Մոտավոր հաշվարկներով այսօր Հայաստանում շուրջ 900 հազար երիտասարդներ են ապրում: Ըստ նորմատիվ փաստաթղթերի` երիտասարդ են համարվում 18-30 տարեկան մարդիկ, սա նաեւ համաեվրոպական չափանիշ է: Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է, հետեւաբար հենց նույն հասարակության մեջ երիտասարդները պետք է բարձր գնահատվեն: Գնահատանքի մի ձեւ է նաեւ երիտասարդության օր ունենալը, բայց տոնական օրը չպետք է միայն ձեւական բնույթ ունենա: Ինչեւէ, այս խնդրին մենք դեռ կանդրադառնանք:
1999 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան օգոստոսի 12-ը հռչակեց երիտասարդության միջազգային օր: Հայ երիտասարդների մեջ թյուր կարծիք կա, թե երիտասարդության միջազգային օրը նոյեմբերի 10-ն է: Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նոյեմբերի 10 երիտասարդների ժողովրդավարական համաշխարհային ֆեդերացիայի ստեղծման օրն է: Ֆեդերացիան ստեղծվել է 1945-ին Լոնդոնում: Նորաստեղծ ֆեդերացիան իր առջեւ խնդիր էր դրել պայքարելու ֆաշիզմի եւ ռասիստական խտրականությունների դեմ: «Նոյեմբերի 10 այսպիսի պատմություն ունի, իսկ երիտասարդության համաշխարհային օրը օգոստոսի 12-ն է» , ավելացրեց Արսեն Քարամյանը:
Երեկվա ասուլիսի նպատակը միայն երիտասարդության տոնական օրվա ամսաթիվը ճշտելը չէր, Արսեն Քարամյանը խոսեց նաեւ երիտասարդներին վերաբերող խնդիրներից: Նա ցավով նշեց, որ մինչեւ այսօր երիտասարդներին վերաբերող վիճակագրական լուրջ աշխատանք չի կատարվել: «Հենց այս մտահոգությամբ էլ 2011-ին որպես թիրախային խումբ ուսումնասիրելու ենք երիտասարդության խումբը եւ պատրաստելու ենք Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց, որը ներառելու է երիտասարդներին առնչվող բոլոր հնարավոր վիճակագրական եւ վերլուծական տվյալները», ասաց փոխնախարարն ու ընդգծեց. «Երիտասարդական պետական արդյունավետ քաղաքականության մասին կարող է խոսք լինել միայն թվային ճշգրիտ տվյալների ու վերլուծությունների հիման վրա»: Արսեն Քարամյանը կարծում է, որ երիտասարդությանն ուղղված քաղաքականությունը չի կարող ամփոփվել մի նախարարության գործառույթի տիրույթում: Երիտասարդներն առնչվում են տարբեր ոլորտների` կրթության, առողջապահության, պաշտպանության, մշակույթի: «Հետեւաբար երիտասարդական քաղաքականությունը պետք է դիտարկել որպես միջգերատեսչական քաղաքականություն», ասաց Արսեն Քարամյանը: Խոսելով երիտասարդության խնդիրների մասին` Ա. Քարամյանը առանձնացրեց որակյալ կրթություն ստանալու խնդիրը: Նրա խոսքով` աշխարհին ներկայանալու մեր շահեկան եւ արդյունավետ ճանապարհը գիտելիքի վրա հենված հասարակության կառուցման տեսլականն է: Բանախոսը չժխտեց, որ կրթության ոլորտում կոռուպցիան արմատացած է, իսկ երբ խոսք է գնում դրա դեմ պայքարելու մասին, այն մարդիկ, որոնք պետք է ավելի շահագրգռված լինեն կոռուպցիայի կրճատումով, շատ պասիվ կեցվածք են դրսեւորում: Արսեն Քարամյանը կարծում է` մեր հասարակությունը լուրջ ախտերով է տառապում. «Օրինակ` որտեղի՞ց է բարձրագույն կրթություն ստանալու մոլուցքը: Բոլորն ուզում են բարձրագույն կրթություն ստանալ, իսկ միջին մասնագիտական կրթությունը ոչնչացվել է»: Այնուհետեւ բանախոսը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում շատ արագ պետք է վերականգնել միջին մասնագիտական կրթությունը: Պարտադիր չէ, որ բոլորը բարձրագույն կրթություն ստանան: «Մեր տնտեսությունն ի վիճակի չէ աշխատանքով ապահովելու բարձրագույն կրթություն ունեցող այդքան շատ մասնագետների», ասաց Արսեն Քարամյանը, ապա մեկ այլ հայտարարություն արեց. «Հայաստանում կրթությունը պետք է լինի թանկ եւ որակյալ, բայց միաժամանակ մատչելի այն խավի համար, որը տաղանդ ունի, սակայն սոցիալապես խոցելի է»:
Ասուլիսի ընթացքում Արսեն Քարամյանն անդրադարձավ նաեւ երիտասարդների զբաղվածության խնդրին, ինչը 1998 թվականից էապես կարեւորվում է միջազգային ասպարեզներում. «Սա ոչ միայն հայաստանյան իրականության, այլեւ գլոբալ խնդիր է»: Բանախոսի կարծիքով` երիտասարդները հանրային կյանքի ոչ բոլոր ոլորտներում ունեն ակտիվ մասնակցություն: Նրանց մասնակցությունը քաղաքական կյանքին Արսեն Քարամյանը գնահատեց գերազանց, մշակութային մասնակցությունը` թերեւս բավարար, իսկ տնտեսական մասնակցությունը` անբավարար:
«Ազգի» դիտարկմանը, իսկ երիտասարդների արտագաղթն արդյոք օրակարգային խնդիր չէ՞, եւ կա՞ն արդյոք հստակ ուսումնասիրություններ երիտասարդների` Հայաստանից գնալ-չգնալու վերաբերյալ, Արսեն Քարամյանը պատասխանեց. «Հստակ ուսումնասիրություն եւ վիճակագրություն երիտասարդների գնալ-չգնալու վերաբերյալ, կարծում եմ, չկա: Արտագաղթը մեզ ուղեկցում է վերջին գրեթե 17-18 տարիներին, եւ սա բնական երեւույթ է, սակայն որեւէ վիճակագրություն երիտասարդ մարդկանց վերաբերյալ գոյություն չունի»: Հասկանալի է, վիճակագրություն չկա, սակայն չենք կարող բացառել, որ բարեկեցիկ կյանք ունենալու հույսերով հայ երիտասարդները հեռանում են Հայաստանից: «Ազգի» հարցին, իսկ ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրը, Արսեն Քարամյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց որոշակիորեն պետք է բարելավվի նաեւ երիտասարդ մարդկանց զբաղվածության խնդիրը»:
Պարզվեց, որ երիտասարդների միջազգային օրը օգոստոսի 12-ն է, որին մի տարուց ավելի դեռ պետք է սպասել, սակայն առաջիկայում երիտասարդները կարող են նշել ուսանողության միջազգային օրը` նոյեմբերի 17-ը:
Վերջում Արսեն Քարամյանը երիտասարդներին կոչ արեց լինել հանդուրժող: Իհարկե, հանդուրժողականությունը առաջին անհրաժեշտ պայմանն է կայուն հասարակություն ունենալու համար, սակայն հանդուրժել մինչեւ ե՞րբ, ինչքա՞ն եւ ամենակարեւորը` ի՞նչը հանդուրժել: Հայաստանում ապրող հայ երտասարդների ցավոտ խնդիրներից մեկն աշխատանք գտնելն է, բայց միայն աշխատանք գտնելով խնդիրների շղթան չի վերջանում: Երիտասարդները չեն կարողանում ինքնահաստատվել, գտած աշխատանքը (եթե գտնում են) միշտ չէ, որ նրանց «սրտով է լինում», բայց դա դեռ ոչինչ, չկարողանալով ինքնահաստատվել, ընտանիք կազմել եւ բավարար գումար աշխատել` երիտասարդները լքում են Հայաստանը եւ գնում օտար երկրներ «բախտ որոնելու»: Կան մարդիկ, որոնց թվում է` օտար երկրներում բարեկեցիկ ապագան «կազմ ու պատրաստ» սպասում է իրենց, բայց նորություն ասած չենք լինի, որ դա այդպես չէ: Ոմանք հիասթափված վերադառնում են Հայաստան, եւ գերադասում կյանքի դժվարություններն այստեղ հաղթահարել, սակայն այս ամբողջ խառնաշփոթի ընթացքում ի՞նչ է կատարվում երիտասարդների հոգեկան աշխարհում` սթրեսներ, անհաշտություն սեփական անձի հետ: Այս ամենից հետո քչերն են կարողանում ոտքի կանգնել, լրացնել իրենց բացթողումներն ու հետ չմնալ կյանքի ռիթմից, ինչն այսօր աննորմալ արագ է դարձել: Ինչեւէ, «լինենք հանդուրժող», հատկապես երիտասարդներս պետք է պայքարենք լավ կյանքի համար, ճիշտ է, տարիներ անց մեզնից շատերն այլեւս երիտասարդ չեն լինի , բայց ինչպես հայտնի ֆիլմում է ասվումՙ «կյանքը 40 տարեկանում նոր է սկսվում»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ