Երբ ասուլիսային ասպարեզում հայտնվում է Գուրգեն Արսենյանը, ուրեմն ընտրությունները մոտենում են: Սա լրագրողներից մեկի կատակն է: Երեկ ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը եւ ԲՀԿ-ի պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսում էին բյուջեից, արտաքին պարտքից, ապագա խորհրդարանական ընտրություններից: Գուրգեն Արսենյանի կարծիքով նոր ընտրություններում պայքարն ընտրողի ձայնի համար է լինելու: Ըստ նրա` Հայաստանում նախընտրական կեղծ ստարտ է տրվել, իշխանությունը ուրիշ բան չունի ասելու, նախընտրական իրավիճակներ է ստեղծում: Թեեւ Հայաստանում այսօր այնպիսի բացառիկ իրավիճակ է, երբ երկրի երեք բարձրագույն պաշտոններում նույն քաղաքական ուժի ներկայացուցիչ են, բայց չեն ընդունում եւ կյանքի կոչում այն բացառիկ որոշումները, որոնք կբերեին երկրի վիճակի բարելավման: Նորություն է ասել Վարդան Բոստանջյանը: Եթե հիշում եք` նրա կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ապագա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն 50+1 տոկոս ձայներ պետք է ունենա. Վ. Բոստանջյանն այդ ձողաչափն ավելի է բարձրացրել` նշելով, թե 99,99 տոկոս ձայնի են ձգտում:
Արսենյանը նշել է Հայաստանի 3,7 դոլար արտաքին պարտքի մասին` ասելով, որ յուրաքանչյուր ընտանիքի վրա այդ պարտքի մի զգալի թիվ է ծանրանում. «Այդ պարտքը պետք է վճարեն մեր երեխաները` հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որ իր անունից պարտք է վերցվում», ասել է նա: Մինչդեռ Վ. Բոստանջյանը արտաքին պարտքի սպասարկման առումով մինչեւ այժմ խոցելիություն չի տեսել: