերջերս Գենադի Մարտիրոսյանը հաջողությամբ պաշտպանեց միջինքաշային կարգում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսըՙ 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով պորտուգալացի Վիտոր Սային: 30-ամյա հայ բռնցքամարտիկը, որ ծնվել է Երեւանում, իսկ ներկայումս բնակվում է Սանկտ Պետերբուրգում, այժմ գլխավորում է WBO-ի դասակարգման ցուցակը: Պրոֆեսիոնալ ռինգում նա 23 մենամարտերից 21-ում հաղթող է ճանաչվել: Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ հնարավոր է Մարտիրոսյանը մրցի Կելի Պավլիկի հետ: Allboxing.ru կայքէջում հարցազրույց է տպագրվել Գենադի Մարտիրոսյանի հետ, որը ներկայացնում ենք ընթերցողներին:
- Գենադի, շնորհավորում եմ հաղթանակիդ առթիվ: Ինչպե՞ս ընթացավ մենամարտը Սայի հետ:
- Պորտուգալացին բավական լավ բռնցքամարտիկ է, ֆիզիկապես ամուր, մկանոտ, սակայն արագաշարժ չէ: Թեեւ նա առանձնապես գրոհներ չէր կազմակերպում, սակայն լավ էր դիմագրավում հարվածներիս: Սակայն ռինգում հաղթում է ուժեղագույնը: 3-րդ ռաունդում հուժկու հարվածով ավարտեցի մենամարտը:
- Դա WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի հերթական հաջող պաշտպանությունդ էր: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:
- Ծրագրերս կապված են բռնցքամարտի հետ: Ցանկանում եմ մենամարտել ուժեղների հետ եւ առաջ ընթանալ:
- Տեղեկատվություն տարածվեց, որ WBO-ի ղեկավարությունը մտադիր է կազմակերպել քո մենամարտն ամերիկացի Կելի Պավլիկի կամ WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Դմիտրի Պիրոգի հետ: Ի՞նչ կասես այս առնչությամբ:
- Իմ պրոմոութերներն արդեն սկսել են բանակցությունները Կելի Պավլիկի ներկայացուցիչների հետ: Նման մենամարտերի կազմակերպման հարցերը մեկ օրում չեն լուծվում: Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա Պավլիկի հետ կմենամարտեմ Ամերիկայում:
- Իսկ քեզ նեղացրած Հասան Ն’Ժիկանին չե՞ս մոռացել:
- Մենք դիտարկել ենք նաեւ նրա հետ ռեւանշ-մրցամարտի կազմակերպման հարցը: Սակայն նա մենամարտում է WBA-ում, եսՙ WBO-ում: Նա հաղթել է չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում: Այնպես որ ներկայումս Կելի Պավլիկի հետ Ամերիկայում մենամարտ կազմակերպելն ավելի հեշտ է:
- Խնդրում եմ նշեք միջին քաշային կարգում այս պահին ուժեղագույն եռյակին:
- Պիրոգ, Գոլովկին, Պավլիկ, Մարտինես, Վիլյամս: Չնայած պարտությանը, Կարմազինին եւս համարում եմ ուժեղագույններից մեկը:
- Նրանցից ո՞ւմ հետ կցանկանայիք մենամարտել:
- Կելի Պավլիկի: Քանի որ այդ մենամարտն աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում ընտրական բնույթ կկրի: Իսկ ընդհանրապես կցանկանայի մենամարտել լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած ցանկացած բռնցքամարտիկի հետ:
- Ցանկանք, որպեսզի քո ծրագրերն իրականանան արդեն 2011-ին:
- Շնորհակալություն: Ողջունում եմ ձեր կայքէջը, որը բռնցքամարտի մասին օպերատիվորեն եւ հետաքրքրական տեղեկատվություն է հրապարակում: Շնորհակալ եմ նաեւ նրանցից, ովքեր «Հոբելյանական» մարզասրահում ինձ աջակցում էին Վիտոր Սայի հետ մենամարտում: Ինձ շատ ջերմ ընդունեցին: Մեզ համար երկրպագուների աջակցությունը շատ կարեւոր է: Սիրեք բռնցքամարտը, իսկ մենք ձեզ կուրախացնենք նոր հաղթանակներով: