«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2010-11-09 | #206, 2010-11-10 | #207, 2010-11-11


ԱՆԿԵՂԾ ԵՂԵՔ

Իր վերջին ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը վերստին, կրկին եւ դարձյալ բողոքում է եվրոպական կառույցներից առ այն, որ նրանք հալած յուղի տեղ չեն դնում մի բուռ արմատականների ասածը եւ մեր երկրի այլ շրջանակների եւս լսում են, վերջում եզրակացնելով. «Միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Եվրոխորհրդի գործունեությունից դժգոհում են թե՛ Հայաստանի իշխանությունները եւ թե՛ ընդդիմությունըՙ փաստ, որն, ըստ այդ կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչների, վկայում է իրենց անկողմնակալության ու սկզբունքայնության մասին: Բայց այդ փաստը կարող է լինել նաեւ ճիշտ հակառակի ապացույցը, քանի որ եթե երկու կողմն էլ դժգոհում են, ապա դրանից դեռեւս ինքնաբերաբար չի բխում, թե որեւէ դատ անաչառ է կամ արդար»:

Է՛վրիկա: Այ մարդ, վերջ տվեք եվրոնվնվոցին, ուժեղացեք, եթե կարող եք, ժողովրդի մեջ գործոն դարձեք, թե չէ` այդ միամիտ եվրոդիմումներից չե՞ք հոգնում: Ինչ իմաստ ունի միջազգային կազմակերպությունների իներտությունը հաղթահարել, «հայաստանյան բռնատիրության դեմ պայքարելուց բացի», թե՞ Գյուլի միջազգային մրցանակը հանգիստ չի տալիս: Բացի այդ` արդեն բազմիցս համոզվեցիք, եւ Ձեր իշխանության ժամանակ էլ, ռասսլջոնթսոնները վկա, նույնպես եվրոչինովնիկները միշտ աշխատել եւ աշխատում են կառավարությունների հետ, այդպես նրանց համար ավելի հուսալի է, քան փողոցների ընդդիմությունների` մի օր այս, մի օր այն կոչերին տրվելը, իսկ որ Դավիթ Հարությունյանին եւ Արմեն Հարությունյանին փնովում եք` Դուք ավելի լավ կիմանաք, հատկապես Դավիթ Հարությունյանը Ձե՛ր կադրն է, ինքներդ Ձեզնից ու Ձեր կադրերի՞ց եք դժգոհում: Ընդունենք` ինքնաքննադատություն է, մեզանից ի՞նչ եք ուզում, ժամանակին մեկ ուրիշն էր «փայլուն լուծում բռնատիրական ռեժիմի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը խափանելու խնդիրը» Ձեզ համար, հիմա նա` ուրիշի համար, ի՞նչ տարբերություն: Կամ ժամանակին Դուք էիք պարտական մեկին («որ 100 տոկոս էլ հավաքեն` իշխանություն չենք տա»), հիմա էլ ուրիշները թող պարտական լինեն ուրիշ մեկին, հասարակությանն ի՞նչ` նա այն ժամանակ էլ էր տապակվում սեփական յուղի մեջ, հիմա էլ: Իսկ Դուք, ինչ է, կարծում էիք` մեր երկրում հնարավո՞ր է մարդու իրավունքների պաշտպան լինել: Ձեր ժամանակ դա հնարավոր է՞ր: Դուք ինքներդ անկե՞ղծ եք քաղբանտարկյալների ազատության համար պայքարում: Եթե Դուք մի թեթեւ անգամ ուզենայիք` Նիկոլն ազատ չէ՞ր լինի, բայց Ձեզ ձեռք չի տալիս եռանդուն, չբարդույթավորված երիտասարդ մարդու առկայությունը Ձեր շուրջը: Էլ չասած, որ Վանոյի վերադարձի ուրվականը եւս տանջում է Ձեզ: Ձեզ համար ուղղակի հաճելի է արտասանել «քաղբանտարկյալ» բառը իշխանությունների երեսին, դրա համար անգամ կարող եք երիտասարդ ու չկեղտոտված տղաներին ուղարկել ոստիկանների մոտ ծեծվելու: Ի՞նչ է Ձեր նպատակը, հասկանալի չէ, հատկապես հիմա: Իշխանության այլեւս գալ չեք կարող, Ձեր կողքին այն ստվար զանգված չէ եւ այն քաղաքական ուժերը չեն: Հայաստանն էլ այն վիճակում է, որ Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկը (որքան էլ խոսեն մեծամասնություն կազմելու եւ 50+1-ի մասին), չի կարող միայնակ դուրս գալ կաղացող տնտեսության, կոռուպցիայի վիշապի շոշափուկների տակից, դա պետք է անեն համաձայնությունների եկած ուժերը միայն: Իշխանությանը թուլացնելով` հո դուք չուժեղացա՞ք, թե՞ «ինձ չհասավ, թող մյուսին էլ չհասնի» չուզողությունն է աշխատում: Ուրիշ, անկապ կողմ կարող է շահել նոր գզվռտոցներից, որ երեւի ծրագրում եք հրահրել ապագայում, ու ոչ ոք չգիտի դեռ` ո՞վ է այդ երրորդ կողմը, չի՛ երեւում: Արդյո՞ք այդ կողմը մեր երկրի, մեր ժողովրդի համար նպաստավոր կողմ է, արդյո՞ք վատից հետո եկող վատթարի մտայնությունն է մեզ միշտ հետապնդելու: Որովհետեւ երկու հոգնած գազան որ կռվում են որսի համար, երրորդ մի անպիտան կենդանի է փախցնում որսը: Մի խելոք, ազգային, համազգային բան ասեք` ազգս ուրախանա, թե չէ այդ պոպուլիստական բառերին` ժողովրդավարություն, ազատություն, էլ եսիմ ինչ, անգամ դրանց հայր կամ նախաստեղծ երկրներում չեն հավատում: Կուզեինք այդ բառերը լինեի՛ն իսկապես, համապատասխանեին իրենց իմաստին, մենք էլ գնայինք ու գտնեինք դրանց իմաստը, բայց Դուք էլ գիտեք, որ այդ ամենը թատրոն է, այդ բառերն իրենց սիմվոլը դարձրած երկրներում ժողովրդավարություն նշանակում է տվյալ երկրի շահը` ուրիշների հաշվին, այդ երկրներում ազատությունն ուրիշներին (այլ պստիկ ու դմբո ժողովուրդներին) ստրկացնելն է, իսկ մեզ հետ թատերախաղի մեջ են իրենց շահի համար: Եթե Դուք լինեիք նախագահը` կարծում եք ա՞յլ իրավիճակ էր լինելու, եւ Արմեն Հարությունյանն ա՞յլ կերպ էր վարվելու, անկեղծ եղեք:

Ինչ վերաբերում է «Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին Աստրախան քաղաքում կայացած Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հերթական, արդեն յոթերորդ հանդիպմանը, ապա այդ փաստը միայն հաստատում է իմ այն պնդումը, որ Մինսկի խմբի առկայությամբ հանդերձ, ղարաբաղյան կարգավորման բուն գործընթացները տեղի են ունենում բոլորովին այլ ձեւաչափում» արտահայտությանը, որը Ձեր ելույթում այդպես էլ երկիմաստ ու կենտ մնաց` այ հենց այդտեղից էլ պետք է սկսեիք, քանի որ մնացած բոլոր դատողությունները վերաբերում էին դատական իշխանության անկախության վերաբերյալ Հայաստան-Եվրոմիություն սեմինարին ու նրա մասնակիցներին` կարող էիք գալ Շառլ Ազնավուրի հրապարակ եւ Ձեր ելույթը կարդալ, փոխանակ երեխեքին ուղարկելու ծեծուջարդի: Իսկ հանրահավաքում պետք է Աստանայի վերաբերյալ միտքը բացվեր, քանի որ մտքում առկա երկիմաստությունը դրա տեղը թողնում էր` Աստանայից առաջ շատերին պատած մտահոգությունը հարկ է որ երկրի ղեկավար եղած մարդու առավել ուշադրությանն արժանանար. գուցե մի խելացի խորհուրդ հնչեր առաջին նախագահից երրորդին` ազնիվ մտահոգությամբ, քանզի բանտարկյալների թեման հերթական անգամ եվրոպացիների երեսներով տալու թեմա է դարձել պարզապես: Թեեւ համոզված ենք` եթե առաջին նախագահը շատ ուզեցած լիներ, եւ բոլոր բանտարկյալներին հիմա բաց թողած կլինեին, եւ Նիկոլն ու Վանոն հասարակությանը վերադարձված կլինեին:

Չնայած` ելույթի սկզբում մի ակնարկ կար, թե եվրոչինովնիկների անգործությունն առ ընդդիմություն կապվում է աշխարհաքաղաքական նկատառումների` հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզելու ակնկալիքի հետ:

ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ ՀԱԿ-ի հանրահավաքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել է, որ սպառվել է Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծելու ժամանակը, եւ Աստանան հարցի լոիւծման ճանապարհին պատահական քաղաք չի լինելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4