«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2010-11-09 | #206, 2010-11-10 | #207, 2010-11-11


«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՊԻՏԱԿԱՎՈՐԵԼԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Հարցազրույց ՀՀԿ նախագահի գաղափարախոսական հարցերով տեղակալ պարոն Մուշեղ Լալայանի հետ

Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 9-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը, «շեղվելով օրվա թեմայից», անդրադարձել է նաեւ ՀՀԿ գաղափարախոսությանը (իր որակումով` «ցեղապաշտական կամ ցեղակրոնական») եւ «ի գիտություն անտեղյակների» նշել, որ «ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը»:

Այս հարցերը պարզաբանելու համար դիմեցինք ՀՀԿ նախագահի գաղափարախոսական հարցերով տեղակալ պարոն Մուշեղ Լալայանին:


- Պարոն Լալայան, արդյոք ճի՞շտ է ՀՀԿ գաղափարախոսությունը որակել իբրեւ «ցեղապաշտական կամ ցեղակրոնական»:

- Ի գիտություն անտեղյակների ասեմ, որ ՀՀԿ գաղափարախոսությունը պետք է բնորոշել իբրեւ ազգային պահպանողական , ինչն ամրագրված է կուսակցության ծրագրում:

Ցեղապաշտության եւ (ոչ թե կամ) ցեղակրոնության հետ կապված պարզաբանեմ: ՀՀԿ գաղափարախոսության հիմքում էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը, որն ավելի լայն է եւ ընդգրկուն, քան զուտ ցեղակրոնության տեսությունը. վերջինս Նժդեհի ուսմունքի հիմնաքարերից է, նրա մասը, բայց չի նույնանում ամբողջ ուսմունքի հետ:

Իսկ ցեղապաշտությունը - պաշտամունքը ցեղի/ազգի որակների, արժեքների, սրբությունների - ցեղակրոնության ընդամենը տարրերից է, եւ այդ տեսությունը կառուցված է հետեւյալ տրամաբանական հաջորդականությամբ. «Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»:

Գիտնականի համարում ունեցող մեկը պարտավոր է այս ամենը տարբերակել կամ խոսել իմացած բաներից:

- Իսկ որքանո՞վ է ճիշտ ցեղակրոնությունն իբրեւ ռասիզմ որակելը, եւ առհասարակ, ինչպե՞ս կարճ կբնորոշեիք այն:

- Մեկ նախադասությամբ` ցեղակրոնությունը, առաջին հերթին, հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու եւ ցմահ հավատարիմ մնալու ուխտը :

Այժմ գանք որակումներին: Խնդիրն այստեղ գիտական հարթությունում չէ, այլ` առավելապես հոգեբանական-բարոյական: Մեզանում, դժբախտաբար, դեռեւս շատերն են համակված ազգային անլիարժեքության բարդույթով, որով եւ` պարտվողական հոգեբանությամբ: Պետք է ասել, որ ի ցավ հայ ժողովրդի` մեր նորանկախ պետության առաջին նախագահը նույնպես տառապում է այս բարդույթով: Այնինչ, նժդեհյան ուսմունքը քարոզում է ազգային հպարտություն, «որն իր սնունդը առնում է մեր պաշտամունքից դեպի այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական Հայրենի պատմության մեջ» :

Իսկ փորձել ցեղակրոնությունը արհեստականորեն կապել օտար ցեղապաշտական ուսմունքների հետ` համապատասխան կեղծ որակումներով, նոր երեւույթ չէ, ինչին Նժդեհը ժամանակին պատասխանել է. «Գերազանցորեն հայկական է Ցեղակրոնության գաղափարը, այն կաղապարված է մեր ցեղի էության վրա... Ցեղակրոն շարժումը ոչ մի ընդհանուր բան չունի եւ չէր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի այն, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփական, այլ ոչ փոխառնված արժեքներով» :

Իսկ ազգայինի հանդեպ քամահրանքը, ազգային արժեհամակարգը միտումնավոր պիտակավորելը Տեր-Պետրոսյանի պարագայում նորություն չէ: Հիշենք թեկուզ, թե ինչպիսի ջանասիրությամբ նա տարիներ առաջ փորձում էր համոզել, որ ազգային գաղափարախոսությունը «կեղծ կատեգորիա է»:

- Ի դեպ, ՀՀԿ-ի գաղափարաբանությունում «ազգային գաղափարախոսություն» հասկացությունն առանցքային տեղ ունի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

- Յուրաքանչյուր կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատեւման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրեւ տվյալ ազգի գաղափարախոսություն: Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում: Առանց այդ գաղափարախոսության որեւէ ազգ կենսունակ չէ ազգերի գոյության պայքարում: Առանց դրա նա դառնում է պատեհապաշտ` գործելակերպի մեջ անսկզբունք, նպատակի եւ անելիքի մեջ չկողմնորոշվող եւ, հաճախ, իբրեւ դեպքերի խաղալիք, դուրս է մնում պատմության ասպարեզից. վկա` ազգերի գոյապայքարը: Այդ է ցույց տալիս նաեւ մեր պատմությունը, որի արյունոտ ու արցունքոտ էջերից շատերը արդյունք են սեփական գաղափարախոսության բացակայության եւ օտար արժեքների, ուսմունքների ազդեցության:

Մեր կարծիքով, ազգային գաղափարախոսությունը` իբրեւ ազգային գաղափարների համակարգ, իբրեւ ազգի առաքելության իմաստաբանություն, գոյություն ունի ի սկզբանե, Ազգի ծնունդի հետ, եւ խնդիրը ո՛չ թե այն ստեղծելը, այլ ճանաչելը, հայտնագործելն է:

Այդուհանդերձ, ազգային գաղափարախոսությունը մեկ ամբողջական փաստաթուղթ չէ եւ ներառում է գաղափարական մի շարք համակարգեր, որոնք թեեւ ժամանակների ու շոշափվող հարթությունների առումով տարբեր են, բայց էաբանորեն նույնն են: Հայկական գաղափարախոսության մեջ առկա են ե՛ւ այբուբենը, ե՛ւ էպոսը, ե՛ւ հայոց աստվածաճանաչողությունը, ե՛ւ ցեղակրոնությունը, ե՛ւ տարոնականությունը... ե՛ւ ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք ունենալով իրենց ուրույն տեղը գաղափարախոսության մեջ` ամբողջացնում են այն:

Թերահավատների համար ասենք, որ անպայմանորեն կան ընդհանրական գաղափարներ եւ արժեքներ (հայրենիք, անկախություն, լեզու, մշակույթ եւ այլն) բոլոր այն հայորդիների համար, որոնք շատ թե քիչ պարտավորվածություն են զգում ազգի եւ հայրենիքի հանդեպ: Իսկ ազգային գաղափարախոսությունը, մեկ այլ ձեւակերպմամբ, այդ ընդհանրական` ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգն է:

- Իսկ ինչպե՞ս է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը համադրում ազգայինը եւ համամարդկայինը:

- Բնության բազմազանությունը, տեսակավորումը գոյություն ունեն ի սկզբանե: Ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի. մարդկությունը կազմում են ազգերը, եւ ամեն մարդ իր ազգությամբ մտնում է ընդհանուր մարդկության մեջ: Յուրաքանչյուր ազգ իր հոգեկերտվածքով ինքնատիպ է եւ անկրկնելի: Մարդկությունը հարուստ է ազգերով, եւ որեւէ ազգի կորստով աղքատանում է` կորցնելով զգալու, մտածելու եւ արտահայտվելու մի յուրահատուկ բնական ձեւ, մի առանձին հոգեաշխարհ: Հետեւաբար, այն, ինչ ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է մարդկության դեմ :

Անշուշտ, ազգային ինքնատիպությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում կամ ազգային եսականություն: Ազգերը, բացի առանձնահատկություններից, ունեն նաեւ ընդհանրական հատկանիշներ: Դրանք ակնառու են Աստծո հետ հարաբերությունները ճշտելիս (պատահական չի ասված, թե բոլոր ճշմարիտ կրոնները տանում են դեպի միեւնույն Աստված), ինչպես նաեւ` հասարակարգերի, տնտեսաձեւերի եւ գիտության հանդեպ մոտեցումներում: Սակայն այս բոլորն էլ իրենց վրա այս կամ այն չափով կրում են տվյալ ազգի կնիքը: Ըստ այդմ, յուրաքանչյուր ազգ ունի ի՛ր քրիստոնեությունը կամ ի՛ր սոցիալիզմը, կարելի է ավելացնել նաեւ` իրե՛ն հատուկ լիբերալիզմը, ի՛ր ընկալումներին համապատասխան դեմոկրատիան եւ այլն:

Այսպիսով, թեեւ բոլոր ազգերը` իբրեւ Արարչի ծնունդ, Հավերժի եւ Բացարձակի հարթության մեջ մերձենում են, սակայն յուրաքանչյուրն ունի դեպի Արարիչ տանող ի՛ր ճանապարհը, իսկ ավելի ստույգ` իրե՛ն տրված ճանապարհը : Սա՛ է ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը: Դա ասել է նաեւ, թե յուրաքանչյուր ազգային միայն կատարելության ճանապարհով է դառնում համամարդկային:

Ազգերի մշակութային մերձեցում (բայց ո՛չ ձուլում), գիտատեխնիկական, տնտեսական միավորում (եւ ո՛չ մեկուսացում), այսինքն` հոգեւոր-մշակութային ինքնատիպություն եւ քաղաքակրթական ընդհանրություն. այսպես ենք մենք հասկանում աշխարհի բնական կարգը, այսպիսին է ազգայինի եւ համամարդկայինի մեր ընկալումը:

- Ասացիք, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը պետք է բնորոշել իբրեւ ազգային պահպանողական: Որո՞նք են պահպանողականության հիմնական դրույթները եւ որքանո՞վ է մեր հասարակության համար ընկալելի պահպանողական գաղափարախոսության արժեհամակարգը:

- Ընդհանրապես, «պահպանողականություն» ասել է մարդկության (ավելի շուտ` նրա ընտրանու) կողմից դրականորեն գնահատված եւ պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանում: Այս իմաստով, հայկական պահպանողականությունը նկատի ունի հազարամյակներից մեզ ավանդված արժեհամակարգի` ժամանակի քննությանը դիմացած, մեր պատմական ուղին նախանշած արժեքների պահպանումը: Ու թեեւ ժամանակակից աշխարհում չկա պահպանողականության միասնական ընկալում եւ կան պահպանողական տարբեր հոսանքներ, այդուհանդերձ, կան առանցքային հասկացություններ, ընդհանրական սկզբունքներ, դրույթներ, որ բնորոշ են «պահպանողականություն» երեւույթին առհասարակ: Ըստ այդմ, պահպանողական աշխարհընկալմանը բնորոշ են`

  Հավատն առ Աստված ու նրա պատվիրանները :

  Նախապատվություն տալը մնայունին, հավիտենականին (հայրենիք, ընտանիք եւ այլն)` ի հաշիվ անցողիկի, ժամանակավորի (պետության կառավարման այս կամ այն ձեւը, հասարակության կազմակերպման որոշ մոդել եւ այլն):

  Մտածելակերպի կոնկրետությունը` համեմատ վերացականությունների .

Վերացական մտային կառուցվածքները, կատարյալ թվացող տեսական սխեմաները խորթ են պահպանողականությանը:

  Ավանդական (ազգային, կրոնական) արժեքների հանդեպ նախանձախնդրությունը :

  Ապադասակարգային բնույթը :

Հատկանշական է դասական պահպանողականության այն հիմնարար մոտեցումը, թե հասարակության բարելավումը պետք է իրականացվի մասնակի եւ փուլային բարեփոխումների ճանապարհով, եւ յուրաքանչյուր բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին : Ըստ այդմ, պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է հեղափոխականությունը, քանզի այն խախտում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Պահպանողականության խնդիրն է` բարեփոխումների միջոցով կանխել հեղափոխական իրավիճակները :

Պահպանողական արժեհամակարգում առանցքային տեղ ունեն հետեւյալ հիմնական հասկացությունները.

  Ավանդական ընտանիք : Պահպանողականները բացասական վերաբերմունք ունեն պաշտոնապես չգրանցված զույգերի, միասեռական զույգերի, մանավանդ վերջիններիս պաշտոնապես գրանցելու եւ երեխաներ որդեգրելու իրավունքի նկատմամբ: Պահպանողականությունն ընդունում եւ արժեւորում է միայն «դասական» ընտանիքը:

  Կրոնական կյանք : Պահպանողականները ընդունում են տվյալ հասարակության մեջ ավանդավորված կրոնական կյանքի նորմերը եւ սովորույթները` դրանց հետեւելը համարելով առողջ քաղաքական ու հասարակական կյանքի կարեւոր նախապայման: Նրանք բացասական վերաբերմունք ունեն տարբեր տեսակի աղանդների նկատմամբ:

  Բարոյական նորմերի հաստատուն համակարգ : Պահպանողականները հավատում են, որ գոյություն ունի Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հաստատուն համակարգ, որին հետեւելը ինչպես անհատի, այնպես էլ հասարակության սրբազան պարտքն է, եւ որից շեղվելու դեպքում` խախտվում է աշխարհի ներդաշնակ կարգը:

Պահպանողականության հիմնարար արժեքներից են նաեւ մասնավոր սեփականությունը եւ տնտեսական ազատականությունը :

Այժմ` Ձեր հարցի երկրորդ մասով:

Ընդհանրապես, հայ հասարակությունը ե՛ւ պահպանողական է, ե՛ւ անընդհատ նորին ձգտող : Նա հետամուտ է թե՛ իր բուն արժեքների պահպանմանը, թե՛ արդիականացումից հետ չմնալուն, նորը յուրացնելուն:

Սակայն, համաշխարհայնացման (գլոբալացման) արդի գործընթացները լուրջ մարտահրավեր են ազգային ինքնությանը եւ պետական ինքնիշխանությանը: Միաժամանակ, այսօր աշխարհում, լիբերալ-դեմոկրատական համակարգի ճգնաժամի եւ սոցիալիստական գաղափարների վարկաբեկման պայմաններում, զգալի վերելք է ապրում պահպանողականությունը:

Այս իմաստով, պահպանողականությունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգեւոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ` համաշխարհային զարգացումներից հետ չմնալու առումով : Ըստ այդմ, մեր հասարակության տարբեր շերտերին, համապատասխան քարոզչության դեպքում, այն ընկալելի է:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4