Ռուբեն Սահակյան: Այս անունը շատերին է հայտնի: ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն «Ոսկե մեդալ» շքանշանի արժանացած երգիչը, որտեղ էլ որ լինի, որ երկրում, որ բեմահարթակում, մշտապես ունի իր երգարվեստի անդավաճան երկրպագուները: 60-ականներին փոքրիկ Ռուբենը դպրոցական ցերեկույթներից մեկում աչքի ընկավ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից Սարոյի արիայի կատարումով: Հաջողությունը մեծ էր ու գնահատողների բանակը մեծաթիվ: Սակայն մարզում ծնված, ուսանած պատանին չէր կարող անգամ երազել, որ մի օր ինքը կհայտնվի Երեւանի օպերային թատրոնի բեմում ու կկատարի հենց Սարոյի պարտիան, այն էլ հայ ազգի սոխակ, մեծն Գոհար Գասպարյանի կողքին: Ռուբեն Սահակյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո հինգ տարի աշխատեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում: Նրան բացի Սարոյի («Անուշ») դերերգերից, վստահվեց նաեւ Սանթուրի («Դավիթ Բեկ»), Կարոյի («Արծվաբերդ»), Ալֆրեդի («Տրավիատա») եւ եւս երեք տասնյակ մեծ ու փոքր դերերգեր: Ռուբեն Սահակյանի ձայնային հնչեղ տեմբրը, գունային ելեւէջները ավելի հստակ դրսեւորվեցին, երբ նա սկսեց կատարել հայկական ժողովրդական, գուսանական ու աշուղական երգեր: Թողնելով օպերային բեմը, երգիչը համալրեց Հայֆիլհարմոնիայի ժող. գործիքների պետ. նվագախմբի կազմը (գեղ. ղեկ. Կառլեն Միրզոյան), որպես մենակատար: Հետագայում Ռուբենին հրավիրեցին Հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան համույթ ու սկսվեց երգչի աստեղային ժամը...
«Ազգը» խնդրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին բնորոշել երգիչ Ռուբեն Սահակյանի կատարողական արվեստը, նրա դերը հայկական ազգային երգերի մատուցման գործում: «80-ականներից եմ ճանաչել Ռուբեն Սահակյանին, երբ ինձ նշանակեցին Հայաստանի ժողգործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ասաց կոմպոզիտորը: Այդ տարիներին նվագախմբում կար երիտասարդ երգիչների հրաշալի խումբՙ Ֆլորա Մարտիրոսյան, Սուսաննա Սաֆարյան, Ռուբեն Սահակյան, Մանիկ Գրիգորյան, Լեւոն Իսպիրյան, Հրանուշ Ղազարյան եւ այլք: Այդ երիտասարդ երգիչները հռչակավոր Արամ Մերանգուլյանի անսամբլի անվանի երգիչների կարծես թե երկրորդ ալիքն էին: Եվ կյանքն այդպես էլ ապացուցեց, յուրաքանչյուրն իր տեղը գտավ ու արժանացավ պատվավոր ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Այդ կոչմանը արժանացավ նաեւ Ռուբեն Սահակյանը, որն իր խառնվածքով մնաց մաքուր, անաղարտ, ինչ-որ մի տեղ միամիտ մարդ: Իսկ որպես արվեստագետ, որպես երգիչ, նա հենց առաջին օրվանից աչքի ընկավ իր գեղեցիկ ձայնով, բնատուր օժտված պարգեւով, որը ճիշտ ժամանակին հղկվեց ու կատարելագործվեց: Հայ մեծ երգչուհի Տաթեւիկ Սազանդարյանի աշակերտը լինելով, Ռուբենը հարստացրեց իր ներաշխարհը, մասնագիտացավ դասական երգի բնագավառում: Ռուբեն Սահակյանի ձայնի ծավալը բավականին լայն է, կարեւոր հանգամանք օպերային երգչի համար, հնչողությունը շատ հարթ, ձայնի գույնն ու տեմբրը շատ գեղեցիկՙ դրամատիկ տենոր է եւ շատ երաժշտական: Ռուբենը մեծ պաթոսով կատարում է հայրենասիրական երգեր եւ այդ ժանրում նա կարողանում է դրսեւորել իր զորեղ ձայնը: Սակայն դրա կողքինՙ քնարական երգերում նրա մեղմ մեղեդիկ ձայնը հնչում է տպավորիչ, գեղեցիկ ու սրտամոտ: Ռուբենը ողջ կյանքում ձգտել է դառնալ երգիչ եւ դարձել է, վկանՙ նրա կատարումներն ու արխիվային ձայնագրությունները: Երգչի կոչումը, ձիրքը, էությունը ժողովրդական երգարվեստն է եղել: Օրերից մեկ օր Տաթեւիկ Սազանդարյանը ինձ երկտող գրեց, որում անդրադարձել էր Ռուբեն Սահակյանին, իր ուսանողին, եւ հատուկ շեշտել էր. «Ռուբենն իրեն գտավ: Այն, ինչ որ փնտրում էր, գտավ...»: Ռուբենը դարձավ ճանաչված երգիչ, հրաշալի մենակատար, որի բոլոր ելույթներն ընդունվում են բուռն ծափերով ու ողջույններով: Ես էլ եմ գտնում, որ Ռուբենը իր կյանքի ուղին ճիշտ է ընտրել եւ մաղթում եմ նրան ստեղծագործական նոր վերելքներ»:
Այո, Ռուբեն Սահակյանը հայ երգարվեստում իր տեղն ու դերն ունի իր անսահման նվիրումի ու աշխատասիրության շնորհիվ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ